Մեկնաբանություն

26.03.2014 16:26


Արմեն Աշոտյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի–3

Արմեն Աշոտյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի–3

Կրթության և գիտության նախարարի հաստիքով սոցիալական ցանցերում «ֆեյք» աշխատող Արմեն Աշոտյանը կրկին հանդես է եկել հակասերժական հայտարարությամբ։

Լրագրողների հետ զրույցում նա մասնավորապես նշել է. «Քաղաքականությունն ինտելեկտուալ զբաղմունք է: Փողով քաղաքականություն վարելն անիմաստ է»։

Ինչպես ասում են՝ ոսկե խոսքեր։

Համաձայնե՛ք, որ Աշոտյանի այս խոսքերն այլ կերպ, քան ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին ուղղված քննադատություն դժվար է որակելը։

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը քաղաքականության մեջ ապավինում է բացառապես փողին (այլ կերպ տոկոս «խփել» հնարավոր չէր լինի. մարդկանց մեծ մասը հո ախմա՞խ չի, որ առանց անձնական «քյարի» կամ ընտրակաշառքի ձայն տա Սերժ Սարգսյանին)։ Դե, իսկ նրա ինտելեկտուալ կարողությունների մասին բազմաթիվ անեկդոտներ ու «պրիկոլներ» են հայտնվել մարդկանց բերանում։ Հերիք է՝ Սերժ Սարգսյանը գլուխը կտրի թղթից ու սկսի սեփական մտքերն արտահայտել, խիարն անմիջապես թարս է բուսնում։

Սերժի մտավոր կարողությունների դրսևորման փայլուն օրինակ էր Ղարաբաղի թեմայով նրա ելույթներից մեկը։

Ղարաբաղում մեծացած (ծննդավայրի պահով Սերժը դեռ չի կողմնորոշվել՝ Տեղի՞ց է, թե՞ Ստեփանակերտից), այնտեղ տարիներ շարունակ աշխատած, մի որոշ ժամանակ Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար եղած, ՀՀ պաշտպանության նախարար ու վարչապետ աշխատած, հետագայում էլ ՀՀ նախագահի աթոռին հայտնված Սերժ Սարգսյանը ղարաբաղյան հակամարտությունը միջազգային լսարանում որպես կրոնական պատերազմ ներկայացրեց։ Թեև, հանուն արդարության, պետք է նշել, որ նա այդ ժամանակ թղթից էր կարդում, բայց, միևնույն է, եթե կողքդ հավաքում ես այնպիսի թիմ, որ ղարաբաղյան կոնֆլիկտը որպես կրոնական պատերազմ է ներկայացնում ու դեմ տալիս քեզ կարդալու, ապա մեղավորությունը քոնն է։

Սերժի ինտելեկտուալ կարողություններին հայ ժողովուրդն ականատես եղավ հայ–թուրքական տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը մերոնց գոլ ուտելուց հետո «թռավ» Գյուլի դեմքին։

«Նախաձեռնողականության» արդյունքը եղավ այն, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը փաստացի մոռացության տրվեց, Թուրքիան ակտիվորեն մտավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մեջ, իսկ սահմանները մինչև օրս փակ են։ Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կմեկնի Թուրքիա ֆուտբոլ նայելու, եթե ունենանք բաց սահմաններ կամ լինենք բացման նախաշեմին։

Սերժ Սարգսյանի ինտելեկտուալության դրսևորման գագաթնակետը արտաքին քաղաքականության մեջ «և, և»–ի հայեցակարգն էր, որն ավարտվեց «ոչ, ոչ»–ով։

ԵՄ–ի հետ մոտ չորս տարի ասոցացման շուրջ բանակցող սուպերինտելեկտուալները մեկ գիշերվա մեջ Մաքսային միության «չուլանում» հայտնվեցին՝ ինքնանվաստացման ենթարկվելով։

Սերժ Սարգսյանի ու իր գործիք Տիգրան Սարգսյանի սուպերինտելեկտուալության մյուս դրսևորումներից է նաև այն, որ վերջին հինգ–վեց տարիների ընթացքում մեր երկրից հեռացել է շուրջ 300 հազար ՀՀ քաղաքացի, ՀՀ ՀՆԱ–ն կրճատվել է, աղքատների թիվը շատացել է և այլն, և այլն, և այլն։

Եթե Արմեն Աշոտյանի համար իշխանավորների ինտելեկտի վկայություն է այն, որ մեր երկրի տնտեսության թուլացման ֆոնին իր ու իր շեֆերի անձնական եկամուտներն աճում են, ապա նկատենք, որ դա ինտելեկտի հետ կապ չունի։ Դա ուրիշ բան է, որի մասին հանրամատչելի գրված է ՀՀ քրեական օրենսգրքում։ Աշոտյանը կարող է այն կարդալ ու համոզվել։

«Խոխման» այս պատմության մեջ այն է, որ Աշոտյանին թվում է, որ եթե ինքն ու իր թիմակիցները պետբյուջեի հաշվին «Что? Где? Когда?» են խաղում ու հեռուստադիտողի մոտ փորձում խելոք մարդու տպավորություն թողնել, ապա ինտելեկտուալներ են։

Աշոտյանին ու իր թիմակիցներին պետք է հիշեցնել, որ

–ամեն սև բան Օթելլո չէ,

–ամեն խոսող բան գլուխ չէ,

–ամեն գլուխ չէ, որ պետք է խոսի,

–ամեն կանաչ բան խիար չէ՝ թեկուզև թարս բուսնած տարբերակով,

–Սերժ Սարգսյանին ինքնամոռաց պաշտպանելն էլ խիարի պես բան է. մեկ էլ տեսար՝ թարս է բուսնում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը