Մեկնաբանություն

10.04.2014 02:00


Սերժ Սարգսյանի մինիմում և մաքսիմում ծրագրերը

Սերժ Սարգսյանի մինիմում և մաքսիմում ծրագրերը

ՀՀ սահմանադրության համաձայն՝ նույն անձը երկու անգամ անընդմեջ կարող է նախագահ դառնալ։ Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը, եթե հաջողացնի հասնել մինչև 2018թ., ապա իրավունք չի ունենա դրանից հետո առաջադրվել ու մնալ նախագահի աթոռին։ Սահմանադրական այդ նորմը Սարգսյանին «կաղ բադիկ» է դարձրել։

Սահմանադրական բարիերը հաղթահարելու համար ՀՀԿ ղեկավարն ունի երկու տարբերակ՝ 1. նախապատրաստել սեփական քաղաքական ժառանգորդին ու ընտրակեղծիքների մեխանիզմով աթոռը փոխանցել նրան և 2. իրականացնել սահմանադրական փոփոխություններ՝ դրանք օգտագործելով վարչապետի կարգավիճակով սեփական իշխանությունը հավերժացնելու համար։

Քաղաքական ժառանգորդի մասին Սերժ Սարգսյանը, թերևս, չի էլ մտածել, քանզի նրա նեոբոլշևիկյան մտածողությունը չի ենթադրում իշխանությունից հրաժարվելու տարբերակ՝ թեկուզև ամենամտերիմ մարդուն աթոռը փոխանցելու միջոցով։

Եթե նույնիսկ նա ուզենա է, ապա չի կարող սեփական հայեցողությամբ աթոռ փոխանցել։ Սերժ Սարգսյանն այնպես կառավարեց և այնպիսի վատ արդյունքներ գրանցնեց արտաքին ու ներքին քաղաքական ոլորտներում, որ պարզապես հնարավորություն չունի քաղաքական ժառանգորդ ունենալ։

Կար տեսակետ, որ որպես պահեստային տարբերակ Սերժ Սարգսյանը ժառանգորդի դերում տեսնում է Տիգրան Սարգսյանին, ում, չնայած խայտառակ ձախողումներին ու խոշորամասշտաբ ֆիասկոներին, ատամներով պահում էր մինչև վերջերս։ Սակայն ոչիշխանական չորս ուժերի ճնշման տակ Սերժ Սարգսյանը ստիպված եղավ զոհաբերել իր սիրելի վարչապետին, որպեսզի կարողանա խուսափել ավելի մեծ կորստից։

Սերժ Սարգսյանն այժմ ունի մինիմում և մաքսիմում ծրագրեր։

Մինիմում ծրագիրն իր և իր ընտանիքի անվտանգության ու կուտակած սեփականության անձեռնմխելիության ապահովումն է, եթե ստիպված լինի թողնել նախագահի աթոռը։ Բայց քանի որ նա քաղաքական ժառանգորդ չունի, ուստի աշխատում է բացառապես մաքսիմում ծրագրի՝ վերարտադրության ուղղությամբ։

Վերարտադրության սերժական սխեման շատ պարզ է՝ իրականացնել սահմանադրական փոփոխություններ, անցնել այսպես կոչված խորհրդարանական կառավարման համակարգի և ընտրակեղծիքների միջոցով ԱԺ–ում մեծամասնություն ստանալուց հետո ստանձնել վարչապետի պաշտոնը՝ վերածվելով հայկական թուրքմենբաշու։

Սերժ Սարգսյանի լեգիտիմության մակարդակն այնքան ցածր է (գրեթե զրոյական), որ նա չի կարող իր շուրթերով հայտարարել վերարտադրության ծրագրի մասին, իսկ եթե չհայտարարի, ապա իշխանական բուրգում քայքայման ու կենտրոնախույզ գործընթացները կխորանան։

2013թ. նախագահական ընտրություններին հաջորդած ժամանակահատվածում «Վերջի բոլշևիկը» փորձեց Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքերով լուծել սահմանադրական փոփոխություններով իշխանության վերարտադրության խնդիրը, սակայն անհաջողության մատնվեց։ «Ժառանգության» առաջնորդը խուսափեց այդ ծուղակից։

Հիմա Սերժ Սարգսյանին ձեռնտու կլինի, որ ԱԺ ոչիշխանական ուժերը դառնան խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու առաջարկի հեղինակները, որպեսզի նա կարողանա անել այն, ինչ ուզում է անել, բայց ռիսկ չի անում հրապարակավ հայտարարել այդ մասին։

Տիգրան Սարգսյանին զոհաբերելով՝ Սերժ Սարգսյանն այժմ փորձում է իր ընդդիմախոս քաղաքական ուժերից որպես փոխզիջում կորզել սեփական ծրագրերի իրականացման հանրային պահանջի ապահովումը։

ԱԺ ոչիշխանական ուժերը, հետևաբար, այս փուլում որևէ պարագայում չպետք է դնեն սահմանադրական փոփոխությունների խնդիրը՝ դրա լուծման պահը թողնելով հերթական կամ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում։

Եթե Սերժ Սարգսյանի մաքսիմում ծրագիրը սահմանադրական փոփոխություններով իշխանության վերարտադրություն ապահովելն է, ապա ԱԺ ոչիշխանական ուժերի մինիմում ծրագիրը պետք է լինի սահմանադրական փոփոխություններ թույլ չտալը, քանզի հակառակ դեպքում խորհրդարանական կառավարմանն անցնելու բարի ցանկությունները կարող են չար կատակ խաղալ մեր պետության գլխին։

Առաջիկայում սպասվում է նոր կառավարության հարցով խորհրդակցությունների շարք. դա սահմանադրական նորմ է։

Անկախ այն հանգամանքից, թե քառյակում որ ուժն ինչպիսի մարտավարության կողմնակից է, բոլորի համար պետք է ընդհանուր լինի Սերժի գլխավորած ռեժիմի ու անձամբ նրա վերարտադրությունը թույլ չտալը։ Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների ծուղակից խուսափելը։ Մնացածը քննարկելիք հարցեր են։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը