Տնտեսական

26.03.2014 17:06


ԲՀԿ–ական պատգամավոր. «Սա վաշխառություն է»

ԲՀԿ–ական պատգամավոր. «Սա վաշխառություն է»

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ են միջազգային կառույցներից ցածր տոկոսներով վարկ ստանալով՝ անհասկանալի պահումներով՝ մինչև 30%–ով այդ վարկը տրամադրում գյուղացիներին։

Հարցին Տիգրան Սարգսյանը չի պատասխանել՝ իր փոխարեն ամբիոնի մոտ ուղարկելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին։

–Չափազանց բարդ հարց է։ ՀՀ–ում բանկային տոկոսադրույքները չափազանց բարձր են և ոչ միայն գյուղացիների, այլ նաև փոքր ու միջին ձեռնարկատերերին վարկեր տրամադրելու հարցում։ Ոչ մեկի համար ընդունելի չէ, և ինձ համար նույնպես՝ որպես նախարարի, շատ անհանգստացուցիչ է տոկոսների բարձր լինելը,–խոստովանել է նախարարը։

Այնուհետև նա տնտեսագիտական տերմինալոգիայով սկսել է բացատրել, թե ինչու են ՀՀ–ում վարկային տոկոսադրույքներն այդքան բարձր։

ԲՀԿ–ական պատգամավորը հակադարձել է՝ հարցնելով. «Հետաքրքիր է՝ Ձեր պատասխանը եթե սովորական գյուղացին լսեր, ի՞նչ կհասկանար»։

Լ. Խաչատրյանը նաև ավելացրել է, որ կառավարությունն արդեն նոր բաներ է հորինել՝ կապակցված, փոխկապակցված և այլ բառեր օգտագործելով։

–Իսկ իրականում ամբողջ ազգով, գյուղով մի վարկի պատճառով ընկել են վարկի տակ։ Սա վաշխառությո՛ւն է,–հայտարարել է ԲՀԿ–ական պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը