Լրահոս

02.04.2014 15:35


Ռուբեն Հակոբյան. «Կարելի է հասնել նաև կառավարության և Սերժ Սարգսյանի հրաժարականներին»

Ռուբեն Հակոբյան. «Կարելի է հասնել նաև կառավարության և Սերժ Սարգսյանի հրաժարականներին»

Հարցազրույց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ

–Ինչպե՞ս եք գնահատում Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումը։ Արդյոք սա համարո՞ւմ եք հաղթանակ։

-Ըստ էության, ՍԴ–ն հակասահմանադրական ճանաչեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի օրենքի հիմնական դրույթները։ Բայց որպեսզի ամբողջությամբ հասկանանք, թե այս որոշումն ինչ է իրենից ներկայացնում, պետք է շատ լուրջ ընթերցել. նման փաստաթղթերն ունենում են տողատակեր, և մասնագիտական լուրջ գնահատական պետք է տրվի դրանց, ինչով մենք հիմա զբաղված ենք։ Այս դեպքում մենք գործ ունենք օրենքի հետ, որը և՛ հակասահմանադրական է, և՛ այդ հակասահմանադրական օրենքին դեմ է ազգաբնակչության 80%–ը, ինչպես Սերժ Սարգսյանն էր խոստովանում։

–ՍԴ–ի այսպիսի որոշումն ինչո՞վ եք պայմանավորում։

–Մեկ բան հստակ է՝ այս որոշումը կայացվեց քաղաքացիական և քաղաքական ուժերի բավականին արդյունավետ ծրագրային համագործակցության արդյունքում։ Սա պետք է դիտել որպես միասնական պայքարի արդյունք։ Վստահորեն կարող եմ ասել՝ եթե չլիներ այս պայքարը, ՍԴ–ն նման որոշում չէր ընդունի։ Դրանով հանդերձ՝ պետք է ողջունել ՍԴ–ի այս քայլը, բայց չպետք է շատ ոգևորվել՝ իմանալով, որ իր լիազորությունների շրջանակում որոշում կայացնելու համար դատարանին անհրաժեշտ է թիկունքում զգալ ժողովրդի պայքարի շունչը։

–Սա գալի՞ս է ապացուցելու, որ միասնական պայքարի պարագայում կարելի է հասնել նաև կառավարության և Սերժ Սարգսյանի հրաժարականներին։

–Այո՛։

–Ապրիլի 28–30–ին 4 քաղաքական ուժերի հրավիրած շուրջօրյա հանրահավաքին, ժողովրդի մոբիլիզացման տեսանկյունից, ՍԴ–ի այս որոշումը որքանո՞վ նպաստավոր կարող է լինել։

–Ուզում եմ հատուկ նշել, որ վերջին 3–4 ամիսների ընթացքում քաղաքական 4 ուժերի խորհրդարանական ձևաչափում համագործակցությունը բավականին ակտիվություն է մտցրել հասարակության շրջանում։ Եվ նրանց համար, ովքեր կարծում են՝ միևնույն է, մեծամասնությունը Հանրապետականն է, և դուք ոչնչի չեք հասնի, սա ևս մի օրինակ է՝ փաստելու, որ 4 քաղաքական ուժերի համագործակցությունը հաջողությունների հասնո՛ւմ է։ ՍԴ–ի որոշումն էլ այդ համագործակցության արդյունք էր։ Ինչ վերաբերում է ապրիլի 28–30–ի հանրահավաքին, ասեմ, որ օրակարգը շատ լայն է, և կառավարության հրաժարականի համար բերվող փաստարկներն ու հիմնավորումները, ըստ էության, կլինեն հենց ամբողջական համակարգային փոփոխության հիմնավորումներ։

–Իսկ ՍԴ որոշումից հետո բարոյական և տրամաբանական չէր լինի՞, որ կառավարությունն ինքնակամ հրաժարական ներկայացներ և հեռանար։

–«Կուտակայինը» դետալներից մեկն էր, իսկ նման դետալները շատ են։ Օրինակ՝ 4 քաղաքական ուժերը գազի, արագաչափերի և ավտոկայանատեղիների հետ կապված և մի շարք այլ հարցեր բարձրացրեցին։ Այսինքն, ինչ ոլորտի ձեռք ենք տալիս, տեսնում ենք, որ համակարգային տրամաբանությամբ են գործում՝ կա՛մ հակասահմանադրական օրենքներ են ընդունում, կա՛մ եղած օրենքները, որոնք Սահմանադրության շրջանակներում են, չեն իրականացնում։ Կարող ենք ասել՝ ՍԴ որոշումը մեկ ոլորտին էր առնչվում, բայց գրեթե բոլոր ոլորտներն են այսօր այս վիճակում հայտնվել։ Այո՛, երբ ասում ենք ամբողջական իշխանափոխություն, նաև նկատի ունենք առաջին հերթին կառավարությանը։ Բայց միայն ասել՝ կառավարությո՛ւն, պետք է հեռանաս, քիչ է, որովհետև այսօր ամբողջ հասարակական–քաղաքական կյանքի, տնտեսության զարգացման ներկա վիճակը փաստում է՝ այս համակարգն օր առաջ պետք է փոխել՝ ամբողջությամբ։ Իսկ համակարգն ամբողջությամբ փոխելը նշանակում է ամբողջական իշխանափոխություն։ Եթե սկսում ենք կառավարությունից, սկսե՛նք կառավարությունից, թեկուզ սկսենք այս օրենքը հակասահմանադրական ճանաչելուց, բայց միշտ պետք է ամբողջական համակարգային փոփոխության մասին խոսքը լինի։ Պետության մեջ պետք է ամբողջությա՛մբ փոխել իրավիճակը։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը