Լրահոս

28.03.2014 20:17


Սերժ Սարգսյան. «Այսօր արդեն, փառք Աստծո, գոնե որևէ մեկը չի խոսում գազի գնի մասին»

Սերժ Սարգսյան. «Այսօր արդեն, փառք Աստծո, գոնե որևէ մեկը չի խոսում գազի գնի մասին»

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն: Շրջայցից հետո, նա խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ:

Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նա կարևորել է աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ շարունակական և հետևողական ջանքերը.
«Ցանկացած լավագույն որոշում ընդամենը աշխատանքի կեսն է: Իհարկե, շատ լավ որոշում է ատոմակայանի նոր բլոկ կառուցելը, բայց լավ որոշում ունենալը գործի կեսն է միայն: Մենք պետք է կարողանանք ընդունված այդ որոշման մասին գրագետ և ժամանակին բացատրություններ տալ, որպեսզի մարդիկ հասկանան որոշման կարևորությունը: Եթե մենք այսքանը չենք ապահովում, ապա բարդությունների առաջ ենք կանգնում։ Բերեմ կոնկրետ մեկ օրինակ. տեսեք՝ այսօր գազի գինը բոլորիս՝ ինձ էլ, մեր բոլոր քաղաքացիներին էլ, մտահոգում է, չէ՞: Եվ այսօր արդեն, փառք Աստծո, գոնե որևէ մեկը չի խոսում գազի գնի մասին, որ ամրագրված է «Գազպրոմի» հետ պայմանագրում: Ինչո՞ւ չեն խոսում, որովհետև ամենացածր գինն է, որ Ռուսաստանը տալիս է որևէ երկրի, և երկրորդ՝ մի քանի անգամ մենք սրա մասին խոսեցինք, ասացինք, մարդիկ հասկացան, հասկացան նաև, որ այդ պայմանագիրը հինգ տարով ամրագրում է այս գինը, և այն կապակցված է Ռուսաստանի Դաշնության ներքին գների հետ, որոնք առանձնապես չեն աճելու կամ աճելու են առավելագույնը տարեկան մինչև հինգ տոկոս: Դա, իհարկե, ցանկալի չէ, բայց այնպիսին չէ, ինչ-որ նախկինում էր: Ավելին՝ այս մասին գիտեն ոչ միայն մեր քաղաքացիները, այս մասին գիտեն նաև արտերկրյա գործարարները, որոնք տեսնելով կանխատեսելիությունը և գինը, արդեն մտածում են իրենց էներգատար արտադրությունները Հայաստանում տեղակայելու մասին: Արդեն ունենք այդպիսի օրինակներ: Նրանք անգամ համարում են, որ կարող են այստեղից իրենց արտադրանքն առանց խոչընդոտների արտահանել նաև Մաքսային միության այլ երկրներ: Սա, իհարկե, շատ լավ է, բայց կա նաև երկրորդ հանգամանքը. մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս է ստացվում, որ մենք ստանում ենք ամենաէժան գազը սահմանի վրա, բայց սահմանից մինչև իրենց բնակարան բավականաչափ թանկանում է: Եվ սրա մասին մենք քիչ ենք խոսում: Մենք պետք է խոսենք, հասկանո՞ւմ եք, սա մեր աշխատանքն է: Այս նախարարության աշխատանքն է նաև: Մենք պետք է մարդկանց բացատրենք, թե այդ գումարները որտեղի՞ց են առաջանում: Այդ ի՞նչ ավելացումներ են այդ էժան գազի վրա, որ բերում հասցնում են դրան: Մարդկանց պետք է բացատրել, որ մենք եթե այդ միջոցառումները չանցկացնենք, եթե խողովակ չփոխենք, եթե ժամանակակից սարքավորումներ չդնենք և այլն, վաղը, մյուս օրը մենք կարող ենք շատ մեծ խնդիրների առջև կանգնել: Մեզնից յուրաքանչյուրն է պարտավոր դա անել: Այնպես եմ հասկանում, որ այստեղ նստած յուրաքանչյուրն ինձնից շատ լավ գիտի, թե ինչ է այդ ամենը նշանակում և նույնքան լավ գիտի, թե դեկտեմբերի 30, 31, 1-ին ի՞նչ քանակությամբ գազ և էլեկտրաէներգիա ենք օգտագործում, որը մի քանի անգամ գերազանցում է սովորական օրերի միջին ծախսը: Բայց որպեսզի կարողանանք դա անխափան օգտագործել, մենք պետք է ներդրումներ անենք: 30 տարվա խողովակով, 40 տարվա խողովակով չես կարող այդ ճնշումները բաց թողնել, չես կարող այդ մատակարարումներն անել: Ես ուրախ եմ, որ այս հարցով նաև Ազգային ժողովի հանձնաժողով է ստեղծվել: Սա շատ լավ, լուրջ առիթ է, որպեսզի մեկ անգամ ևս այս հարցերն ուսումնասիրվեն: Մենք թաքցնելու ոչ մի բան չունենք: Թող գնան ուսումնասիրեն, ներկայացնեն հանրությանը»,-ասել է Սերժ Սարգսյանը:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը