Մեկնաբանություն

10.04.2014 12:25


Իշխանափոխության ճանապարհային քարտեզը

Իշխանափոխության ճանապարհային քարտեզը

Սերժ Սարգսյանը սթափ գնահատեց իրավիճակն ու համարժեք քայլ արեց՝ պաշտոնից հեռացնելով Տիգրան Սարգսյանին։

Աչքի առաջ ունենալով Յանուկովիչի օրինակը՝ նա հասկացավ, որ եթե դիմադրի ու «կող» ցույց տա, ապա վերջում կարող է ջարդել սեփական կողերը։

Այժմ քաղաքական դաշտում նոր վիճակ է ստեղծվել, որը պահանջում է նոր մոտեցում ոչիշխանական ուժերի և հասարակական ակտիվությամբ աչքի ընկնող քաղաքացիների կողմից։

Պետք է շարունակել մեթոդիկ ճնշումները՝ երկու զուգահեռ գործունեություն իրականացնելով։ Իշխանական բուրգն էրոզիայի ենթարկելու և այն կազմաքանդելու համար հարկավոր է ներսից ու դրսից աշխատանք տանել։

Ներսում պետք է նպաստել քայքայման գործընթացի խորացմանը, որին հասնելու լավագույն ճանապարհը քաղաքական ուժերի ու հանրության կողմից Տիգրան Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջ ներկայացնելն է։

Եթե «Օֆշորի Տիկոն» այնքան «հաբռգած» է իրեն պահում, որ պաշտոնը կորցնելուց հետո դուրս է գալիս փողոց ու հանդիպում «կուտակայինի» թեմայով բողոքի գործողություն իրականացնողներին՝ առաջարկելով համատեղ աշխատանքային խումբ ստեղծել, ապա նրան պետք է ցույց տալ իր իսկական տեղը «պառաշի» մոտ։

Տիգրան Սարգսյանին դատարանի դուռը քարշ տալն ունի երկու ֆունկցիա։ Նախ՝ պատժել վերջին տարիներին արձանագրված ձախողումների ու թալանի համար։ Թալան և ձախողումներ, որոնք թուլացրել են «սառը» պատերազմի մեջ գտնվող Հայաստանին։ Պատահական չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ու քաղգործիչները շնորհակալություն են հայտնում Տիգրան Սարգսյանին։

Հասկանալի է, որ Տիգրանը թալանը միայնակ չի իրականացրել, բայց դե, ամբողջ աշխարհում կա այդպիսի պրակտիկա, որ ամեն ինչի համար պատասխանատվության է ենթարկվում վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը։ Հատկապես որ օֆշորային պատմությունը լրիվ տալիս է նրան դատախազություն հրավիրելու հնարավորությունը։

Տիգրանին դատի տալով և թալանչիական համակարգը բացահայտելով՝ հնարավոր կլինի լուծել նաև փոշիացրած փողերը հետ ստանալու հարցը։

Մինչև այսօր հարցական է մնում այն, թե ինչո՞ւ է այդքան մեծաքանակ գաղտնի որոշումներ կայացրել կառավարությունը, ի՞նչ եղավ ռուսական 500 միլիոն դոլար վարկը, ինչո՞ւ պետական գույքը կասկածելի պայմաններում է վաճառվել (մասնավորապես՝ Որոտանի ՀԷԿ–ը), ովքե՞ր դարձան ֆիքսված փոխարժեքի քաղաքականության ժամանակ մսխված 700 միլիոն պահուստային դոլարների շահառուները, այդ ինչպե՞ս ստացվեց, որ Մարզահամերգային համալիրը պետությունից էժան առան ու հետո թանկ ծախեցին պետությանը՝ հընթացս «բռնելով» միլիոնավոր դոլարներ, ի՞նչ եղան այն միլիարդավոր դոլարները, որոնք վերցվել են արտաքին պարտքի ավելացման ծրագրի շրջանակներում, ինչո՞ւ թանկ գնով բիոզուգարաններ գնվեցին (ի դեպ, չաշխատող), որքա՞ն է կազմել բյուջետային «ատկատների» այն չափը, որի մասին խոսում էր Սերժ Սարգսյանը, և որը բացահայտել էր Վերահսկիչ պալատը, բայց ամեն ինչ պարտակվեց։

Մի խոսքով, հսկայական հարցեր կան, որոնց տիրապետում է Տիգրանը, և պետք է երգի այդ մասին։

Գանձարանը դատարկ է և «պարտադիր կուտակայինով» աշխատողների գրպանի հաշվին ընթացիկ ծախսեր անելու փոխարեն կարելի է «վազվռատ» անել թալանված փողերը և իրականացնել պետության սոցիալական ու այլ տիպի պարտավորությունները։

Ինչ վերաբերում է դրսից իշխանությունը թուլացնելուն, ապա այս հարցում իր ֆունկցիան ունի կատարելու ոչիշխանական դաշտը։

«Փողոցը» մշտապես տաք պահելն ու իշխանություններին շարունակական զիջումներ պարտադրելը պետք է լինի օրակարգային հիմնական հարցերից մեկը։

Իշխանական օլիգարխիան՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այժմ թույլ է, որպեսզի դիմադրի ճնշումներին, բայց այնքան թույլ չէ, որ հենց այսօր փասափուսեն հավաքի ու գնա։

Իշխանությանը պետք է զրկել վերջին վնասը տալու և վերջին փամփուշտներն օգտագործելու հնարավորությունից։ Դրա համար պետք է առնվազն ստիպել Սերժին՝ հրապարակավ հայտարարելու, որ չի պատրաստվում վերարտադրվել։ Իսկ դրա լավագույն տարբերակը սահմանադրական փոփոխություններ թույլ չտալն է՝ դրա իրագործումը թողնելով համապետական ընտրություններից հետո։

Եթե Սերժ Սարգսյանը չկարողանա հրապարակայնացնել իր վերարտադրության ծրագիրը, ապա «կաղ բադիկից» կվերածվի «լքված խրճիթի», որտեղ ոչ մեկը չի ուզենա հանգրվանել։

Ինչպես ասում են՝ «Կարթագենը պետք է ընկնի»։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը