Լրահոս

10.04.2014 20:05


Ռուանդայի ցեղասպանությունից 20 տարի անց

Ռուանդայի ցեղասպանությունից 20 տարի անց

Այսօր Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում պետական և համայնքային ղեկավարները պայքարում են, որ երկիրը գտնի խաղաղության ուղին:
Երկուշաբթի օրը Կիգալիում միանալու եմ Ռուանդայի ժողովրդին՝ նշելու 20-րդ տարելիցը ցեղասպանության, որի արձագանքները դեռ զգացնել են տալիս Աֆրիկայի Մեծ Լճեր տարածաշրջանում տիրող անորոշության պայմաններում և միջազգային հանրության հավաքական գիտակցության մեջ:
Յուրաքանչյուր իրավիճակ ունի իր զարգացման դինամիկան: Այդպես է նաև Սիրիայի հակամարտության դեպքում, որն ամեն օր նոր զոհեր է խլում: Սակայն յուրաքանչյուրն առաջադրել է կյանքի և մահվան բազմաբարդ մարտահրավեր. ի՞նչ կարող է անել միջազգային հանրությունը, երբ մեծաքանակ անմեղ բնակչություն է կոտորվում, իսկ կառավարությունը չի կարողանում կամ չի ուզում պաշտպանել իր ժողովրդին, կամ երբ նաև հենց իր միջոցով է գործադրվում բռնությունը: Եվ ի՞նչ կարող ենք անել այս դաժանությունների ի հայտ գալն ի սկզբանե կանխելու համար:
Ռուանդայի և Սրեբրենիցայի ցեղասպանությունները միջազգային հանրության խորհրդանշական ձախողումներն էին: Ռուանդայում գործադրված վայրագության ծավալը մինչ օրս էլ ստիպում է ցնցվել. օրական միջինը 10,000 մահ՝ ամեն օր, երեք ամիս շարունակ, երբ ատելությամբ լի ռադիոհեռարձակումները բորբոքում և հրահրում էին ռուանդացիներին՝ սպանել ռուանդացիների:

Միջազգային հանրությունը կարևոր առաջընթաց է արձանագրել այս սարսափելի իրադարձությունների դասերը կենսագործելու հարցում: Մենք այժմ միակամ ենք անպատժելիության դեմ, ինչի մարմնավորումն է Միջազգային քրեական դատարանի ստեղծումը: Միջազգային և ՄԱԿ-ի կողմից օժանդակվող տրիբունալները, այդ թվում՝ Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալը, հետամուտ են պատասխանատվության իրականացման և նկատելի զսպող ազդեցություն ունեն միջազգային հիմնարար նորմերի հնարավոր խախտողների վրա: Մի շրջադարձային դատավճռով պետության նախկին ղեկավարը դատապարտվել է ռազմական հանցագործությունների համար:

Միջազգային հանրությունն ստանձնել է «պաշտպանելու պատասխանատվությունը»: Պետություններն այլևս չեն կարող պնդել, որ վայրագ հանցագործությունները պետության ներքին խնդիրներ են՝ միջազգային հանրության մտահոգության սահմաններից դուրս: Ավելի ու ավելի մեծ թվով կառավարություններ և տարածաշրջանային կազմակերպություններ ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմներ են մշակում: ՄԱԿ-ը և իր գործընկերներն ավելի հաճախ են մարդու իրավունքների թեժ կետերում դիտորդներ տեղակայում՝ «աչքեր և ականջներ», որոնք զգուշացնում են կառավարություններին և ոչ պետական դերակատարներին, որ աշխարhը հետևում է իրենց: Եվ քանի որ նման հանցագործություններ են ծրագրվում, մեր թիրախը վտանգի առանցքային գործոններն են` սկսած համապատասխան հաստատությունների բացակայությունից մինչև անպատասխան մնացած դժգոհություններ:
Մենք նաև ավելի հաստատակամորեն ենք գործում`պաշտպանելու քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ մոլեգնող սեռական բռնությունից: Հաստատակամ խաղաղապահ մոտեցումների շնորհիվ պարտության է մատնվել աենավայրագ զինյալ խմբերից մեկը Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության արևելյան հատվածում: Հարավային Սուդանում ՄԱԿ-ը բացել է իր խաղաղապահ կայանների դարպասները` ապաստան տալով մահացու վտանգների ենթակա տասնյակ հազարավոր մարդկանց: Քսան տարի առաջ նման քայլերն անհավատալի կլինեին: Այսօր դա մանրակրկիտ քննարկված քաղաքականություն է՝ մեր նոր «Իրավունքներն՝ անհապաղ» նախաձեռնության գործնական իրականացման օրինակ, Ռուանդայի իրականություն դարձած դասերից: Նման իրավիճակները դեռևս խոցելի են, սակայն հակազդեցությունը մեկն է` միայն ավելի լավ պաշտպանություն:
Այնուամենայնիվ, այս աշխատանքը պարբերաբար բախվել է տեղատվությունների: Շրի Լանկայում քաղաքացիական պատերազմի ավարտը 2009 թ. հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի և Միավորված ազգերի կազմակերպության համակարգային ձախողման՝ խնդիրները բարձրաձայնելու և գործողությունների դիմելու հարցում: Ավելի քան երեք տարի Սիրիայի իրավիճակին արձագանքելու հարցում միջազգային հանրությունը միակամություն հանդես չէր բերում` տրամադրելով անհրաժեշտ մարդասիրական ֆինանսավորման միայն մի մասը և միաժամանակ թեժացնելով կրակը՝ երկու կողմերին զենք մատակարարելու միջոցով՝ սխալաբար հավատալով ռազմական լուծման հնարավորությանը:
Աշխարհը պետք է հաղթահարի այս բարոյական «սպիտակ բծերը»: Անդամ պետությունները կարող են ունենալ ազգային շահերի միմյանց հետ մրցակցող սահմանումներ կամ չցանկանալ ստանձնել ֆինանսական կամ ռազմական նոր հանձնառություններ: Հնարավոր է` նրանք վախենան բարդությունից և վտանգներից կամ անհանգստանան, որ այլ երկրներում ահագնացող ճգնաժամի մասին քննարկումների առանցքում մի օր կհայտնվեն իրենց սեփական իրավիճակները: Սակայն այս անտարբերության և անվճռականության արդյունքները հստակ են` անմեղ արյան հեղում, քայքայված հասարակություններ, և առաջնորդներ, ովքեր նորից ու նորից կրկնում են՝ «այլևս երբեք», ինչն ինքնին շարունակական ձախողման նշան է:

Նախորդ տասնամյակի ընթացքում Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը պայքարել է իր աղետալի իրավիճակի վերաբերյալ համաշխարհային իրազեկման համար, իսկ նախորդ տարվա ընթացքում ապրեց պետության անկում, անօրինության հաղթարշավ և սարսափալի զանգվածային սպանություններ, որոնք լայնածավալ ահաբեկչություն հարուցեցին և զանգվածային գաղթի պատճառ դարձան: Մարդիկ շահագործում են կրոնական հայացքները քաղաքական նպատակներին հասնելու պայքարում` վտանգելով մահմեդականների և քրիստոնյաների խաղաղ համակեցության բազմամյա ավանդույթը:
Կոչ եմ անում միջազգային հանրությանը՝ ապահովել անհետաձգելիորեն անհրաժեշտ ռազմական օգնություն՝ մարդկանց կյանքերը փրկելու, փողոցներում կարգ ու կանոն հաստատելու և մարդկանց իրենց համայնքներ վերադառնալու հնարավորություն տալու համար: Աֆրիկյան Միությունը և Ֆրանսիան զինված միավորումներ են տեղակայել, սակայն Եվրոպական միության զինված միջամտության ջանքերը դեռևս ապարդյուն են: Կա ոչ պակաս հրատապ խնդիր` սկսել քաղաքական գործընթաց, որում հաշտեցումը կարևոր դեր ունի: Բռնության ցանկացած հետագա դրսևորում կարող է ընդգրկել ավելի մեծ տարածաշրջաններ:

Երբ պետության անկումը այսքան խորացած է, մարտահրավերները կարող են թվալ անհաղթահարելի: Սակայն պատմությունը այլ բան է վկայում: Միջազգային հանրության կայուն աջակցությունը հնարավորություն տվեց արմատական փոփոխություններ իրագործել Սիերա Լեոնեում և Թիմոր-Լեստեում: Ռուանդան գրանցել է զարգացման ուշագրավ ձեռքբերումներ, իսկ այլ պետություններ վերականգնվել են անասելի բռնություններից հետո: Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը կարող է անցնել նույն ճանապարհը: Ես շարունակելու եմ լինել կառավարության կողքին` ուրվագծելու այն ուղին, որը հնարավորություն կտա ստեղծելու կայուն և բարգավաճ երկիր՝ որքանով որ հնարավոր կդարձնեն իր ռեսուրսներն ու ավանդույթները:
Ռուանդայում այցելելու եմ ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք եմ մատուցելու զոհերի հիշատակին, ինչպես արել եմ աշխարհը ցնցած այլ ողբերգությունների դեպքում` տասնամյակներ առաջ տեղի ունեցած Աուշվիցից և Կամբոջայից մինչև մեր ժամանակներում կատարված այլ ողբերգություններ: Միջազգային հանրությունը չի կարող հավակնել ուշադրություն հանդես բերել վայրագ ոճրագործությունների հարցում, իսկ հետո խուսափել միջոցներ և կամք ներդնելուց, որոնք անհրաժեշտ են դրանք իրականում կանխելու համար: Համաշխարհային առաջնորդները պետք է անեն ավելին` կանխելու կանխարգելելին և հակազդելու մեր աչքի առաջ տեղի ունեցող դաժանություններին: Մարդիկ ամենուր պետք է մտովի անցնեն տուժածների ուղին` Սիրիայից մինչև Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն, և հարցնեն իրենք իրենց, թե էլ ինչ կարող են անել, որպեսզի ստեղծեն մարդու իրավունքների և արժանապատվության աշխարհ բոլորի համար: Եկե՛ք ցույց տանք զարհուրելի վտանգների ենթարկվող մարդկանց, որ իրենք միայնակ կամ լքված չեն, և որ իրենց «փրկօղակն» արդեն ճանապարհին է:
Բան Կի-Մունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Այս խորագրի վերջին նյութերը