Լրահոս

28.03.2014 12:20


«Операция «Ы» и другие приключения Шурика»

«Операция «Ы» и другие приключения Шурика»

Մեր երկրի ղեկավարի «նախաձեռնող» պահվածքը վերջերս ինձ հիշեցնում է «Операция «Ы» и другие приключения Шурика» կինոյից բոլորիս հայտնի հատվածը: Բայց դե, բոլորիս էլ պարզ է, որ փորձելով ամեն տեղ նետվել՝ մարդն արդյունքում տապալում է ամեն ինչ: Այդպես էլ մեր երկրի նախագահն է:
Սկզբից, առանց երկար-բարակ մտածելու ու հնարավոր վտանգներ հաշվարկելու, նախաձեռնեց «ֆուտբոլային դիվանագիտությունը», որի շրջանակներում քաղցր-քաղցր ժպտաց ու ծափահարեց, երբ թուրքերը մեր դարպասներին գոլ խփեցին, ուրացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիատակը` համաձայնվելով դեպքերն ուսումնասիրող պատմական հանձնաժողով ստեղծել, իսկ հետո, երբ հայտնվեցին բոլորիս հայտնի նախապայմանները, մեր հարգարժան Սերժ Սարգսյանը հանկարծ հիշեց Հայաստանի և Արցախի անվտանգության մասին և նետվեց ռուսների գիրկը` 49 տարով երկարացնելով ռուսական ռազմաբազաների տեղակայման մասին պայմանագիրը:
Հետո Սերժ Ազատիչը որոշեց, որ կարելի է ասոցացվել ԵՄ-ի հետ, և հետո՞ ինչ, որ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, բայց չէ՞ որ մենք «և, և»–ի քաղաքականություն ենք վարում, և այդքան «сами с усами»-ի ենք, որ կարող ենք պարզապես անտեսել միջազգային դաշտի խաղի կանոնները և հաշվի չառնել առկա իրավիճակը: Արդյունքում «ասոցացման գործընթացի» վրա մեծ ռեսուրսներ են ծախսվում, երկրի վարչապետը փրփուրը բերանին պաշտպանում է այդ գաղափարը, բայց մի քանի ժամվա ընթացքում մեր հարգարժան Սերժ Սարգսյանը հանկարծ հիշում է, որ մենք անվտանգության խնդիր ունենք, և ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրելով՝ դե ֆակտո կանգնում ենք պատերազմի առաջ: Եվ սփրտնած դեմքով Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ մենք միանում ենք ՄՄ-ին, և այլ կերպ նույնիսկ չէր էլ կարող լինել (և այստեղ հարց է առաջանում` բա եթե չէր կարող լինել, ապա ինչո՞ ւ եք պետական ռեսուրսները ծախսել այդ գործընթացի վրա, բայց դե, սա, իհարկե, հռետորական հարց է): Այս ամենի արդյունքում մենք արժանացել ենք «ոչ վստահելի գործընկեր միջազգային հարաբերություններում» «պատվավոր» կոչմանը, երկրի խնդիրները և այս ամենից բխող բացասական հետևանքները մնացել են անտեսված, իսկ Սերժ Սարգսյանը «թունդ արևմտամետից» դարձել է «ՄՄ-ի վկա»:
Եվ ահա, պարզվեց, որ չնայած այն հանգամանքին, որ ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու (ինչը բավականին տրամաբանական և ճիշտ որոշում էր) ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի ներկայացրած բանաձևի նախագծին, որով անվավեր է ճանաչվում Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն, երեկ մենք դեմ ենք քվեարկել այդ բանաձևին, և թքած, կներեք արտահայտությանս համար, որ դա բոլորովին չի բխում երկրի շահերից, որ ունենք Ուկրաինայում ապրող մոտ 300 հազար հայ, որ Հայաստանը դե յուրե չի ճանաչել Ղարաբաղի անկախության հանրաքվեն, և այդ դեպքում լրիվ անտրամաբանական էր Ղրիմի հարցում կողմ քվեարկելը:
Մի խոսքով, մեր երկրի նախագահի աթոռին նստած մարդը նորից անտեսեց Հայաստանի շահերը, և արդեն պարզ է, որ այս քայլն անպատասխան չի մնա, և կարելի է միայն կռահել, թե ինչ բացասական հետևանքներ կունենա այն մեր երկրի համար: Սակայն հստակ կարելի է արձանագրել, որ նմանատիպ օրինակների ցանկն այլևս շարունակվելու տեղ չունի, քանի որ երկրի ռեսուրսներն անսահմանափակ չեն, և խայտառակ սխալների քանակը՝ նույնպես:

Սերժ Սարգսյանի այս խայտառակ նախաձեռնողական քաղաքականության պատճառով երկիրը կարող է պարզապես մի օր «պրծնել», և, կարծում եմ, արդեն ժամանակն է դրա վրա լուրջ ուշադրություն դարձնել և համապատասխան քայլեր ձեռնարկել, այլապես կարող է ուշ լինել:

Նինա Մարգարյան
www.youtube.com/watch?v=OwRN22dtjIk

Այս խորագրի վերջին նյութերը