Մեկնաբանություն

01.04.2014 19:59


Կոնսենսուս մինուս Սերժ և Տիգրան Սարգսյաններ

Կոնսենսուս մինուս Սերժ և Տիգրան Սարգսյաններ

Դուր է գալիս ոմանց, թե դուր չի գալիս, ուզում են ոմանք, թե չեն ուզում՝ քաղաքական դաշտում ջրբաժան է առաջացել։

Սև–սպիտակային այս իրավիճակում կան երկու քաղաքական սուբյեկտներ։ Մի կողմում Սերժ Սարգսյանն ու իր նեղ թիմն են, մյուս կողմում՝ ԱԺ չորս ոչիշխանական ուժերը՝ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն ու «ժառանգությունը», ինչպես նաև արտախորհրդարանական քաղաքական միավորները, քաղաքացիական խմբերը և ՀՀ ապագայով մտագոհ քաղաքացիները, այսինքն՝ հանրության ճնշող մեծամասնությունը (ըստ Սերժ Սարգսյանի՝ 80 %)։ Ասել է թե՝ գործ ունենք «Կոնսենսուս մինուս Սերժ և Տիգրան Սարգսյաններ» բանաձևի հետ։

Ոչիշխանական ուժերն, ինչպես հայտնի է, համաձայնության են եկել տիգրանսարգսյանական ապաշնորհ կառավարության հրաժարականի, նոր՝ ազգային համաձայնության կառավարության ձևավորման և փուլային (անցնցում) տարբերակով ամբողջական իշխանափոխության իրականացման հարցում։

«Հրաշալի քառյակի» այսօրվա համատեղ քննարկումներից հետո ՀՅԴ–ական Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենք ապրիլի 28–ից համատեղ շուրջօրյա հանրահավաքներ են անելու։ Մինչև այդ կլինեն համատեղ այլ ակցիաներ։

Օրերս էլ ԲՀԿ–ն կոչ էր արել իշխանություններին ընդառաջ գնալ չորսի պահանջին ու չտանել երկիրը ցնցումների ճանապարհով, այլապես խոստանալով բարիկադներ և կոշտ հակադրություն։

Մի խոսքով, ոչիշխանական ուժերի «մեսիջն» ուղղված հանրությանն ու Սերժ Սարգսյանին շատ հստակ է՝ կա՛մ Սերժ Սարգսյանը հարգում է իր իսկ խոսքն ու լուծարում է այս կառավարությունը և տուն ուղարկում օֆշորային, բիոզուգարանային, «ատկատային» ու «տենդերային» սկանդալների մեջ թաղված Տիգրան Սարգսյանին, կա՛մ սկսվում է «ռասկաչկան» և այդ դեպքում Սերժ Սարգսյանը, սեփական անհեռատեսության պատճառով, չի խուսափի Յանուկովիչի ճակատագրից (դա լավագույն դեպքում)։

Ինչ վերաբերում է հանրությանը, ապա չորս ուժերը կոչ են անում ՀՀ քաղաքացիներին գալ հրապարակ, միանալ իրենց պահանջին ու համատեղ ուժերով հասնել այնքան սպասված փոփոխություններին։

Ամեն ինչ մեր ձեռքերում է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը