Լրահոս

29.03.2014 10:48


Սերժ Սարգսյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել

Սերժ Սարգսյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել

«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սերժ Սարգսյանը երեկ այցելել է ՀՀ բնական պաշարների և էներգետիկայի նախարարություն, որտեղ արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, հանդես է եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով: Անդրադառնալով էներգետիկ գործարքների հետ կապված հանրության շրջանում առկա դժգոհությանը՝ Ս. Սարգսյանն ասել է. «Ցանկացած լավագույն որոշում ընդամենը աշխատանքի կեսն է: Մենք պետք է կարողանանք ընդունված որոշման մասին գրագետ և ժամանակին բացատրություններ տալ, որպեսզի մարդիկ հասկանան որոշման կարևորությունը»: Համաձայնեք, որ բացառիկ ցինիզմ պետք է ունենալ՝ հատկապես էներգետիկ ոլորտում ընդունված որոշումների կապակցությամբ նման հայտարարություններ անելու համար:

Այն դեպքում, երբ ոլորտը համակարգող Արմեն Մովսիսյանը տարիներ շարունակ նույն Սերժ Սարգսյանի անմիջական հրահանգով զբաղված է եղել ՀՀ էներգետիկ հզորություններն իրենց իրական արժեքից մի քանի անգամ ցածր գնով օտարելու տարբեր մութ գործարքները թաքցնելով, նույն գազի հարցով հանրությանն ու քաղաքական ուժերին մոլորեցնելով և անվերջ խուսանավելով, նման հայտարարություններն ուղղակի զավեշտալի են: Սերժ Սարգսյանը բերել է գազի սակագնի օրինակը՝ նշելով, որ հանրության շրջանում տարված բացատրական աշխատանքից հետո մարդիկ հասկացել են, որ ՀՀ-ում գազի գինն առաջիկա 5 տարում չի բարձրանալու: Մինչդեռ ընդամենը երկու օր առաջ ՌԴ-ում գազի սակագնի բարձրացման հետևանքով Հայաստանում գազի գնի թանկացման մասին հարցին նույն Արմեն Մովսիսյանը դարձյալ խուսափողական պատասխան տվեց:
Ս. Սարգսյանը նաև ասել է, թե ուրախ է, որ գազի հարցով ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողով է ստեղծվել: «Սա շատ լավ, լուրջ առիթ է, որպեսզի մեկ անգամ ևս այս հարցերն ուսումնասիրվեն: Մենք թաքցնելու ոչ մի բան չունենք: Թող գնան ուսումնասիրեն, ներկայացնեն հանրությանը»: Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ցանկանում էին ժամանակավոր հանձնաժողով ստեղծել նաև «Նաիրիտի հարցով», և անհասկանալի է, թե ինչու այդ դեպքում Սերժ Սարգսյանը նույնպիսի ուրախություն չդրսևորեց: Արդյոք ոչ այն պատճառով, որ «Նաիրիտ»-ի հարցում թաքցնելու շատ բան կա:

Եվ վերջում՝ կայացված որոշումները հանրությանը գրագետ և ժամանակին ներկայացնելու Սերժ Սարգսյանի հորդորին ի պատասխան՝ արժե հիշեցնել, որ «Որոտանի հէկ-երի» վաճառքի կասկածահարույց գործարքի վերաբերյալ Աժ պատգամավորի հարցին ՀՀ կառավարությունը խուսափեց պատասխանել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը