Քաղաքական

19.08.2009 17:11


Հովհաննես Իգիթյան. «Իշխանափոխությունը մի՛ դիտարկեք որպես Սերժ Սարգսյանին Լևոն Տեր–Պետրոսյանով փոխարինելը»

Հովհաննես Իգիթյան. «Իշխանափոխությունը մի՛ դիտարկեք որպես Սերժ Սարգսյանին Լևոն Տեր–Պետրոսյանով փոխարինելը»

-Ղարաբաղյան գործընթացն առաջին հերթին պայմանավորված է Հայաստանի ներքաղաքական իրավիճակով։ Ես հստակ գիտեմ, որ այն երկրների հետ, որտեղ առկա է դիկտատուրա, խոսում են դիկտատորական լեզվով, այսինքն՝ ուղղակի պարտադրում են լուծումը,- «Դե ֆակտո» ակումբում լրագրողներին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը։

Այդ դեպքում քաղաքակիրթ աշխարհը, Հ. Իգիթյանի խոսքերով, ուղղակի փորձում է լուծում գտնել և պարտադրել դա այն երկրին, որտեղ հնարավոր չէ լուծումը գտնել ներսից։ Նրա կարծիքով հիմա Լեռնային Ղարաբաղի հետ կապված հենց այդ գործընթացն է ընթանում, որը շուտով կարող է դառնալ անդառնալի։

«Եթե գործընթացը կարող է անդառնալի դառնալ, այդ դեպքում որքանո՞վ է ճիշտ, որ ՀԱԿ-ը դադարեցրել է հանրահավաքները։ Հասարակության պահանջ չկա՞, թե ՞այն համընկնում է իշխանության կարծիքի հետ» «7օր»-ի հարցին Հովհաննես Իգիթյանը պատասխանել է, որ ընդդիմության գործընթացը պայմանավորված է նաև ժողովրդի ակտիվությամբ, ինչն այսօր չի նկատվում.

-«Հանրապետական» գործիչներն իրենց գոհունակությունն են հայտնում Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, և հասարակությունը, ենթադրում եմ, պետք է գոհ լինի, որ վերջապես հայանպաստ որոշում է ընդունվել։ Չկա այդ ընդվզումը, ժողովուրդը խճճված է, չգիտի, թե ինչ է կատարվում, և մեր դերն է ահազանգելը։ Ինձ թվում է, որ կգտնվեն գործիչներ և ժողովրդի մեջ էլ մարդիկ, որոնք այդ ալիքը կբարձրացնեն։

Թե, այնուամենայնիվ, նման իրավիճակում ինչ լուծումներ է տեսնում ՀԱԿ-ը, Հովհաննես Իգիթյանը պարզաբանել է, որ ամենակարևորը Հայաստանում ժողովրդավարությունը զարգացնելն է.

-Իշխանափոխությունը մի՛ դիտարկեք որպես Սերժ Սարգսյանին Լևոն Տեր-Պետրոսյանով փոխարինելը։ Ընդհանրապես Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել ժողովրդավարությունը, ինչը նախադրյալ պետք է լինի նորմալ ընտրություններ անցկացնելու համար, և այս ընտրությունների ընթացքում նույնիսկ Սերժ Սարգսյանի ընտրվելը կհամարվի որպես ժողովրդավարության հաղթանակ։

Անդրադառնալով Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելուն՝ Հ. Իգիթյանը նշել է, որ այդ փաստը խոսում է այն բանի մասին, որ գործընթացը լինելու է Միացյալ նահանգների  արտաքին քաղաքականության հիմքում, այսինքն՝ «այն, ինչ որ խոսվում էր մինչև այս պահը, ուղղակի Բրայզան կշարունակի իրականացնել որպես ԱՄՆ ներկայացուցիչ Ադրբեջանում, և պատահական չէ, որ Ադրբեջանում, քանի որ այստեղ ավելի գերիշխող են Ադրբեջանի շահերը»։

Նրա կարծիքով խնդրի լուծումը երկու կողմերին պարտադրվում է, և իրավիճակը կարող է փոխվել, եթե բանակցությունները հիմնովին փոխվեն, և ԼՂ-ն վերադառնա բանակցային սեղան։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը