Լրահոս

12.04.2014 11:35


Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունն ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 410 բանաձևի վերաբերյալ

Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունն ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 410 բանաձևի վերաբերյալ

Ազատ դեմոկրատներ կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունման կապակցությամբ:

Մենք բարձր ենք գնահատում բանաձևի հեղինակների, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և հանձնաժողովի` բանաձևին կողմ քվեարկած անդամների սկզբունքայնությունն ու հավատարմությունը մարդու իրավունքներին և պատմականորեն անհերքելի փաստերին:

Ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին նման բանաձևի ընդունումը հստակ ազդակ է ողջ աշխարհին, որ Հայոց ցեղասպանությունն անհերքելի փաստ է, իսկ դրա ժխտումը` փաստերն անտեսելու փորձ:

Մեր տարածաշրջանի ներկայիս զարգացումների և փխրուն իրավիճակի ֆոնին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 410 բանաձևի ընդունումը չափազանց կարևոր քայլ է և մեծ ներդրում ճշմարտության վերականգման գործում:

Մենք հույս ունենք, որ Հայոց ցեղասպանության բանաձևը կընդունվի ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի կողմից, ինչպես նաև ԱՄՆ նախագահն, ի վերջո, կճանաչի 20-րդ դարի առաջին և դեռևս անպատիժ մնացած ցեղասպանության փաստը:

Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը