Լրահոս

10.04.2014 15:27


Աշխարհահռչակ դիրիժոր Յուստուս Ֆրանցը առաջին անգամ հանդես կգա Երևանում

Աշխարհահռչակ դիրիժոր Յուստուս Ֆրանցը առաջին անգամ հանդես կգա Երևանում

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ապրիլի 11-ին ներկայացնում է համերգ` աշխարհահռչակ դիրիժոր Յուստուս Ֆրանցի ղեկավարությամբ: Համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում. ծրագրում կներկայացվեն Բրամս և Գրիգ (Բրամսի Ակադեմիական նախերգանքը և 1-ին սիմֆոնիան և Գրիգի Դաշնամուրի կոնցերտը): Որպես հրավիրյալ մենակատար հանդես կգա ֆրանսիացի դաշնակահար Տրիստան Պֆաֆը:

Աշխարհահռչակ դիրիժորը Երևանում հանդես կգա առաջին անգամ. նրա հայաստանյան այցը նշանակալից է` հատկապես հաշվի առնելով 1988թ. նրա կողմից նախաձեռնված մեծամասշտաբ բարեգործական ծրագրերը` ի օգնություն Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից տուժածների: Յուստուս Ֆրանցը մի քանի օրում ձեռնամուխ է եղել Գերմանիայում հատուկ համերգաշարի իրականացմանը և գոյացած շուրջ 100.000 գերմանական մարկի չափով հասույթը փոխանցել Հայաստան: Համերգաշարում առանձնահատուկ տեղ ունի Համբուրգի Laiszhalle համերգասրահում իրականացված համերգը, երբ Ֆրանցի հիմնած նվագախմբի հետ որպես մենակատար հանդես է եկել լեգենդար ջութակահար Եհուդի Մենուհինը:

Ավելի քանի 40 տարի Յուստուս Ֆրանցը համաշխարհային հռչակ է վայելում և որպես դիրիժոր, և որպես դաշնակահար` հանդես գալով աշխարհի ամենահեղինակավոր սրահներում կարևորագույն նվագախմբերի և երաժիշտների հետ: Ֆրանցի համաշխարհային ճանաչումն սկսվել է 1970թ., երբ որպես դաշնակահար նա հանդես եկավ դարի մեծագույն դիրիժորներից մեկի` Հերբերտ ֆոն Կարայանի ղեկավարությամբ Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ: Մի քանի տարի անց Ֆրանցը հանդես եկավ Նյու Յորք ֆիլհարմոնիկի հետ` լեգենդար Լեոնարդ Բերնսթայնի ղեկավարությամբ, ինչն էլ հիմք դրեց այդ երկու արվեստագետների երկարամյա համագործակցությանը` դարձնելով Ֆրանցին, իր իսկ խոսքերով ասած, Բերնսթայնի գաղափարների կրողը և շարունակողը: Կարևոր է նշել, որ արվեստային այս համագործակցության կարևորագույն արդյունքը եղել է նրանց երկուսի համատեղ երազանքի իրականացումը` Ազգերի նվագախմբի հիմնադրումը (Philharmonia of the Nations), որի գլխավոր դիրիժորը մինչ օրս հենց Ֆրանցն է:

Աշխարհի կարևորագույն բեմահարթակներում և նվագախմբերի հետ հանդես գալուն զուգահեռ Յուստուս Ֆրանցը նաև ծավալուն գործունեություն է իրականացնում երիտասարդ տաղանդների հայտնաբերման և առաջխաղացման ուղղությամբ. նրա հիմնադրած Schleswig-Holstein Music Festival աշխարհահռչակ փառատոնը հաջողության ուղի է հարթել մերօրյա դասական բեմահարթակի այնպիսի անունների համար, ինչպիսիք են Մաքսիմ Վենգերովը, Եվգենի Կիսինը, Վադիմ Ռեպինը և այլոք:

Յուստուս Ֆրանցը նաև ակտիվորեն աշխատում է դասական երաժշտության հանրահռչակման և առաջխաղացման ուղղությամբ. մասնավորապես` գերմանախոս աշխարհում մեծ հեղինակություն է վայելում դասական երաժշտության վերաբերյալ Achtung! Klassik նրա հեղինակած հեռուստատեսային հաղորդաշար-շոուն, որը բազմաթիվ մրցանակների է արժանացել:

Ապրիլի 11-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգին Գրիգի դաշնամուրի կոնցերտը Յուստուս Ֆրանցի ղեկավարությամբ կհնչի ֆրանսիացի դաշնակահար Տրիստան Պֆաֆի մենակատարությամբ: Քսանութամյա դաշնակահարն իր երաժշտական կրթությունն ստացել է Փարիզի ազգային բարձրագույն կոնսերվատորիայում (Conservatoire National Supérieur de Musique de Paris): Հանդիսանում է բազմաթիվ մրցույթների դափնեկիր, մասնավորաբար` Շոտլանդիայի դաշնամուրային միջազգային, Վլադիմիր Կրայնևի անվան 6-րդ միջազգային, Վիեննայի Da Motta միջազգային, Միջազգային Porto, Long-Thibaud, Adami Classical Revelation և բազմաթիվ այլ մրցույթների մրցանակակիր: Մասնակցել է բազմաթիվ հեղինակավոր փառատոների, որպես մենակատար հանդես է եկել այնպիսի նվագախմբերի, ինչպիսիք են Ֆրանսիայի ազգային, BBC շոտլանդական սիմֆոնիկ, Եվրոպական ֆիլհարմոնիկ, Բրետանի և այլ նվագախմբերի հետ: Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ համերգը նրա առաջին երևանյան բեմելն է:

Այս խորագրի վերջին նյութերը