Կոչ՝ տրանսպորտային միջոցները շահագործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ի, ժամը 9.30-ի դրությամբ, Մարտունու, Վարդենիսի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի և Լաչինի տարածաշրջաններում տեղում է ձյուն, ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, ինչը դժվարանցանելի, իսկ որոշ հատվածներում (Ապարան, Մաստարա, Արթիկ, Սպիտակի ոլորաններ, Հրազդան) վտանգավոր է դարձնում մեքենաների երթևեկությունը: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից վարորդներին ցուցաբերվում է օգնություն:
Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Հիշեցնենք, որ նախորդ գիշերվանից հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Երևանում և հանրապետության ճանապարհներին:
Տեղացած ձյունը բարդություններ էր ստեղծել ճանապարհային երթևեկության համար. դժվարանցանելի էին Երևանի փողոցներն ու մարզային ճանապարհները, մասնավորապես` Երևան-Գյումրի, Երևան–Վանաձոր ուղղությունները, իսկ Վանաձոր-Վրաստան միջպետական ճանապարհին առկա էր ճանապարհահատվածի փլուզում և ավտոմեքենաների կուտակում:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` ճանապարհային ոստիկանության, արտաքին ծառայության, ոստիկանության զորքերի ստորաբաժանումները մարտի 30-ի վաղ առավոտից ուժեղացված ծառայության էին անցել և´ մայրաքաղաքում, և´ մարզերում. վերահսկվում էին փողոցներն ու ճանապարհները, պահակակակետեր էին գործում վտանգավոր ճանապարհահատվածներում, ոստիկանները համակարգում էին ճանապարհաշինական բրիգադների և ձնամաքրիչ տեխնիկայի աշխատանքը, օգնում ձյան տակ մնացած մեքենաների ուղևորներին, կազմակերպում նրանց տարհանումը, անհրաժեշտության դեպքում` մոտակա բնակավայրերում ժամանակավոր օթևանի տրամադրումը:
Ոստիկանության ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունը շարունակվում է:
Վարորդներին կրկին կոչ ենք անում տրանսպորտային միջոցները շահագործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Կոչ՝ տրանսպորտային միջոցները շահագործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում