Լրահոս

14.04.2014 09:58


Սյունիքի դեպքերի գործով նախաքննությունն ավարտվել է

Սյունիքի դեպքերի գործով նախաքննությունն ավարտվել է
Ապրիլի 12-ին հայտարարվել է անցյալ տարվա հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով նախաքննության ավարտի մասին:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց դեպքի ժամանակ սպանված Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ և գործով միակ մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Պաշտպանն արձանագրեց, որ նախաքննության արդյունքում այսօր մեղադրվում է միայն Արտակ Բուդաղյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով՝ վարույթ իրականացնող մարմնի կարծիքով, Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին սպառնալիքներ հնչեցնելու համար:
Քննիչը հայտարարել է, որ իր հավաքած տեղեկությունները բավարար են մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար՝ այն բանից հետո, երբ կողմերը կծանոթանան գործի նյութերին:
Հայկ Ալումյանը նշեց նաև, որ Արտակ Բուդաղյանն ուներ բոլոր հնարավորությունները, որպեսզի քրեական գործի վարույթը կարճվի և իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, եթե հայտարարեր, որ դեմ չէ համաներման կիրառմանը:
«Բայց Արտակ Բուդաղյանն ինքը պնդեց, որ գործը պետք է գնա դատարան, որովհետև դատարանում մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ապացուցենք, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե այնպես, ինչպես նկարագրում է Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը և զինդատախազությունը, այլ տրամագծորեն հակառակ կերպ»,- ասաց փաստաբանը՝ պարզաբանելով, որ գործը դատարան պետք է գնար ըստ մեղադրանքի Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի՝ սպանության և ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքներով, սակայն նրանց նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել է և «մեզ այլ բան չէր մնում, քան այն, որ գոնե գործն այս ձևով մտնի դատարան և տեղի ունենա դատավարություն»:
Սպանված Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ և Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանին երկուշաբթի օրվանից պետք է տրամադրվեն գործի նյութերը, որոնք կազմում են 10 հատոր:

Մանրմասները www.pastinfo.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը