Լրահոս

01.04.2014 22:02


Հայկական զինուժի կորուստները 2014-ի մարտին

Հայկական զինուժի կորուստները 2014-ի մարտին
Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի մարտի 1-ից 31-ն ունեցել է 5 զոհ և 2 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվն ավելացել է 4-ով:
տարբերանշան
Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:
Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։
Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։
Աղբյուրներ
Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները ու այլ բաց աղբյուրները։ Զեկույցը կազմելիս որոշ ճշտումներ արվել են նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի հետ։
Կորուստներ
2014 թվականի մարտ ամսվա 5 կորուստներից 4-ը մարտական են, իսկ մյուսը՝ ավտովթարի հետևանք:
4 մահ գրանցվել է Պաշտպանության բանակում, մյուսը եղել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի զինծառայող:
Մարտական կորուստներ
-ՊԲ Մարտակերտի զորամասերից մեկի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ մարտի 19-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել 1994 թվականին ծնված զինծառայող Արման Արտյուշայի Ղուկասյանը: Հաջորդ օրը Արցախի նախագահ Բակո Սահակյանն Արման Ղուկասյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայություն մեդալով։
-Մարտի 24-ին՝ ժամը 09:50-ի սահմանում, Պաշտպանության բանակի՝ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ զոհվել է 1992-ին ծնված զինծառայող Գառնիկ Վահանի Թորոսյանը: Ռազմինֆոյի ունեցած տվյալներով զինծառայողը զոհվել է դիպուկահարի կրակից:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 Հոդվածի 2 Մասի 13 կետի (Սպանությունը՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հատկանիշներով:
- Մարտի 27-ին ժամը 13:10-ի սահմանում Պաշտպանության բանակի Մարտունու ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995 թվականի ծնված Արայիկ Ռոմիկի Բաբայանը:
Ռազմինֆոյի ունեցած տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը զոհվել է ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կրակից։
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 Հոդվածի 2 Մասի 13 կետի (Սպանությունը՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հատկանիշներով:
-Մարտի 31-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետևանքով զոհվել է 1987 թվականի ծնված ավագ լեյտենանտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը:
Ավտովթար
Մարտի 8-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, կոչումով ենթասպա Եսայի Վարուժանի Եսայանը:
Միջադեպը չի քննվում պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում:
Վիրավորներ
Հայկական զինուժը 2014 թվականի մարտ ամսվա ընթացքում ունի հայտարարված 2 վիրավոր:
-ՀՀ պաշտպանության նախարարության Արմավիրի մարզում տեղակայված զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Գոռ Հ-ն զենքը մաքրելիս պատահմամբ վնասել է ինքն իրեն։ Գոռ Հ.-ն ստացել է ձախ ազդրի ու սրունքի փափուկ հյուսվածքների միջանցիկ վիրավորում:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 363 հոդվածի առաջին մասով: Այն է` անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը:
-Մարտի 19-ին Մարտակերտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ վիրավորվել էր սպա Վարազդատ Զաքարյանը: Վիրավորված սպայի վիճակը Ստեփանակերտի հոսպիտալում գնահատում են նորմալ:
Նշենք, որ սպան հրազենային երկու վիրավորում ունի՝ զույգ ազդրերի ու սրունքի սահմաններում։ Վերքից գնդակը հանելու համար վիրահատական միջամտություն է կատարվել, որից հետո Զաքարյանին տեղափոխել են հիվանդասենյակ։
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվաժի 3-րդ մասով: Այն է` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 1-ից 31-ը հայկական զինուժն ունեցել է 4 զոհ և 1 վիրավոր։ Իսկ փետրվարի 1-28-ը` 1 զոհ: Այսպիսով, այս տարի հայկական զինուժը կորցրել է 10 զինծառայող։

Այս խորագրի վերջին նյութերը