Լրահոս

25.03.2014 17:16


Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը դատապարտել է Թուրքիայի գործողությունները Քեսաբում

Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը դատապարտել է Թուրքիայի գործողությունները Քեսաբում

Քեսաբում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ արձագանքել է նաև Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը։ Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանն ասել է, որ քեսաբցիների խնդիրն ի սկզբանե աշխարհի հայերի կողմից արժանվույն չի գնահատվել. իրենց կողմից մշտապես տրվող տեղեկատվությունը պետք է խթան հանդիսանար «ոտքի բերելու մեր աշխարհի հայ մարդկանց»։ Ազգային խորհրդի նախագահը կարևորել է Քեսաբը վերադարձնելը և օգնություն տրամադրելը վերջինի բնակչությանը։ Ներկայումս, ըստ Արմենակ Աբրահամյանի, քեսաբցիները գտնվում են ծանր պայմաններում. «Հիմա մեր ժողովուրդը բավականին դժվարության մեջ կապրի, հազարավոր ընտանիքները Լաթաքիայի, և ոչ մի օգնություն, ոչ մի բանով։ Եթե կհիշեք՝ ինչպես Ստեփանակերտի ժողովուրդը տեղափոխվեց Մարտակերտ, հիմա նույն կերպ մեր ժողովուրդը Լաթաքիայում է: Մենք պետք է տարբեր կազմակերպությունների միջոցով կամ պայմանավորվելով կառավարության հետ՝ Լաթաքիայի ժողովուրդին օգնություն տեղափոխենք»։

Քեսաբն իր ռելիեֆով, Աբրահամյանի խոսքերով, շատ նման է Արցախին, և այն վերադարձնելը դժվար կլինի։ Բանախոսն անդրադարձել է նաև զոհերի թվին, որը ստույգ չէ։ Նա նշել է միայն 80 խաղաղ բնակչի մահվան մասին։ Աբրահամյանը հայտնել է նաև, որ քեսաբցիների դեմ գործողություններին աջակցել է Թուրքիան։ Նա կոչ է արել այդ հարցը բարձրացնել ՄԱԿ-ի ԱԽ-ում. «Շատ կարևոր է, որ անմիջապես դիմենք և՛ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, և՛ ՄԱԿ-ի բոլոր ատյանները՝ տեղեկացնելու համար, թե ինչ է կատարվել, որովհետև, ինչպես քիչ առաջ ասացի, Թուրքիան՝ որպես պետություն, և իր կառավարությունը խախտեցին ՄԱԿ-ի որոշումները՝ կապված ահաբեկչական օգնության հետ: Մեր նպատակն է, որ ՄԱԿ-ը դատապարտի Թուրքիային»:

Այս խորագրի վերջին նյութերը