Մեկնաբանություն

13.04.2014 12:00


Ի՞նչ է եղել, կարող է հենց հիմա էլ Բաղրամյան 26-ից տեղափոխվել ՀՀԿ գրասենյակ

Ի՞նչ է եղել, կարող է հենց հիմա էլ Բաղրամյան 26-ից տեղափոխվել ՀՀԿ գրասենյակ

Վերջին օրերին Սերժ Սարգսյանը կարծես թե իր հրաժեշտի երեկոյի կամ ցերեկույթի սցենարն է գրում: Ավելի ճիշտ, թախծոտ երանգավորմամբ այնպիսի հայտարարություններ է անում, որ թվում է, թե վաղը կամ ամենաուշը մյուս օրը իրերն հավաքելու է նախագահական պալատից ու հեռանալու է, սակայն իր բոլոր իրական քայլերը ցույց են տալիս, որ ամենևին էլ հեռանալու մտադրություն չունի:

Նախ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նիստում նա երդվեց, որ այլեւս չի առաջադրվելու նախագահի պաշտոնում եւ նաեւ ասաց, որ եթե կառավարման մոդելի իր ուզած տարբերակը չընտրվի, ապա վարչապետի պաշտոնի էլ չի հավակնելու:

Այսօր էլ ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցով հրավիրված կուսակցական սկզբնական կազմակերպության ժողովում, մեկնաբանելով իր նախորդ հայտարարությունը, ասաց. «Արած հայտարարությունը շատ պարզ է: Ի՞նչ է, պարտադիր մեկն անպայման պետք է մի քսան անգամ նախագա՞հ լինի: Կարող է ուրիշի մոտ ավելի հաջող է ստացվում, թող մեկ ուրիշը գա փորձի, ի՞նչ խնդիր կա: Իսկ ո՞վ է ասել, որ ես ամենալավն եմ, եւ ինչո՞ւ անպայման ես պետք է լինեմ: Դուք գիտեք շատերին, ովքեր համարում էին, որ իրենք ամենալավն են, բայց իրենց կարծիքը քիչ է: Սա է, պատճառը սա է, ուրիշ որեւէ բան չկա: Բայց եթե ուշադիր նայել եք, ես նաեւ ասել եմ, որ ՀՀԿ-ն շարունակելու է իր վճռական դերակատարությունը: Իսկ ի՞նչ է եղել. շատ լավ կուսակցական գրասենյակ ունենք, որ նախագահականին քիչ է զիջում: Կգնամ այդ գրասենյակում էլ կնստեմ, կաշխատեմ»:

Պարզ է, որ ոչ ոք երբեք չի ասել, որ ինքն ամենալավն է, ոչ ոք անգամ չի ասել, որ ինքը լավն է: Բոլորը հակառակն են ասել եւ ասում, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներն ամենաանհաջող ու ձախողված տարիներն են:

Կամ եթե մեկն էլ ասել է, ապա երգի տեսքով, երբ, հիշեցնենք, կառավարական հերթական համերգներից մեկի ժամանակ, որին ներկա էր ինքը՝ Սարգսյանը, Թաթան երգում էր՝ «Ամենալավը դու ես» երգը: Բայց ընդամենը երգում էր:

Հիմա թե ինչու է Սերժ Սարգսյանը ինքն իրեն հարց տալիս՝ այնքան էլ հասկանալի չէ:

Ավելի ճիշտ, հասկանալի է: Այդ կերպ նա փորձում է շարքային կուսակցականներին բացատրել նախագահի պաշտոնում չառաջադրվելու պատճառը: Թեպետ, արդեն նշել ենք, որ նա դրա իրավունքն էլ չունի, քանի որ գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս երրորդ ժամկետի համար առաջադրում: Փոփոխությունների դեպքում՝ նույնպես:

Ուշագրավ է, որ Ս.Սարգսյանն արդեն երկրորդ անգամ է շեշտում հետագայում էլ Հանրապետական կուսակցության ,,վճռական դերակատարություն,, ունենալու մասին:

Կարծես, ընտրություններով չի որոշվելու ՀՀԿ-ի հետագա դիրքն ու դերակատարության աստիճանը եւ այդ կուսակցության ,,հավերժական,, ներկայությունը պայմանավորված է նրա առաջնորդի վճռով ու որոշմամբ:

Ինչեւէ:

Առավել հետաքրքիր է բոլոր պաշտոններից «հրաժարիմք»-ով հանդես եկած Սերժ Սարգսյանի ասածն իր «վերջին հանգրվանի» մասին:

Դա կուսգրասենյանկն է, որը, որքան հասկանում ենք ՀՀԿ առաջնորդի խոսքից, իր ճոխությամբ ու շքեղությամբ, հարմարավետությամբ ու անվտանգությամբ նախագահական պալատին քիչ է զիջում: Այսինքն՝ համարյա նույնն է:

Կամ գուցե նման համեմատություն անելով, նա ա՞յլ բան նկատի ունի: Ասենք՝ ՀՀԿ գրասենյակն էլ գրեթե պետական մակարդակի հիմնարկ է:

Որ 2008-ից հետո նա այդպիսին է դարձրել՝ ձգտելով ՀՀԿ գրասենյակը նույնացնել կառավարության հետ՝ ակնհայտ է: Եվ որ այդ գրասենյակը հակառակ երկրում արձանագրված աղքատության չափերի՝ բավական ճոխ ու շքեղ է՝ նույնպես ակնհայտ է:

Ուրեմն՝ Էլ ի՞նչի է սպասում Սերժ Սարգսյանը:

Եթե այնտեղ ամեն ինչ հիանալի է եւ եթե ինքն այլեւս ղեկավար պաշտոնների չի հավակնում, ուրեմն՝ ի՞նչ է եղել, կարող է հենց հիմա էլ Բաղրամյան 26-ից տեղափոխվել ՀՀԿ գրասենյակ եւ աշխատել:

Համ էլ վերջապես մի ճիշտ որոշում կայացրած կլինի:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը