Լրահոս

07.04.2014 13:13


90-ականների համեմատ՝ Հայաստանում ծնելիությունը կրկնակի նվազել է

90-ականների համեմատ՝ Հայաստանում ծնելիությունը կրկնակի նվազել է

Այսօրվա ասուլիսին ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն ասել է, որ 90-ականների համեմատ՝ Հայաստանում ծնելիությունը կրկնակի նվազել է, սակայն ԱՊՀ երկրների համեմատ՝ երկրում առկա է ծնելիության կայունացում.

«Ամեն դեպքում, կարևորն այն է, որ մենք միշտ ունեցել ենք դրական բնական աճ՝ ի տարբերություն ԱՊՀ մյուս երկրների, այսինքն՝ միշտ էլ ծնելիությունն ավելի մեծ է եղել, քան մահացությունը: Ծնելիության նվազումը պայմանավորված է մի շարք գործոններով, և այս հարցը հիմնախնդիր է գրեթե ողջ աշխարհում: Վերջերս արվել է հետազոտություն, և հարցվածների քառորդ մասը նշել է, որ դա սոցիալական խնդիրներով է պայմանավորված, մյուս մասը՝ կարիերայով: Այսօր երեխայի կրթության, դաստիարակության պահանջները մեծացել են, և գուցե սա է պատճառը, որ բավարարվում են մեկ-երկու երեխայով»։

Ինչ վերաբերում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին, բանախոսն ասել է, որ Հայաստանում մեկ տարվա կտրվածքով 3000-ից ավելի աղջիկ չի ծնվում.

«2060–ին ավելի քան 70 հազ. աղջիկ ծնված չի լինի: Ընդհանրապես, աշխարհում նորածին աղջիկների և տղաների հարաբերակցությունը պետք է կազմի 100-ը 104-105-ի, սա նորման է, սակայն Հայաստանում այդ հարաբերակցությունը կազմում է 100-ը 114-ի: Այս պահին 25-30 տարեկան տղաների ու աղջիկների քանակը հավասարված է, սակայն մոտ 20 տարի հետո մենք կարող է՝ դեմոգրաֆիական խնդիր ունենանք՝ պակասեն մայրերը»։

Մասնագետը նշել է նաև. «Տղա երեխաներ պետք է ունենալ, բայց ոչ ի հաշիվ առողջ աղջկա: Երրորդ կամ չորրորդ հղիության դեպքում անպայման տղա երեխա կլինի»։

Ինչ վերաբերում է նախարարության աշխատանքներին վտանգը կանխելու նպատակով, բանախոսն ասել է, որ բժիշկներին սեռն ասելու արգելող օրենք դեռևս չկա. «Բայց դա վտանգավոր երևույթ է, քանի որ մենք փոքր երկիր ենք, և դա կմեծացնի կոռուպցիոն ռիսկերը: Բայց մենք չենք էլ ասում, որ պարտադիր ասեն երեխայի սեռը, քանի որ դա երեխայի առողջության հետ կապված խնդիր չէ»։

Այս խորագրի վերջին նյութերը