Մեկնաբանություն

09.04.2014 13:15


Նա մնաց մենակ

Նա մնաց մենակ

Մեկ տարի առաջ այս օրը նախագահական «ֆեյք» ընտրությունների ժամանակ տոկոս «խփած» Սերժ Սարգսյանը երդման արարողություն էր կազմակերպել՝ ժողովրդի աչքից հեռու՝ ՄՀՀ–ում փակված։

Նախորդ տարվա ապրիլի 9–ին նա իրեն այնքան ինքնավստահ էր զգում, որ կառավարության կազմը չփոխեց ու վարչապետի պաշտոնին թողեց բոլոր առումներով ձախողված Տիգրան Սարգսյանին։

Մեկ տարի առաջ նա կրկին ձեռնոց նետեց հանրությանը՝ փաստացի հայտարարելով, որ շարունակելու է «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումը։

Մեկ տարի առաջ ՀՀԿ ղեկավարն «արևմտամետ» էր խաղում ու դեռ չգիտեր, որ ամիսներ անց հայտնվելու է Մաքսային միության «պադվալում»՝ կորցնելով թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի վստահությունը։

Մինչև վերջերս Սերժ Սարգսյանն ու իր նեղ թիմն իրենց այնքան հզոր էին զգում, որ արդարացնում էին հանրությանը «պարտադիր կուտակային» թալանի ենթարկելու իրենց իրավունքը՝ անունը դնելով «Ժամանակի մեքենայի» հայտնագործում։

Մինչև այս տարվա ապրիլի 3–ի երեկոյան Սերժ Սարգսյանը չէր ուզում վիրահատական միջամտությամբ տարանջատվել իր «զույգից», բայց ինքնապահպանական բնազդը հաղթեց, և Տիգրան Սարգսյանը ստիպված եղավ «հիշել», որ դեռևս մեկ ամիս (կամ էլ՝ երկու) առաջ է ուզեցել հեռանալ, բայց իրեն ասել են՝ մնա, մինչև տեսնենք՝ ՍԴ–ն ինչ է որոշում, նոր գնա։

Նախորդ տարվա երդման գաղջ արարողությունից անցել է մեկ տարի։ Սերժ Սարգսյանն արդեն մենակ է։ Չկա նրա «սիամական» թիմակից Տիգրան Սարգսյանը։ Ավելի ճիշտ, ֆիզիկապես կա, բայց, որպես գործիք, չկա, ու, ամենայն հավանականությամբ, շուտով կկանգնի դատարանի առաջ։

Ում էլ Սերժն այժմ վարչապետ նշանակի, արդեն կապ չունի։ Նա այլևս ինքնահեռացման ռեժիմի մեջ է։

Ոչիշխանական ուժերի խնդիրը նոր իրավիճակում պետք է լինի «տուրբուլենտության» շրջանը վերահսկողության տակ պահելն ու միայնակ մարդուն ճանապարհ դնելը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը