Մեկնաբանություն

07.04.2014 11:00


Որտե՞ղ կհայտնվի Տիգրան Սարգսյանը

Որտե՞ղ կհայտնվի Տիգրան Սարգսյանը

Անսպասելիորեն «փորացավ» ունեցած Տիգրան Սարգսյանի ինֆորմացիոն զինվորները, «Տաշած քարը գետնին չի մնում» ծրագրի շրջանակներում, կանխագուշակում են, որ նա կարող է հայտնվեմ ՄՄ կամ ԵՄ կառույցներում։

Մեզանում, փաստորեն, այնպիսի ցինիկ մթնոլորտ է, որ պաշտոնից հեռացվելուց հետո էլ Տիգրան Սարգսյանին ԵՄ–ից ՄՄ են գցում ու հակառակ ուղղությամբ՝ ձեռքի հետ էլ «փիառ» անելով, թե իբր նա այնպիսի միջազգային կարգի մասնագետ է, որ ԵՄ–ն ու ՄՄ–ն ձեռքից ձեռք են խլում։

Իրականում Տիգրան Սարգսյանը ոչ թե «տաշած քար» է, այլ փշրված «պերեգարոդչնի պլիտա», որը ենթակա չէ օգտագործման։

Հաշվի առնելով հայտնի հանգամանքները՝ Տիգրան Սարգսյանի տեղը ոչ թե ԵՄ կամ ՄՄ կառույցներն են, այլ ՔԿՀ–ն՝ քրեակատարողական հիմնարկը։

Այն, ինչ նա արել է Հայաստանի տնտեսության հետ, պարզապես բարբարոսություն է՝ ուղեկցված առանձնապես խոշոր չափերի հասնող թալանով։ Եվ եթե այդքանից հետո Տիգրան Սարգսյանը պետք է մնա ազատության մեջ ու վայելի իր չվաստակած հանգիստը («չվաստակած» ասելով նկատի չունեմ գումարային պահը, քանզի գումար նա ահագին վաստակել է այս ընթացքում), ապա երկիրը երկիր չի դառնա։

«Սառը» պատերազմի մեջ գտնվող Հայաստանի տնտեսությանը հասցված շեշտակի հարվածը չի կարող անհետևանք մնալ։ Հատկապես ուշադրության է արժանի այն տոտալ թալանն ու ցինիկ գանձագողությունը, որը տեղի ունեցավ Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում։

Հասկանալի է, որ նա գործել է ոչ միայնակ և եղել է հանցակից, բայց ՀՀ սահմանադրության տողատակերում հատուկ կարգավիճակ է նախատեսված վարչապետների համար և բոլոր այն մարդիկ, ովքեր համաձայնում են ստանձնել այդ պաշտոնը, պետք է լավ իմանան այդ հատուկ կարգավիճակից բխող հետևանքների մասին։

Ըստ մայր օրենքի չգրված հոդվածների՝ վարչապետի պաշտոնը մեզանում անցումային է։ Այն ցատկահարթակ է դեպի նախագահական աթոռը կամ ճանապարհ է դեպի անհայտություն (այդ թվում՝ կալանավայր)։

Տիգրան Սարգսյանն ուզում էր գնալ առաջին տարբերակով ու դառնալ Սերժ Սարգսյանի ժառանգորդը, սակայն իր գործունեությամբ արժանացավ համընդհանուր քննադատության և այժմ պետք է պատասխան տա օրենքի ողջ խստությամբ։

Վարչապետն, ըստ մեր սահմանադրության ներքին փիլիսոփայության, նախագահի հավակնորդ է կամ քավության նոխազ։ Տիգրան Սարգսյանինը երկրորդ դեպքն է։ Սերժ Սարգսյանը նրան «փուռը» տվեց, որպեսզի խուսափի սեփական աթոռի կորստից։

ՀՀԿ ղեկավարը հիմա պետք է կատարի երկրորդ քայլը։ Նա պետք է Տիգրան Սարգսյանին զոլավոր շորեր հագցնի, այլապես ստիպված կլինի հետագայում ընկերակցել նրան։

Ի դեպ, ցանկացած ֆիգուր, ով այժմ կհայտնվի վարչապետի աթոռին՝ անկախ իր կամքից ստիպված կլինի բարձրացնել Տիգրան Սարգսյանի արածներին քրեական օրենսգրքի սահմաններում գնահատականներ տալու հարցը։

Գանձարանը դատարկ է։ Դրա համար պետք է պատասխան տրվի, ինչպես նաև վերադարձվի գողոնը։ Այլապես ստացվում է, որ մարդը կարող է գալ վեց տարի վարչապետ աշխատել, ժողովրդի ու պետության վրա «կայֆավատ» լինել, «պարտադիր կուտակային» փող գռփել ու հետո հանգիստ վայելել կյանքի մնացյալ հատվածը Իսպանիայի արևառատ լողափերում։

Եթե մենք ուզում ենք պետություն դառնալ, ապա Տիգրան Սարգսյանը պետք է դատվի օֆշորի, թանկարժեք ու չաշխատող բիոզուգարանների, կովերի պտուկները լվանալու մասին դասախոսությունները գյուղացիների վրա 17 միլիոն դոլարով ծախելու, պետության ու սերունդների հաշվին վերցրած միլիարդավոր դոլարների վարկերը մսխելու, պետական պահուստային 700 միլիոն դոլարը ֆիքսված փոխարժեքի քաղաքականության շնորհիվ փոշիացնելու, հարկային տեռորի, «Նաիրիտի», «ատկատների», «տենդերների», բյուջետային միջոցների թալանի, ինչպես նաև այլ «քաջագործությունների» համար։ Դա դաս կլինի բոլորի համար, ինչպես նաև կապահովի գումարների վերադարձը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը