Մեկնաբանություն

02.04.2014 13:00


Ովքե՞ր են բարիկադներ կառուցում

Ովքե՞ր են բարիկադներ կառուցում

Պատմական օրինաչափություն է այն, որ հեղափոխությունների, քաղաքացիական ցնցումների, բարիկադների և բախումների հիմնական պատվիրատուն իշխանությունն է։

Որքան ոչ համարժեք է իշխանությունն արձագանքում հանրային դժգոհություններին, այնքան մեծանում է փոփոխությունների ցնցումային տարբերակի հավանականությունը։

Ոչ համարժեք իշխանությունը կտրվում է իրականությունից, կյանքին նայում է սեփական հարմարավետ կաբինետի ու ծառայողական մեքենայի ներսից, և չի զգում փոփոխությունների անհրաժեշտությունը, քանզի չի ուզում փոխել սեփական վարքագիծը։

Օրինակների համար հեռու չգնանք։ Դիտարկենք Ուկրաինան։

Յանուկովիչը «սաշիկացման» էր ենթարկել այդ երկրի տնտեսական հարաբերությունները։ Նրա տղա Ալեքսանդրը՝ Սաշիկը, շատ կարճ ժամանակահատվածում դարձավ հաջողակ բիզնեսմեն և երիտասարդ մեծահարուստ։ Սաշիկի հաջողության գաղտնիքը նախագահի որդի լինելու և այդ կարգավիճակի միջոցով այլոց բիզնեսներում փայ մտնելու մեջ էր։

Յանուկովիչը, փաստորեն, «մեկ օլիգարխի» տնտեսական համակարգ էր ստեղծում, ինչը լցրեց ուկրաինացիների համբերության բաժակը։

Ֆինանսատնտեսական հոսքերն իր ձեռքում կենտրոնացնելու պատճառով Յանուկովիչից դժգոհում էին ոչ միայն հանրության լայն շերտերը, այլ նաև խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր մի ժամանակ հանդիսանում էին նույն Յանուկովիչի հենարանը։

ԵՄ–ի հետ ասոցացումից Ուկրաինայի նախկին նախագահի հրաժարվելն ընդամենը առիթ էր, որպեսզի մարդիկ փողոց դուրս գային ու բարիկադներ կառուցեին։

Եթե Յանուկովիչը համարժեք գտնվեր և ժամանակին գնար փոխզիջումների, ապա Ուկրաինան կարող էր խուսափել ցնցումներից, մարդկային զոհերից ու քաոսից, սակայն ոչ համարժեք ու ագահ նախագահն անընդհատ ուշանում էր՝ ձեռքից բաց թողնելով առանց ցնցումների ու բարիկադների իրավիճակից ելքեր գտնելու հնարավորությունը։

Յանուկովիչն այնքան ոչ համարժեք գտնվեց, որ, ի վերջո, ստիպված էր փախչել Ուկրաինայից և «բոմժի» կարգավիճակով հայտնվել Դոնի Ռոստովում՝ Ուկրաինայի շահերի դեմ պարբերաբար հայտարարություններ անելու պարտավորության դիմաց։

Հայաստանյան իրավիճակը շատ առումներով նման է ուկրաինականին։ Մենք էլ մեր «Յանուկովիչն» ու մեր Սաշիկն ունենք (Սաշիկը տվյալ դեպքում զուտ խորհրդանշական կերպար է, քանզի բոլորս էլ հասկանում ենք, որ մեր երկրի թիվ մեկ «Սաշիկը» Սերժ Սարգսյանն է, ինչպես որ Ուկրաինայում Յանուկովիչն էր)։

Սերժ Սարգսյանը Յանուկովիչի պես խաղեր էր տալիս ԵՄ ու ՄՄ–ի արանքում, բայց առաջինը, ինչպես հայտնի է, գլխապատառ նետվեց դեպի ՄՄ, իսկ երկրորդը՝ հանգրվանեց ՄՄ–ի լոկոմոտիվ հանդիսացող ՌԴ–ի քաղաքներից մեկում։

Սարգսյանը Յանուկովիչին նման է նաև ներքին քաղաքականության մեջ. նա «մեկ օլիգարխի տնտեսություն» է կառուցում։ Արդյունքում՝ ՀՀ տնտեսությունը տարիներ շարունակ անկում է ապրում, ներդրումները նվազում են, մարդիկ ու կապիտալն արտահոսում են մեր երկրից, աղքատությունն աճում է, և տիրում է համատարած թալան պետական կառավարման բուրգի գագաթում գտնվողների կողմից։

ԱԺ չորս ոչիշխանական ուժերն առաջ են քաշել ստեղծված իրավիճակից փափուկ տարբերակով դուրս գալու ելքը՝ գործող կառավարության հրաժարական և ազգային համաձայնության նոր կառավարության ձևավորում։ Սա առանց ցնցումների փոփոխությունների հասնելու ճանապարհն է։

Ի դեպ, փոփոխությունների անհրաժեշտության մասին պարբերաբար բարձրաձայնում են նաև իշխանությունները, ներառյալ՝ Սերժ Սարգսյանը։ Նա մեկ տարի առաջ նշել էր, որ եթե Տիգրան Սարգսյանի կառավարությունը 7 տոկոս տնտեսական աճ չապահովի, ապա պետք է հրաժարական տա։

Թե ինչու էր հենց 7–ի վրա կանգ առել Ս. Սարգսյանը, արդեն երկրորդական հարց է։ Էականն այն է, որ այդ տոկոսը չի ապահովվել, և եթե ՀՀԿ ղեկավարը իր իսկ խոսքի արժեքը գնահատում է, ապա, առանց մտածելու, պետք է ամիսներ առաջ արդեն տուն ուղարկած լիներ օֆշորային ու այլ տիպի մեքենայություններով աչքի ընկնող Տիգրան Սարգսյանին ու նրա գլխավորած կառավարությանը (թեև, հանուն արդարության, պետք է նշել, որ 7 տոկոս տնտեսական աճ չապահովելը Տիգրան Սարգսյանի ամենափոքր մեղքերից է)։

Այժմ առկա են բոլոր հիմքերը սոցիալ–տնտեսական ու քաղաքական ճգնաժամից առանց ցնցումների դուրս գալու համար։ Պարզապես Սերժ Սարգսյանը պետք է համարժեք գտնվի ու չգնա Յանուկովիչի ճանապարհով։

Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ խոսել էր ԲՀԿ–ական պատգամավոր Վահան Բաբայանը։

«Մենք գտնում ենք, որ անկախ ամեն ինչից՝ կա հնարավորություն՝ գնալու անցնցում, խաղաղ փոփոխությունների։ Եվ իշխանությունը պետք է հետևություններ անի,– հայտարարել էր Բաբայանը, ապա ավելացրել,– մենք շատ լավ գիտենք՝ ինչ ենք անելու մինչև ապրիլի 28–ը, և շատ լավ գիտենք՝ ինչ ենք անելու ապրիլի 28–ից հետո, մնում է, որ այդ հետևությունն անի իշխանությունը։ Այդ հետևություններն անելու շնորհիվ իրենք կարող են խուսափել բարիկադներից, ցնցումներից և անիմաստ թշնամանքից»։

Բաբայանի ասածի իմաստն այն է, որ ոչիշխանական ուժերն ու մասնավորապես ԲՀԿ–ն չեն ցանկանում ցնցումներ և բարիկադներ, բայց իշխանությունն իր հերթին պետք է համարժեք գտնվի, որպեսզի անկանխատեսելի ու քաոսային իրավիճակներից հնարավոր լինի խուսափել։

ԲՀԿ–ական մեկ այլ պատգամավոր Ստեփան Մարգարյանի խոսքերով. «Այդ փոփոխությունները կլինեն կա՛մ սահուն և համագործակցված, կա՛մ օբյեկտիվորեն երկիրը կգնա բարդ և քաոսային իրադարձություններով լեցուն ճանապարհով և ավելի ռադիկալ պահանջներով։ Սա ակնհայտ է։ Գալիս է պահ, երբ իրավիճակը որոշվում է արդեն հանգամանքներով, ոչ թե նախապես ծրագրված պլաններով։ Մենք չենք ուզում երկրորդ տարբերակը»։

Այսպիսով, պետք է հստակ արձանագրել, որ ԲՀԿ–ում չեն ուզում ցնցումներ։ Ցնցումների լինել–չլինելը կախված է իշխանություններից։ Նրանք կարող են կառուցել բարիկադներ կամ չկառուցել դրանք։

Թե որքանով համարժեք կգտնվի Սերժ Սարգսյանը, պարզ կդառնա շատ շուտով։ Չորս ուժերն անում են ամեն ինչ, որպեսզի զերծ պահեն Հայաստանը թշնամանքից ու առճակատումից։ Սերժ Սարգսյանն առայժմ հակառակն է ուզում։ Իսկ դա նշանակում է, որ հանրային մեծ ճնշում պետք է գործադրել հանգուցալուծմանը խաղաղ ճանապարհով հասնելու համար։

Սերժ Սարգսյանին պետք են մեծ ցնցումներ, քանզի նա միայն այդ տարբերակով է տեսնում փոփոխությունների չգնալու հնարավորությունը, իսկ մեզ պետք է մեծ համախմբում, որի շնորհիվ կարող ենք խուսափել ցնցումներից ու գնալ զարգացման ճանապարհով։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը