Տնտեսական

12.04.2014 18:24


Վահագն Խաչատրյանի ելույթը «քառյակի» կազմակերպած տնտեսական համաժողովում

Վահագն Խաչատրյանի ելույթը «քառյակի» կազմակերպած տնտեսական համաժողովում

Վահագն Խաչատրյանի ելույթը «քառյակի» կազմակերպած տնտեսական համաժողովում:

Համաժողովի հարգելի մասնակիցներ,

Այն որ Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է խորը, համակարգային քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյա-հոգեբանական ճգնաժամի մեջ, փաստ է: Այլևս որևէ նախաձեռնություն, որը նպատակ ունի փոխել ստեղծված իրավիճակը այսօրվա գործող քաղաքական, տնտեսական հարաբերությունների պայմաններում՝ մատնված է անհաջողության: Հիվանդին` տվյալ դեպքում գոյություն ունեցող համակարգին՝ Ավազակապետությանը, դեղամիջոցները այլևս չեն փրկի: Եկել է Կտրուկ, անհետաձգելի վիրահատության Ժամանակը: Եվ դա պետք է արվի առանց հապաղելու, շտապ, որպեսզի հնարավոր լինի փրկել հիվանդին, կանխելով երկրի փլուզումը:

Ես ներկայացնում եմ մի քաղաքական ուժ` Հայ Ազգային Կոնգրես, որը տարիներ շարունակ դժվարին քաղաքական պայքարի ընթացքում ՀՀ քաղաքացիներին, հանրությանը հետևողականորեն ներկայացրել է երկրում գործող համակարգի արատավորությունը և վտանգավորությունը, միաժամանակ տարբեր առիթներով ներկայացրել իր մոտեցումները, ծրագրերը: Մեզ համար պարզ էր, որ ՀՀ-ն, որը քսանվեց տարի շարունակ գտնվում է հայտարարված և չհայտարարված պատերազմի մեջ, որը ունի սահմանափակ նյութական, մարդկային ռեսուրսներ, չի կարող առանց իրական ժողովրդավարության, քաղաքական և տնտեսական ազատությունների, առանց հիմնարար այնպիսի սկզբունքների, ինչպիսիք են՝ ազատ մրցակցությունը, օրենքի գերակայությունը, օրենքի առաջ հավասարությունը- անկախ դատական համակարգը, իշխանության և գործարարության տարանջատումը – դիմակայել բոլոր այն վտանգներին`թե ներքին, թե արտաքին, որ կային ու կան մինչ օրս Հայաստանի Հանրապետություն Պետության առաջ:

Հենց վերը նշված` պետության կառավարման համար կարևոր և նշանակություն ունեցող սկզբունքների հաշվի չառնելը, արհամարելը երկիրը աստիճանաբար հասցրեցին մի այնպիսի վիճակի, երբ քաղաքացին այլևս չի ցանկանում ապրել սեփական երկրում, գերադասում է տուն,տեղ թողած հեռանալ հայրենիքից` պատճառն էլ միայն մի կտոր հացի գումար հայթաթայթելը չի. մասնագիտական ուսումնասիրությունները պարզել են, որ մեր հայրենակիցների հայրենիքը լքելու հիմնական պատճառները հեռանկարի բացակայությունն է, արժանապատիվ ապրելու ցանկությունը: Պետք է արձանագրել, որ գործող իշխանական համակարգը իր վերարտադրության և իշխանության պահպանման համար արտավորեց, արժեզրկեց նաև ամբողջ պետական ինստիտուտները, դրանք ծառայեցնելով միայն և միայն իր նպատակներին, անտեսելով Պետությունը, ՀՀ Քաղաքացիներին. Հայ Ժողովրդին:

Կա մի հարց, որ միշտ հնչել է, բարձր կամ չլսելու ձայնով, քննարկման կամ պարզապես լսելու համար. շատ դեպքերում առանց պատասխանի ակնկալիքի: Հարցը հետևյալն է` արդյո՞ք այս ամենը ի՞նչ կատարվում է նախօրոք ծրագրավորված գործողությունների արդյունք է: Ինձ համար պատասխանը շատ հստակ է՝ իշխանությունը իր քաղաքական, տնտեսական նպատակներից ելնելով ծրագրավորված, կազմակերպված ձևով իրականացրել է պետության, պետական ինստիտուտների արժեզրկելու, սեփական քաղաքացիներին հուսալքելու, արժանապատիվ ապրելու հնարավորությունից ու պայքարից հրաժարվելու քաղաքականություն: Փորձեմ հիմնավորել վերը ասածները անդրադառնալով տնտեսությանը, տնտեսական դաշտի փաստացի իրավիճակին:

1. Պետության դերը

Ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր տարբերակներում, առջարկներում կա մի վտանգավոր ճանապարհ, որին չեմ կարող չանդրադառնալ: Խոսքը վերաբերում է Պետության դերին: Մեր երկրում ստեղծված անհուսալի, անհեռանկար վիճակը կարող է այսօր շատերի մոտ տպավորություն առաջացնել, համոզմունք ձևավորել, որ այս ամենի պատճառը պետության թուլության հետևանք է: Այսինքն, այ եթե պետությունը ուժեղ լիներ, երկրի, քաղաքացիների վիճակը անհամեմատ լավ կլիներ: Այս շփոթմունքը կա: Տվյալ դեպքում դա պայմանավորված է պետությունը և իշխանությունը իրարից չտարանջատելու հանգամանքով, այն դեպքում, երբ իշախանության գործունեության գնահատականներ տալիս պետք է նախ և առաջ գնահատել ամբողջ Պետությանը: Այս առումով, միանշանակ է, որ ՀՀ-ում գործող իշխանությունը զբաղված է հակապետական գործունեությամբ` թալան, կողոպուտ, հովանավորչություն, կոռուպցիա, քաղաքացիների անվտանգության երաշխիքների բացակայություն, բիզնեսի և մարդկանց ահաբեկում: Այս գործելաոճը որևէ կերպ չի առնչվում ՀՀ Պետության պարտականությունների և անելիքների հետ`համաձայն ՀՀ Սահմանադրության: Այստեղ նստած տնտեսագետները, և հատկապես տեսաբան տնտեսագետները, ինչպես նաև այդ մասնագիտության հետ այս կամ այն ձևով առնչություն ունեցողները շատ լավ տեղյակ են դարեր շարունակ շարունակվող վեճի մասին ՝ ինչպիսին է պետության մասնակցության աստիճանը, չափը տնտեսական, հասարակական կյանքում: Այսօրվա գոյություն ունեցող համակարգում այն շատ բարձր է` հաշվի առնելով նաև ստվերային, կառավարվող տնտեսության չափերը, տարբեր գնահատականներով այն հավասար ՀՆԱ-ի 40-60 տոկոսի:

Տնտեսական համակարգը փոխելուն միտված ծրագրերում պետք է զերծ մնալ պետության դերակատարումը մեծացնելու գայթակղությունից, ինչը նաև համահունչ չէ ազատ մրցակցային շուկայի զարգացման համար անհրաժեշտ նախապայմաններին : Պետք է նաև հնարավորիս նվազագույնի հասցնել կամ պարզապես բացառել պետության տնտեսական գործունեության գործընթացում ան միջական մասնակցությունը:

Ամփոփելով այս հարցի հետ կապված մտորումները, ուղղակի հիշեցնեմ դասական սահմանումը. «Պետությունը պետք է սահմանի բոլոր տնտեսվարողների համար հավասար գործունեության պայմաններ ու կանոններ, երաշխավորի բարեխիղճ մրցակցությունն ու ապահովի արդյունավետ վերահսկողություն»:

Հայստանի տնտեսական հաջողությունները նախ և առաջ պայմանավորված կլինեն պետության բիզնեսին ազատություն տալու պատրաստակամությունից: Իրական ճեղքում ապահովելու համար բիզնեսին պետք է գործով, կոնկրետ քայլերով ցույց տալ այդ պատրաստակամությունը: Տարիներ շարունակ գործող համակարգը անընդհատ խաբեությամբ է զբաղվել` սահմանելով օրենքով մի կարգ, իրականում նրանց ստիպելով աշխատել այլ կանոններով, որոնք օրենքի հետ որևէ աղերս չեն ունեցել, որպես լավագույն օրինակ կարող է ծառայել հարկային և մաքսային մարմինների աշխատաոճը: Հիշում եք ինչ էր ասում հայտնի անգլիացի դասականը` Ադամ Սմիթը – երկրի զարգացման համար անհրաժեշտ են .

ա/ խաղաղություն- կայունություն

բ/ խելամիտ օրենքներ

գ/ ցածր հարկեր

Կարծում եմ՝ այսօր էլ այս մոտեցումները շատ արդիական կարող են դառնալ նոր քաղաքական իրավիճակում ապագա սպասվելիք փոփոխությունների համար:

2. Կոռուպցիա

Հաջորդ կարևորագույն խնդիրը, որ կանգնած է այսօր պետության առջև և մինչ օրս լուծում չի ստացել – դա համատարած, համակարգված կոռուպցիան է: Այս խնդրի հետ կապաված պարզապես ներկայացնեք մասնագետների եւ միջազգային կառույցների մի քանի գնահատականներ։ Հայտնի տնտեսագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Դարոն Աճեմօղլու (համարվում է աշխարհի ամենաընթերցվող տաս տնտեսագետներից մեկը).

1. «...խնդիրը, որՀայաստանն ունի, աշխարհագրական չէ, մշակութային չէ, աշխարհաքաղաքական չէ, այլ քաղաքական է: Խնդիրը քաղաքականությունը սեփական քաղաքացիների պահանջներին ավելի համահունչ դարձնելն է: Այնպես, որ քաղաքական այդ գործընթացի միջոցով Հայաստանը դադարի լինել օլիգարխիա» (Հայկական տնտեսագիտական միության տարեկան գիտաժողով Հոկտեմբերի18-21.-2013թ):

2. Միջազգային Gallup International կազմակերպության 2013թ. զեկույցում Հայաստանում կառավարության կոռուպցիայի ընկալման ցուցանիշը 74% է: Համեմատության համար նշենք, որ հարևան երկրներից Վրաստանում կոռուպցիայի ընկալման ցուցանիշը կազմում է 25%, Թուրքիայում`53%, Ադրբեջանում՝ 62%: Զեկույցում տարակուսանք է հայտնվում, թե՝ «Առաջին հայացքից արդյունքները նույնիսկ հիասթափեցնող են թվում հակակոռուպցիոն գլոբալ ջանքերի ֆոնին»։ Տարակուսելու ոչինչ չկա, քանզի կոռուպցիայի հեղինակը, տերն ու տնօրենը ու միաժամանակ դրա դեմ «պայքարողը» նույն ինքը՝ կոռումպացված իշխանությունն է։

3. KPMG ներկայացուցիչ Էնդրյու Քոկշելը (Деловой Экспресс №01 (899) от 17 января 2011 года), գնահատելով Հայաստանում կոռուպցիայի և ստվերային տնտեսության մակարդակը, մասնավորապես նշում է. «Կարծում եմ Հայաստանի տնտեսության զարգացման գլխավոր 3արգելակը կոռուպցիան է… Իմ գնահատականներով ստվերային տնտեսության մասշտաբները երկրում կրկնակի ավելի են ոչ ստվերայինից»:

4. Մեկ այլ ուշագրավ գնահատական է հնչեցրել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի տնօրենների խորհրդի ներկայացուցիչ Կ.Բայերը (Մամուլի ասուլիս, 19 հոկտեմբերի 2011թ.): Ըստ Կ.Բայերի, տարբեր պոտենցիալ ներդնողների կողմից Հայաստանը ընկալվում է որպես բարձր կոռուպցիա, ոչ արդար դատական համակարգ ունեցող երկիր, երկիր, որտեղ մարդիկ, որոնց իրավունքները ոտնահարվում են , չեն կարողանում դատական կարգով վերականգնել իրենց իրավունքները:

Կարծում եմ այսքանից հետո այլևս ոչ մեկի մոտ հարց չի առաջանա կամ ավելի շուտ միանգամայն պարզ կլինի, թե ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը գնալով կրճատվում , 2013 թ-ին հասնելով ընդամենը 469 մլն դոլարի, նվազելով 35,3%-ով, իսկ իրական հատվածում ՕՈՒՆ կազմել է ընդամնեը 271,2 մլն.դոլար, նվազելով 52,2%-ով:

3. Բիզնես և իշխանություն

Բիզնեսի և կառավարությունների միջև գոյություն ունեցող կապերը խթանում են կոռուպցիան ու խաթարում են տնտեսական կայունությունը, ասված է Transparency International-ի զեկույցում, որը դիտարկում է իրադրությունը եվրոպական 25 երկրում։ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի պատճառած տարեկան վնասը գնահատել է Policy Forum Armenia ամերիկյան վերլուծական կենտրոնը, ըստ որի. « ...կոռուպցիայի պատճառով տնտեսական աճի ցուցանիշը տարեկան կրճատվում է 2 տոկոսային կետով։ Եվ Հայաստանի ՀՆԱ-ն, այսօրվա 10.5 միլիարդ դոլարի փոխարեն՝ կարող էր լինել ավելի քան 16.4 միլիարդ»: 4PFA-ի զեկույցի հեղինակները ներկայացրել են մանրամասն հաշվարկներ և բերել կոնկրետ թվեր։ Նրանց խոսքով՝ Հայաստանում այժմ ձևավորվել է մի համակարգ, որտեղ մի քանի «ընտրյալներ» անհամաչափ մեծ վերահսկողություն ունեն իշխանության և որոշումների կայացման գործընթացի վրա և դա ծառայեցնում են իրենց նեղ շահերին՝ ի վնաս բնակչության։ Եվ այս ամբողջը պաշտպանվում է դատաիրավական համակարգի կողմից, որը ռեժիմի անվտանգության երաշխավորն է և արգելափակում է ժողովրդի կողմից դրա դեմ ուղղված ցանկացած մարտահրավեր։ «Վարչակազմի ընտրած տնտեսական քաղաքականությունը՝ իր հարկաբյուջետային, դրամավարկային, սոցիալական և կառուցվածքային բաղադրիչներով, իրականացվում է մեկ հստակ նպատակով՝ ավելի հարստացնել իշխող վերնախավին։ Այս ամենը հարվածում է, առաջին հերթին, խոցելի խավերին՝ աղքատներին, հաշմանդամներին, տարեցներին, վնաս է հասցնում ազգային անվտանգությանն ու ռազմական պատրաստվածությանը։ Որպես այս ամենի արդյունք՝ Հայաստանում խորացել է եկամուտների անհավասարությունը և մեծացել աղքատների թիվը։ Արտագաղթը հասնում է աղետալի չափերի։ Վիճակագրական տվյալների աճպարարության միջոցով՝ ուռճացնելով տնտեսության իրական աճն ու նվազեցնելով գնաճի իրական ցուցանիշը, վարչակազմը ներկայացնում է բարենպաստ պատկեր՝ տնտեսության և աղքատության առումով»,- նշված է զեկույցում։ Ըստ PFA փորձագետների, դա տեղի է ունենում երկու ուղղությամբ։

Եկամուտների հավաքագրում

«Կառավարությունը պատշաճ կերպով չի հարկում իր «բարեկամներին»՝ օլիգարխներին և մեծ բիզնեսներ ունեցող բարձրաստիճան պաշտոնյաներին, փոխարենը՝ հետապնդում են մնացած գործարարներին լրացուցիչ տուրքերով, հարկային կանխավճարներով և կաշառքներով։ Այս ամենը բավականին դժվար կացության մեջ է դնում անկախ բիզնեսը, որն, ի վերջո, դառնում է անմրցունակ՝ նպաստելով, որ օլիգարխների և իշխանության հետ փոխկապակցված բիզնեսն իր ձեռքում կենտրոնացնի տնտեսությունը։ Արդյունքում՝ մի քանիսը դառնում են շատ հարուստ, մինչդեռ մյուս կողմից՝ թուլանում է մրցակցությունը, վերանում են նորարարության խթանները, սահմանափակվում է տնտեսական աճն ու զարգացումը»,- գրում են PFA-ի մասնագետները։ Այս առումով զեկույցի հեղինակները բերում են բավականին հետաքրքիր տվյալներ՝ կապված հարկերի հավաքագրման հետ։ Այսպես, ԱՄՀ-ի (տես՝ IMF 2013, table 6) և Համաշխարհային բանկի (տես՝ WB 2011) կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանի համար հարկեր/ՀՆԱ պոտենցիալ հարաբերակցությունը 21%-ն է՝ առանց սոցհատկացումների։ Մինչդեռ 2009-2011 թվականներին Հայաստանում հարկեր/ՀՆԱ փաստացի հարաբերակցությունը եղել է 16.1-16.7 տոկոս (ԱՊՀ երկրների շարքում ավելի ցածր ցուցանիշ ունի միայն Տաջիկստանը)։ Այս տվյալները հաշվի առնելով՝ զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանը թերհավաքագրել է տարեկան ՀՆԱ-ի 4.3-4.9%-ը և հաշվարկել են,որ միայն 2011 թվականին ՀՀ բյուջեն ստացել է 450 միլիոն դոլարով պակաս եկամուտ, քան հնարավոր էր ստանալ։ Հիմնվելով ՀՆԱ պոտենցիալ ծավալի (ավելի քան 16.4 միլիարդ ԱՄՆ դոլար), Հայաստանի համար հարկեր/ՀՆԱ պոտենցիալ (21%) և փաստացի հարաբերակցության (16.1-16.7 տոկոս) ցուցանիշների, ՀՀ 2011 – 2012թ.թ. պետական բյուջեի հարկային եկամուտների ծավալների վրա, հեշտությամբ կարելի է հաշվարկել, որ հարկային եկամուտների գծով պետական եկամուտները կարող էին կազմել շուրջ 3.5 մլրդ ԱՄՆ դոլար` փաստացի 1.6 – 1.7 մլրդ-ից կրկնակի չափով ավելի: Այսինքն, պետության իրական 5եկամուտների մի զգալի մասը թալանվում է մինչև բյուջե մտնելը և միայն հարկային եկամուտների գծով կոռուպցիոն բուրգը պետությունից հափշտակում է ավելի քան 1.7 – 1.8 մլրդ ԱՄՆ դոլար:

Բյուջեի ծախսեր

Ըստ PFA-ի զեկույցի, Հայաստանում բյուջետային ծախսումների վրա էական ազդեցություն ունեն կոռուպցիան և պետական գնումների համակարգի թերությունները։ Այս ամենի համար երկիրը վճարում է թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական առումով։ Տնտեսական գինը միջոցների վատնումն է, ռեսուրսների սխալ բաշխումը, անարդյունավետությունը, և այլն։ Իսկ սոցիալական գինը (կամ ծախսերը) ոչ թափանցիկ, չկառավարվող հովանավորչական ցանցերի և որոշ խմբերի անհատական շահերի մեծացումն է։ Իսկ այդ ցանցերի ծաղկումը թուլացնում է օրենքի գերակայությունը, հետևաբար նաև՝ կառավարության նկատմամբ վստահությունը ու հաշվետվողականությունը՝ քայքայելով պետական ինստիտուտների և հանրային ծառայությունների ապահովման արդյունավետությունը։ Զեկույցի հեղինակների հաշվարկների համաձայն՝ ՀՀ բյուջետային կորուստները ծախսերի մասով գերազանցում են ՀՆԱ-ի 7%-ը։ Օրինակ՝ 2012 թվականի բյուջետային կորուստը կազմել է մոտ 750 միլիոն դոլար։ Հատկանշական է, որ բյուջեի ծախսերի մասով նույն գնահատականը ժամանակին տրվեց նաև ՀՀ վերահսկիչ պալատի կողմից: Մեկ անգամ ևս անդրադառնալով տնտեսական վիճակին, նշենք , որ գործազրկությունը, աղքատությունը ու արտագաղթը Հայաստանի հիմնական մարտահրավերներն են: Սրանց պետք է ավելացնել նար անկատար մրցակցային միջավայրը: «Տնտեսություն և Արժեքներ» հետազոտական կենտրոնը հաշվարկել է, որ ՀՆԱ-ի աճի տեմպը շատ մեծ դերակատարում ունի այս խնդիրների լուծման համար: Շուրջ 10 տարի հետո գործազրկության 6% մակարդակ, արտադրողականության տարեկան 5% աճ և տնտեսական շարժառիթներով պայմանավորված զրոյական միգրացիա ապահովելու համար տնտեսությունը պետք է աճի 7%-ով: ՀՆԱ-ի 10% աճի պայմաններում նախատեսված արդյունքները կարելի է ապահովել մինչև 2016թ.: Հայաստանի տնտեսական աճի ներկայիս տեմպերի պարագայում` 3-4%, թիրախային խնդիրները հնարավոր կլինի վերացնել մինչև 2040թ.: Ամփոփելով ելույթս, մեկ անգամ ևս նշեմ, որ ստեղծված իրավիճակում միայն քաղաքական փոփոխությունները արդյունք կտան: Գործող համակարգը, համակարգի ներկայացուցիչները անցած ժամանակաշրջանում «հաջողությամբ» իրենց աշխատանքով, արդյունքներով ապացուցեցին իրենց իսկ ստեղծած համակարգի սնանկությունը:

Փաստեր, խնդրեմ ինչքան ուզեք, բավարարվենք այսքանով: Առանց մեկնաբանության`No coment

ա/ երեք միլիարդ դոլարի չհասնող խղճուկ բյուջե, տարածարջանում ամենափոքրը:

բ/ նաև խղճուկ ՀՆԱ – ընդամենը ` 11.7 միլիարդ դոլար, տարածարջանում ամենափոքրը:

Ի դեպ, 2008թ. վերջին Հայաստանի ՀՆԱ-ն կազմում էր 3 տրիլիոն 650 միլիարդ դրամ, 2013թ. վերջին` 4 տրիլիոն 266 միլիարդ դրամ։ Սակայն դոլարային արտահայտությամբ հակառակ պատկերն է. 2013թ. վերջին ` 11.7 միլիարդ դոլար, 2008-ի վերջին` 10.4 միլիարդ դոլար։ Այսինքն` Տիգրան Սարգսյանին այդպես էլ չհաջողվեց հասնել տնտեսության մինչճգնաժամային մակարդակին։

գ/ վտանգավոր չափի հասնող պետական պարտք `2011թ.-4,373 մլրդ. դոլար, 2012թ.- 4,588 մլրդ դոլար, 2013 թ. – 4,591 մլրդ դոլար, որից`արտաքին պարտքը - 2011թ.- 3,805 մլրդ դոլար, 2012թ.- 3,904 մլրդ դոլար, 2013 թ.- 3,909 մլրդ դոլար:

դ/ ահագնացող չափերի հասնող արտագաղթ – վերջին հինգ տարում 250000 մարդ:

Այսօր պետության առջև կանգնած մարտահրավերները պահանջում են երկրի զարգացման այլ մոտեցումներ, կարճ թվարկեմ այն հիմնական խնդիրները, որ պետք է լուծի նոր իշխանությունը`

ա/ մրցակցային միջավայր`

- քաղաքական գործունեության հավասար, մրցակցային պայմաններ

- ազատ, մրցակցային ընտրություններ

- հավասար մրցակցային պայմաններ, մենաշնորհների վերացում կամ օրենսդրական սահմանափակումների հավասար կիրարկում ( հիշեցնենք, որ Միջազգային կառույցները արձանագրեցին, որ Հայաստանի տնտեսությունը տարածաշրջանում մենամոնոպոլիզացվածն է)

բ/ դատական համակարգի անկախությունը

գ/ օրենքի գերակայություն

դ/ օրենքի առաջ հավասարություն

Վերը նշված նպատակները իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, հետևողականություն, հավատ, վստահություն բարդ, միաժամանակ խիստ հրատապ, պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող խնդիրները լուծելու համար: Համոզված եմ, որ Ազգային Ժողովի «Հրաշալի Քառյակը» ի վիճակի է իր վրա վերցնելու այդ խնդիրների իրականացնելու պարտականությունը, մեկ օր առաջ Հայաստանի Հանրապետությունը զարգացման բնականոն հունի մեջ դնելով:

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը