Լրահոս

11.04.2014 11:47


ԵԽԽՎ-ում Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է ուժեղացնել պայքարը քայքայիչ աղանդների դեմ

ԵԽԽՎ-ում Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է ուժեղացնել պայքարը քայքայիչ աղանդների դեմ

Երեկ՝ ուշ երեկոյան, ԵԽԽՎ-ն քննարկել է քայքայիչ աղանդների եւ դրանց դեմ պայքարի նախագիծ։ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է քայքայիչ աղանդների եւ դրանց կործանարար հետեւանքների մասին, հատկապես ՝ անչափահասների շրջանում։ Հայ պատգամավորն առաջարկել է, որպեսզի ԵԽԽՎ-ն հանձնարարի ազգային խորհրդարաններին՝ խստացնել օրենսդրությունը անչափահասներին քայքայիչ աղանդների մեջ ներքաշելու հետ կապված՝ նշելով, որպետք է գտնել ճիշտ հավասարակշռությունը մարդու հիմնարար իրավունքների եւ կրոնի ազատության դեպքում։

Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, քանի՞ ընտանիք պիտի կործանվեր, քանի՞ անչափահաս պիտի կործանվեր, որպեսզի մեր Վեհաժողովը վերջապես անդրադառնար քայքայիչ աղանդներին եւ նրանց կործանարար հետեւանքներին։ Ես ողջունում եմ մեր գործընկերոջ՝ Ռուդի Սալեսի ներկայացրած զեկույցը, եւ լինեմ անկեղծ՝ այն համարում եմ շատ ուշացած։ Երկու տարի առաջ, ես՝ որպես Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, իմ մի քանի գործընկերների հետ մեր խորհրդարանում նմանօրինակ նախագիծ ներկայացրեցինք, որը տալիս էր «հոգեորսության» սահմանումը, եւ որը հնարավորություն կտար օրենքի ուժով մեր քաղաքացիներին, անչափահասներին պաշտպանել վտանգավոր աղանդներից։ Այն ժամանակ, սակայն, մեր հարգարժան Վենետիկի հանձնաժողովը անասելի աղմուկ բարձրացրեց մեր նախագծի շուրջ՝ այն համարելով խղճի ազատության ոտնահարում։ Այսօր մեր գործընկերը շատ ավելի խիստ շեշտադրումներով եւ աղանդների դեմ պայքարի շատ ավելի խիստ պահանջներով նախագիծ է ներկայացրել, եւ դա միանգամայն ողջունելի է։

Եթե մենք խոսում ենք մարդու իրավունքներից ու չենք պայքարում այն աղանդների դեմ, որոնք մարդուն դարձնում են շատ դեպքերում ստրուկ՝ ոտնահարելով նրա ցանկացած իրավունք, ապա մենք ուղղակի զբաղվում ենք երեսպաշտությամբ։ Մենք ուղղակի պարտավոր ենք կասեցնել վտանգավոր, ավերիչ աղանդների շքերթը մեր երկրներում, որոնք շատ դեպքերում օգտվելով մարդկանց սոցիալական ծայրահեղ վիճակից՝ ընտանիքներին, անչափահասներին, տանում են դեպի երաշխավորված կործանում։ Միանգամայն համաձայն եմ զեկուցողի հետ, որ պետք է ուժեղացնել քրեական օրենսդրության այն դրույթները, որոնք պատիժ են նախատեսում մարդկանց եւ առաջին հերթին անչափահասներին տարբեր ֆիզիկական եւ հոգեբանական ազդեցությունների միջոցով՝ այս կամ այն աղանդից կախյալ դարձնելը։ Նույնը, ի դեպ, շատ ավելի մեղմ շեշտադրումներով, առաջարկում էինք ես եւ իմ գործընկերները, սակայն Եվրոպայի խորհրդից այն ժամանակ եկած «դատավիճռը» կասկածելիորեն լիբերալ էր քայքայիչ աղանդների դեմ։ Ես հույսունեմ, որայսօր իրավիճակ է փոխվել, տեսնելով, թե ինչ ավերածություններ են անում նմանօրինակ աղանդները։ Երբ քաղաքացու, անչափահասի շահերը վտանգված են, անհրաժեշտ է գտնել ճիշտ հավասարակշռություն մարդու հիմնարար արժեքների եւ կրոնի ազատության միջեւ։ Ես կոչ եմ անում կողմ քվեարկել այս շատ կարեւոր զեկույցին եւ կոչ անել ազգային խորհրդարաններին՝ անհապաղ ձեռնամուխ լինել քայքայիչ աղանդների դեմ պայքարի լրջագույն օրենսդրության մշակմանը»։

Այս խորագրի վերջին նյութերը