Լրահոս

24.03.2014 18:52


Մանկական ստացիոնարներում նկատվում է շնչառական վարակների աշխուժացում

Մանկական ստացիոնարներում նկատվում է շնչառական  վարակների աշխուժացում

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` 2014 թվականի 11-րդ շաբաթվա ընթացքում եվրոպական տարածաշրջանում դիտվում է գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիության նվազում: Նվազել են նաև լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքով դեպքերը:

Իրականացված ամբուլատոր և ստացիոնար հետազոտությունները վկայում են, որ ներկայումս եվրոպական տարածաշրջանում շրջանառում է գրիպի Ա տեսակը (H1N1 պանդեմիկ և H2N3 ենթատեսակներ):

Տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, նույնպես դիտվում է սուր շնչառական վարակների նվազում: Նշված երկրներում ներկայումս շրջանառում է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը:

Հայաստանի Հանրապետությունում դիտվում է առաջնային բժշկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմելիության նվազում` համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ: Սակայն դիմելիության աշխույժացում է դիտվում մանկական պրոֆիլի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում` պայմանավորված 0-2 տարեկան երեխաների դիմելիությամբ: Կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում նշված քանակակազմում շրջանառվում են ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնևմովիրուսներ: Ներկայումս ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ չկան, իսկ հոսպիտալացված հիվանդները միջին ծանրության են, որոնց նկատմամբ կազմակերպվել է համապատասխան բուժում:

Համաձայն Շտապբուժօգնություն ՓԲԸ-ի օպերատիվ տվյալների` նվազել են սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով պայմանավորված կանչերը` համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի:

Վերջին 2 շաբաթվա ընթացքում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում շրջանառվում են ինչպես գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը, այնպես էլ շնչառական այլ վարակների հարուցիչները` ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնևմովիրուսներ:

Ելնելով վերը նշվածից և գրիպի ու դրա բարդություններից խուսափելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարությանը կրկին հիշեցնում է.

- խուսափե´ք հիվանդների հետ շփումից,

- եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը,

- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

- հագնվե´ք եղանակին համապատասխան,

- պահպանե´ք հազի և փռշտալու վարվերակարգը,

- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները:

Այս խորագրի վերջին նյութերը