Լրահոս

09.04.2014 15:27


ԵՀՄՖ նախագահ. «ԱԳ և Սփյուռքի նախարարությունները հանցավոր պասիվ քաղաքականություն են վարում»

ԵՀՄՖ  նախագահ. «ԱԳ և Սփյուռքի նախարարությունները հանցավոր պասիվ քաղաքականություն են վարում»

«Հայաստանի ԱԳՆ-ն, սփյուռքի հետ համագործակցելու փոխարեն, հաճախ խանգարում է սփյուռքի տարբեր կառույցների, որոնք գործում են Եվրոպայի երկրներում»,-այսօրվա ասուլիսին հայտարարել է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը։ Անդրադառնալով Հայոց ցեղասպանության առաջիկա տարելիցին՝ բանախոսն ընդգծել է, որ թուրքերը սարսափելի վախ ունեին Ցեղասպանության առաջիկա տարելիցի հետ կապված.

«Նրանք մտածում էին, որ Հայաստանի իշխանությունը՝ հայ լոբբիստների հետ մեկտեղ, միջազգային բարձր ատյաններում կբարձրացնի Ցեղասպանության հարցը, բայց դա տեղի չունեցավ»։

Աշոտ Գրիգորյանը շեշտել է, որ Արտաքին գործերի և Սփյուռքի նախարարությունները հանցավոր պասիվ քաղաքականություն են վարում։

«Եթե մենք ունենանք այնպիսի Կառավարություն, որի հետ ձեռք ձեռքի տված աշխատենք, չեք պատկերացնում, թե ինչ արդյունքների կարող ենք հասնել: Նույնիսկ կարող ենք հասնել նրան, որ Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանությունը»,-նշել է բանախոսը։ Ըստ ԵՀՄՖ նախագահի՝ ֆորումը կոնֆլիկտի մեջ է ԱԳՆ–ի հետ, քանզի վերջինի գործունեության բացը հաճախ լրացնում են սփյուռքի կազմակերպությունները։

«Ֆորումի աշխատանքը, ինչպես նաև իմ անձը, անկասկած, կարող են կապ ունենալ այն բանի հետ, որ ԱԳՆ-ն թույլ չի տալիս՝ Եվրոպայի կառույցները Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ տարվող աշխատանքներում լուրջ դերակատարում ունենան»։

Վերջում Աշոտ Գրիգորյանը կոչով հանդես եկավ՝ նշելով, որ տարբեր միջոցառումներ են նախատեսել Ցեղասպանության հարյուրամյակի հետ կապված։

«Հորդորելու ենք բոլոր մարզիկներին, ովքեր Հայաստանը ներկայացնելու են արտերկրում, այս մեկ տարվա ընթացքում սև թևկապներով հանդես գալ»,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը