Լրահոս

07.04.2014 21:30


Նաիրա Զոհրաբյանը պահանջել է ԵԽԽՎ դիտորդական առաքելություն ուղարկել Քեսաբ

Նաիրա Զոհրաբյանը պահանջել է ԵԽԽՎ դիտորդական առաքելություն ուղարկել Քեսաբ

Այսօր մեկնարկած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների մասին և պահանջել ԵԽԽՎ դիտորդական առաքելություն ուղարկել Քեսաբ։

Իր ելույթում նա ասել է. «Հարգելի գործընկերներ, այն, ինչ տեղի ունեցավ առավելապես հայերով բնակեցված սիրիական Քեսաբ քաղաքում, մարդկային հերթական ողբերգությունն է։ Անհերքելի են փաստերը, որ Քեսաբի վրա կատարված ահաբեկչական հարձակումն իրականացվել է Թուրքիայի տարածքը հատած ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների կողմից։ Այդ բարբարոսական գործողությունների արդյունքում Քեսաբի հայ բնակչությունը տեղահանվել է։ Ահաբեկիչները պղծել են հայկական եկեղեցիները, ավերել ու թալանել են հայերի տները։ Հերթական ցեղասպանությունից փրկվելու համար Քեսաբը հայաթափվել է։ Կան նկարահանված կադրեր, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են ահաբեկիչները Թուրքիայի սահմանից անարգել անցնում Սիրիա, դեպի Քեսաբի տարածք, և նույն այդ ահաբեկիչների շարքերում կան թուրքական բանակի զինվորներ։ Ուստի թուրք պաշտոնյաների, իբր, անտեղյակ հայտարարությունները՝ թուրքիզմի հերթական դրսևորումն են, ոչ ավելին։ Եվ պատահական չէր թուրքական հետազոտական կենտրոններից մեկի ղեկավարի հայտարարությունը, թե Սիրիայում ունենալ հայ համայնք, նշանակում է Հայաստանի ձեռքը միշտ երկար պահել Թուրքիայի և Մերձավոր Արևելքի վրա։

Հարգելի գործընկերներ, քաղաքացիական բնակչության դեմ ուժի ցանկացած կիրառում՝ անկախ նրանց էթնիկ, կամ կրոնական պատկանելությունից, պետք է միանշանակորեն դատապարտվի, և մեր Վեհաժողովը պարտավոր է արձագանքել Քեսաբում տեղի ունեցածին ու հստակ պարզաբանումներ պահանջել թուրքական իշխանություններից։

Մեկ տարի անց Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցն է։ Թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի։ Եվ խիստ հրատապ է, որ մեր Վեհաժողովը անհապաղ դիտորդական առաքելություն ուղարկի Քեսաբ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և օր առաջ լուծումներ գտնելու համար»։

Այս խորագրի վերջին նյութերը