Մեկնաբանություն

11.04.2014 17:13


«Սերժի գամբիտ»

«Սերժի գամբիտ»

Երեկ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ, անկախ իր կամքից, հաստատեց, որ Տիգրան Սարգսյանին հեռացնելը ոչ թե մեկ կամ երկու ամիս առաջվա պլանավորած քայլ էր, այլ ոչիշխանական ուժերի ճնշման արդյունք և իրավիճակային որոշում։ Եթե նա ունենար իր վարչապետի թեկնածուին, ապա արդեն հայտարարած կլիներ նրա անունը, այլ ոչ թե կսպասեր մինչև ապրիլի 14–ը։

Հիմա նա ում էլ առաջարկի վարչապետի պաշտոնում, ակնհայտ է, որ ժամանակի ճնշման տակ է այդ որոշումը կայացնելու, այսինքն՝ ցայտնոտային վիճակում։

Շուրջօրյա հանրահավաքների ահից Սերժը զոհաբերեց իր սիրելի վարչապետին ու հետո փորձեց նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել, սակայն հակառակ դիրքում հայտնվեց։

ԲՀԿ–ի հետ երեկվա հանդիպումից հետո Սերժ Սարգսյանի ծրագրերը ձախողվեցին, քանզի Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ որևէ պարագայում չի ողջունի երկրի կառավարման մոդելի փոփոխության միջոցով իշխանության վերարտադրության ծրագիրը։

Մինչև երեկ երեկոյան Սերժ Սարգսյանը համոզված էր, որ «նախագահ չեմ ուզում, վարչապետ չեմ ուզում» խոստումներով համոզելու է ԲՀԿ–ին ու նաև ոչիշխանական ուժերին միանալ սահմանադրական փոփոխությունների հակապետական խաղին։

Նա այնքան վստահ էր, որ իր «շուստրի» ծրագիրն անցնելու է, որ արդեն երեկոյան պատրաստվում էր վարչապետ նշանակել Հովիկ Աբրահամյանին, ով, ըստ Սերժի, պետք է ոչիշխանական դաշտի (հատկապես՝ ԲՀԿ–ի) զսպող ֆունկցիա ու տեղապահի դերակատարում ստանձներ։ Սակայն ամեն ինչ խառնվեց իրար։ Սերժն իր խաղաքարերն ամբողջությամբ բացեց (ցույց տվեց, որ ուզում է հետագայում դառնալ «Գենեռալնի սեկռետար ՑեԿաԿոմՊարտիի ի պռեդսեդածել վեռխովնովո սովետա»)՝ այդպես էլ չհաջողացնելով տեսնել դիմացինի խաղաքարերից գոնե մեկը։

Եթե այս ամենին գումարում ենք նաև ոչիշխանական ուժերի՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀԺԿ–ի ու «Ժառանգության» առաջին դեմքերի հանդիպման փաստը, ապա լրիվ պարզ է դառնում, թե ինչու «նախաձեռնողական» Սերժը հայտնվեց փակուղում ու ՀՀԿ նիստում անուն չտվեց։

Եվ այսպես, ապրիլի 10–ին մենք ականատես եղանք «Սերժի գամբիտի»։ Դրա առանձնահատկությունն այն է, որ եթե շախմատում որևէ ֆիգուրի զոհաբերության են գնում խաղասկզբում, որպեսզի արագ հարձակման անցնեն, ապա «Սերժի գամբիտի» դեպքում «Վերջի բոլշևիկը» զոհաբերեց «Օֆշորի Տիկոյին», բայց մնաց իր իսկ կիրառած «պրյոմի» տակ, ու հիմա ստիպված է պատեպատ տալ իրեն։

Սերժի թույլ կողմն այն է, որ իրեն թվում է, թե իր պարզունակ քայլերը հաշվող չկա։ Նա միգուցե ուժեղ է կուլիսային «մուտիլովկաներում», բայց քաղաքական դաշտում սկսնակ է ու ոտաբոբիկ։

Սերժը երեկ որոշել էր քաղաքական հարթության մեջ սատանի մայլում քյանդրբազություն անել, բայց դե, «էնդշպիլը» իր համար դարձավ մշուշոտ և տագնապներով լեցուն։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը