Լրահոս

11.04.2014 13:59


Քննարկվեցին ցրտահարության հետեւանքով տուժած գյուղացիական տնտեսությունների աջակցության ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

Քննարկվեցին ցրտահարության հետեւանքով տուժած գյուղացիական տնտեսությունների աջակցության ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվեցին ՀՀ կառավարության ապրիլի 10-ի նիստում ընդունված՝ ցրտահարության հետեւանքով տուժած գյուղացիական տնտեսությունների աջակցության ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, ինչպես նաեւ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզպետները:

Արձանագրվեց, որ ցուցաբերվող օժանդակությունը պետք է լինի խիստ հասցեական՝ հաշվի առնելով պատճառված վնասի ծավալները: Գյուղացիական տնտեսությունների աջակցության չափն ու եղանակը պետք է որոշվի տեղերում՝ տեղական եւ մարզային իշխանությունների հետ համատեղ, իսկ աջակցության տրամադրման վերաբերյալ համապատասխան որոշումները պետք է հաստատվեն ավագանու նիստերում: Շահառուների ցուցակները կհրապարակվեն նաեւ մարզպետարանների պաշտոնական կայքերում:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ջրօգտագործողների ընկերությունները նույնպես կկազմեն ոռոգման ջրի դիմաց 2014թ. վարձավճարների փոխհատուցման ծրագրի շահառուների ցուցակները, որոնք եւս կհրապարակվեն Ջրային տնտեսության պետական կոմիտեի կայքում:

Այնուհետեւ Ա. Ասատրյանը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից նախատեսվող օժանդակության ծրագրի առանձնահատկությունները: Նշվեց, որ մեկ շաբաթվա ընթացքում կհստակեցվեն ծրագրի իրականացման մեխանիզմները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկա օրերին «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային կենտրոնների եւ Գյուղացիական աջակցության մարզային կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումներ կկազմակերպվեն՝ ծրագրի առանձնահատկություններն ու իրականացման մեխանիզմները ներկայացնելու համար:

Ս. Կարապետյանը եւ մարզպետները ներկայացրեցին գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի վերաբերյալ օպերատիվ տվյալները: Մարզպետները նաեւ հայտնեցին, որ որոշ համայնքների կողմից առաջարկ է եղել նախատեսված ռեսուրսների շրջանակում այլ կարգի աջակցություն ցուցաբերել, մասնավորապես՝ հակակարկտային կայանքներ տեղակայել: Ա. Գեւորգյանը նշեց, որ այս հարցում խնդիր չի տեսնում եւ առաջարկեց, որպեսզի նմանատիպ հարցերը քննարկվեն եւ որոշումներ ընդունվեն ավագանու նիստերում, որոնք էլ հիմք կհանդիսանան համապատասխան միջոցառումների իրականացման համար:

Մարզպետները տեղեկացրեցին նաեւ, որ ներկայումս տեղերում բավականին ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում բանկային եւ վարկային կազմակերպությունները՝ գյուղացիական տնտեսությունների վարկային պարտավորությունների ուսումնասիրման եւ խնդիրների կարգավորման ուղղությամբ:

Ա. Անդրեասյանը ներկայացրեց գարնանային սելավային ջրերն ինքնահոս համակարգերի միջոցով տնտեսություններին հասցնելու նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը:

Ա. Գեւորգյանն ընդգծեց, որ աջակցության ծրագրերի պատշաճ իրականացման խնդիրը լինելու է կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում եւ խորհրդակցության մասնակիցներին առաջարկեց հետեւողական լինել, որպեսզի բոլոր աշխատանքները կատարվեն ժամանակին եւ ողջ ծավալով: Նա նաեւ առաջարկեց, որպեսզի Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների եւ մարզպետարանների աշխատակիցները տեղերում ներկայացնեն օժանդակության ծրագրերն ու պարզաբանեն աջակցության տրամադրման մեխանիզմները:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը