Լրահոս

25.03.2014 15:55


Երվանդ Բոզոյան. «Հայաստանը պետք է հայտարարի իր ակտիվ չեզոքության մասին»

Երվանդ Բոզոյան. «Հայաստանը պետք է հայտարարի իր ակտիվ չեզոքության մասին»

Այսօրվա ասուլիսին քաղաքագետ Երվանդ Բոզոյանն անդրադարձել է Ղրիմի հետ կապված աշխարհաքաղաքական զարգացումներին՝ դիտարկելով այդ գործընթացների ազդեցությունը Հայաստանի վրա։ Քաղաքագետը նշել է, որ Հայաստանը պետք է դասեր քաղի Ուկրաինայի դեպքերից։

«Ուկրաինական ճգնաժամն առաջացավ, երբ իշխանություն–ընդդիմություն հակամարտությունը վերածվեց աշխարհաքաղաքական պայքարի Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Դե ֆակտո Ուկրաինայի ողբերգության մեղքը կիսում են և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը, քանզի երկու կողմն էլ, ներքաշելով աշխարհաքաղաքական խաղացողներին հակամարտության մեջ, երկիրը հասցրին այդպիսի ծանր իրավիճակի։ Անշուշտ, ուկրաինական ողբերգության մեջ իրենց մեղքն ունեն նաև գերտերությունները։ Ռուսաստանի մեղքն այն է, որ ինքն աջակցում էր Յանուկովիչի նման վարկաբեկված անձնավորությանը, որի ռեժիմը, կարելի է ասել, վարկաբեկված էր ողջ ուկրաինական հասարակության կողմից։ Մյուս կողմից, օգտվելով այդ իրավիճակից, ԱՄՆ–ը խրախուսեց ուկրաինական ընդդիմության մեջ ընդգծված հակառուսական գործիչներին և ուժերին, և Ուկրաինայի, այսպես կոչված, Մայդանի հեղափոխության արդյունքում Ռուսաստանն արձագանքեց հենց այդպիսի ձևով»։

Սա, ըստ բանախոսի, պետք է Հայաստանի իշխանության և ընդդիմության համար առաջին դասը լինի, որպեսզի երկրի ներսում բոլոր տիպի խնդիրները ոչ մի դեպքում չդառնան սակարկման առարկա դրսի ուժերի համար։ Ցանկացած այդպիսի քայլ կլինի ի վնաս Հայաստանի, ինչպես դա եղավ Ուկրաինայի դեպքում։

Ինչ վերաբերում է Ղրիմի իրադարձություններին, Երվանդ Բոզոյանը նշել է՝ որպես դե ֆակտո իրողություն՝ Ղրիմը Ռուսաստանի մաս է կազմում՝ անկախ միջազգային հանրության համապատասխան արձագանքից, որը չընդունեց Ռուսաստանի նմանատիպ քայլը։ Եվ ամբողջ խնդիրն այն է, թե հետագա ինչպիսի զարգացումներ կգնան. արդյոք այդ լարվածությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կխորանա՞, թե ոչ։

Բանախոսը շեշտել է, որ Արևմուտք–Ռուսաստան լարվածությունն իր կնիքն է թողնում նաև մեր տարածաշրջանի վրա։ Այս պարագայում մնում է, որ Հայաստանը ճիշտ կողմնորոշվի, որպեսզի այս կոնֆլիկտում մեր ազգային շահը չտուժի. «Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը պետք է լինի չեզոք քաղաքականությունը, այսինքն՝ Հայաստանը պետք է հայտարարի իր ակտիվ չեզոքության մասին, իսկ ԼՂՀ–ն կարող է ողջունել Ղրիմի ինքնորոշման ակտը, քանզի Լեռնային Ղարաբաղն իր կարգավիճակով ըմբռնումով է ընկալում այն, ինչ կատարվում է Ղրիմում,–ասել է բանախոսը՝ հավելելով, որ իշխանություններին հաջողվում է պահպանել նման դիրքորոշումը,–եթե չհաշվենք որոշակի դրվագներ, որոնք կարող էին նաև չլինել։ Ես ի նկատի ունեմ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը Պուտինի հետ և Բրյուսելում Տիգրան Սարգսյանի պահվածքը, քանզի երկու տարբեր պահվածքները ստվեր գցեցին Հայաստանի պաշտոնական դիրքորոշման վրա, բայց, մեծ հաշվով, ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանություններն իրենց ճիշտ պահեցին։ Հայաստանի կողմից չեզոքությունը շատ կարևոր է, որպեսզի մենք մեր պահվածքով վնաս չհասցնենք Հայաստանին, հատկապես ԼՂՀ–ին։ Դուք գիտեք, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային միջնորդների մեջ են և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ–ի, և՛ Ֆրանսիայի ներկայացուցիչները։ Եվ այս առումով շատ կարևոր է, որ Հայաստանի այս դիրքորոշումն ըմբռնումով ընկալվի և՛ Մոսկվայում, և՛ Բրյուսելում, և՛ Վաշինգտոնում»։

Ինչ վերաբերում է Ղրիմի նմանությանն ու տարբերությանը Ղարաբաղին, բանախոսը նշել է. «Դիվանագիտական առումով շահավետ է, որ, ասենք, ոչ մի նմանություն չկա։ Ղրիմի ինքնորոշումը չի ընդունվել միջազգային հանրության կողմից, իսկ ԼՂՀ–ի ինքնորոշումը մենք ուզում ենք, որ ընդունվի... Բովանդակային իմաստով, իհա՛րկե, և՛ Ղրիմը, և՛ Կոսովոն, և՛ Ղարաբաղը, և՛ Աբխազիան շատ նման են իրար, քանի որ միջազգային հանրությունում տիրում է կատարյալ ցինիզմ, քանի որ Արևմուտքը ճանաչում է Կոսովոյի անկախությունը, բայց չի ճանաչում Ղրիմի ու Աբխազիայի անկախացումը։ Ռուսաստանը ճանաչում է Ղրիմի և Աբազիայի անկախացումը, բայց չի ճանաչում Կոսովոյի անկախությունը։ Սա հաշվի առնելով՝ Հայաստանը պետք է ավելի զգուշավոր քաղաքականություն վարի...»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը