Լրահոս

25.03.2014 14:28


650 հազար եվրո «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի համար

650 հազար եվրո «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի համար

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ 2014 թվականի մարտի 25-ին Երևանի «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում:

«Նպատակ է դրված, որ փաստաթուղթը չպետք է լինի շատ մեծ, ծավալուն, այսպես ասած`100 էջանոց, որպեսզի հետո չիմանանք` իրականացվեց, չիրականացվեց, որ մասն իրականացվեց: Նպատակն է կոնկրետ հակակոռուպցիոն գործողություններ նախատեսել փաստաթղթով»,-ասաց ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը նոր մշակվելիք հակակոռուպցիոն ռազմավարության մասին:

«Եվրոմիությունն ամրապնդել է իր աջակցությունը քաղաքացիական հասարակությանը ՀՀ-ում, և մենք ճանաչում ենք քաղհասարակության կարևոր դերը ինչպես Կառավարության երկխոսության գործընթացում ընդգրկվելու, այնպես էլ Կառավարությունից հաշվետվություն պահանջելու իր գործողությունների համար»,-նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը Տրայան Հրիսթեան:

«Կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն երկրի իշխանությունների խնդիրն է այլ առաջին հերթին քաղաքացիական հասարակության խնդիրն է, որովհետև եթե քաղաքացիական հասարակությունը չբարձրաձայնի, պահանջատեր չդառնա և օրակարգային չդարձնի այդ խնդիրն իշխանությունների համար, մենք դժվար թե կարողանանք մեծ քայլերով առաջ գնալ և հաղթահարել այս երևույթը»,-կարծում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:

Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում: Ծրագրի շրջանակներում կհզորացվեն ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մոնիթորինգի և վերահսկողության կարողությունները, հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով նրանց կտրամադրվեն փոքրիկ դրամաշնորհներ, ինչպես նաև հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմները ամրապնդելու համար ՔՀԿ-ների մասնակցությամբ կստեղծվի ՔՀԿ-կառավարություն կայուն երկխոսություն:

Միջոցառման շրջանակներում ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը ներկայացրեց ծրագիրը: Միջոցառմանը մասնակցեցին ներկայացուցիչներ միջազգային և պետական մարմիններից, քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, ԶԼՄ-ներից:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից (իրականացնող)՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ (գործընկեր): Ծրագրի տևողությունը 3 տարի է (2014 թվականի հունվարից 2016 թվականի դեկտեմբեր): Ծրագրի բյուջեն կազմում է 650.000 եվրո:

Այս խորագրի վերջին նյութերը