Տնտեսական

31.03.2014 11:35


ՍԴ անդամը Ներսես Երիցյանին. «Ի՞նչ իրավունքով է ԿԲ–ն մեկնաբանել ՍԴ որոշումը»

ՍԴ անդամը Ներսես Երիցյանին. «Ի՞նչ իրավունքով է ԿԲ–ն մեկնաբանել ՍԴ որոշումը»

Սահմանադրական դատարանում շարունակվում է «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքի մի շարք դրույթների սահմանադրականության վերաբերյալ հարցի քննարկումը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Կենտրոնական բանկի ներկայացուցիչ Ներսես Երիցյանին հարցրել է, թե քանի՞ մարդ է ընտրել ֆոնդ և կառավարիչ։

–Այս պահին 5337 մարդկանց 30%–ը պատրաստ է լռելյայն տարբերակ ընտրել՝ ընտրել չընտրելու տարբերակը: Առնվազն 10 հազար մարդ գիտակցված ընտրել է չընտրելու տարբերակը՝ թողնելով համակարգչին: 2014թ-ի մարտի 27-ի դրությամբ՝ 127000 մասնակցի համար գործատուների կողմից կատարվել են փոխանցումներ,-ասել է Ն. Երիցյանը։

Նա նաև նշել է, որ իրենց համար, որ թվերի մեջ թաղված են, ակնհայտ է այս համակարգի ներդրման արդյունավետությունը, իսկ մարդկանց դա բացատրելու համար ժամանակ է պետք։

ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանն էլ Ներսես Երիցյանից հետաքրքրվել է՝ Կենտրոնական բանկն ի՞նչ լիազորություն ունի՝ մեկնաբանելու ՍԴ որոշումները: Խոսքը հունվարի 24-ին ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունները կասեցնելու ՍԴ որոշման մասին է, որը ԿԲ–ն իրեն իրավունք էր վերապահել մեկնաբանել։

–Ի՞նչ իրավունքով եք մեկնաբանություններ տարածում, մի բան էլ՝ գնահատականներ տալիս,–հարցրել է ՍԴ անդամը։

Ն. Երիցյանն արդարացել է, որ իրենք իրենց նման իրավունք չեն վերապահել, չեն էլ մտածել, որ մեկնաբանում են։

–Պարզապես մեր պրոֆեսիոնալ ենթադրությունների ընթացքում եզրակացության ենք եկել վիճակը որոշակիորեն կարգավորելու համար,–ասել է Ն. Երիցյանը:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ևս հորդորել է Ներսես Երիցյանին ՍԴ հարցերին պատասխանելիս էլ գնահատականներ չտալ։

ՍԴ մեկ այլ անդամ Կիմ Բալայանն էլ, անդրադառնալով Ներսես Երիցյանի պարզաբանումներին, նկատել է.

–Լավ կլիներ՝ ժամանակին այսպես բացատրեիք հանրությանն այս համակարգը, որ նրանք ծափահարություններով ընդունեին։ Հիմա այնպես եք ներկայացնում, որ կարծես ոչ մի ռիսկային պահ չկա այս համակարգում, ու ավանդ ներդնողն ավելի քիչ է ստանալու, քան այս համակարգից օգտվելու դեպքում,–ասել է ՍԴ անդամը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը