Լրահոս

05.04.2014 12:18


ԵՊՀ գիտական խորհրդի հայտարարությունը Քեսաբում հայերի և ալևիների դեմ իրականացվող ոճրագործությունը դատապարտելու մասին

ԵՊՀ գիտական խորհրդի հայտարարությունը Քեսաբում հայերի և ալևիների դեմ իրականացվող ոճրագործությունը դատապարտելու մասին

Համայն հայությունը ցնցված է Սիրիայի Քեսաբ բնակավայրում մարտի 21-ից իրականացվող ոճրագործությունների կապակցությամբ:

Երևանի պետական համալսարանը դատապարտում է ահաբեկչական խմբավորումների և նրանց աջակցող թուրքական իշխանությունների կողմից Քեսաբի հայերի ու սիրիացի խաղաղ բնակչության դեմ իրականացվող գործողությունները, ինչի արդյունքում ավերվում են բնակավայրեր, տարհանվում են անմեղ մարդիկ, թալանվում է նրանց գույքը, պղծվում են հայկական եկեղեցիները: Մեր զորակցությունն ենք հայտնում Սիրիայում շարունակվող անարդար պատերազմի, մասնավորապես Քեսաբի ցավալի իրադարձությունների արդյունքում ծանր տառապանքներ կրած սիրիացի ու սիրիահայ ազգաբնակչությանը:

Թուրքիայի իշխանությունների կողմից ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող ակնհայտ աջակցությունն ու այլևայլ աղաղակող փաստերն անհերքելի վկայություներն են այն բանի, որ հայատյաց քաղաքականությունը շարունակում է մնալ ցեղասպան պետության համբավ ունեցող Թուրքիայի քաղաքական օրակարգում: Քեսաբի ցավալի իրադարձությունները ցույց են տալիս թուրքական իշխանությունների հայասպան, ցեղասպան, ոճրագործ ու թալանչի պատկերի անփոփոխ լինելը. ողբերգական է հիրավի, որ Օսմանյան կայսրության, իսկ ապա հանրապետական Թուրքիայի ղեկավարումը մշտապես գտնվել և այսօր էլ գտնվում է ազգայնամոլների ձեռքին:

Երևանի պետական համալսարանը կոչ է անում հայաստանյան հասարակությանը և համայն հայությանը միավորվել սիրիահայությանն օգնելու գաղափարի շուրջ: Կոչ ենք անում նաև ողջ միջազգային հանրությանը դատապարտելու Թուրքիայի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականությունը և գործադրելու քաղաքական, տնտեսական, դիվանագիտական հնարավոր բոլոր միջոցները թուրքական իշխանությունների մարդատյաց քաղաքականության առաջն առնելու համար:

Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը