Լրահոս

24.03.2014 17:09


ՀՀԿ–ական պատգամավորը «բոյկոտեց» գյումրեցիների ցուցահանդեսը

ՀՀԿ–ական պատգամավորը «բոյկոտեց» գյումրեցիների ցուցահանդեսը

Այսօր՝ ՀՀ ԱԺ–ում, հայ ժամանակակից կերպարվեստագետների ստեղծագործությունների բարեգործական ցուցահանդեսն է կազմակերպվել՝ ի շահ Գյումրիի Մերկուրովի անվան նկարչական դպրոցի վերականգնման։

Ցուցահանդեսին մասնակցել են ինչպես Գյումրիից ժամանած արվեստագետներ և հյուրեր, այնպես էլ ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորներ՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ։

«7օր»–ի թղթակիցը նկատել է, որ արմատներով գյումրեցի, ՀՀԿ–ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ով մինչ ցուցահանդեսի մեկնարկը շրջել է նախասրահում, բո՛ւն արարողությունը «բոյկոտել» է։

Նրա այս պահվածքը հատկապես ուշագրավ է վերջին շրջանում մամուլում շրջանառվող տեղեկությունների համատեքստում, որ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ, ՀՀԿ–ական Արտաշես Կարապետյանին՝ Նաիրա Կարապետյանի հորը, դե ֆակտո զրկել են աշխատանքային լիազորություններից։

Ի դեպ, ցուցահանդեսին Արտաշես Կարապետյանը նույնպես ներկա չի եղել։ Թե ինչո՞ւ, «7օր»–ի թղթակիցը հետաքրքրվել է Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանից։

–Նա առողջական խնդիրների պատճառով մի քանի օրով հետազոտման է գնացել,–ասել է փոխքաղաքապետը՝ պնդելով, որ ՀՀԿ–ական պատգամավորի հոր հետ կապված աշխատանքային որևէ խնդիր չկա.

–Ինքն իր տեղում աշխատում է, ուղղակի առողջական հարցեր կան, աշխատանքային մասով բեռը մի քիչ թեթևացվել է, և երբ նա ինքն իրեն արդեն առույգ կզգա, նորից կմտնի բնականոն հունի մեջ։

«7օր»–ի թղթակիցը Նաիրա Կարապետյանից էլ է հետարքրվել, թե ինչո՞ւ չմասնակցեց իր հայրենակիցների ցուցահանդեսին և ցուցադրաբար «բոյկոտեց» այն։

–Չե՛մ բոյկոտել,–պնդել է պատգամավորը՝ հավելելով,–մտեք լրավամիջոցներ, կարդացեք մեր հայտարարությունը Սիրիայի վերաբերյալ, կարծում եմ՝ դա այս պահին շատ ավելի հրատապ խնդիր է։ Իսկ ցուցահանդեսը ես մոտեցել, նայել եմ ժամը 13:00–ին՝ մինչև սկսվելը։

Այդուհանդերձ, Նաիրա Կարապետյանն այդպես էլ չի պատասխանել, թե ինչո՞ւ չմասնակցեց ցուցահանդեսի բացման արարողությանը։

–Տեսնում եք շտապում եմ, չե՛մ տալիս մեկնաբանություն,–բորբոքվել է ՀՀԿ–ականը և հեռացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը