Տնտեսական

14.04.2014 10:54


Միքայել Մելքումյան. «Հանրապետությունում խաթարված է գործարար և ներդրումային միջավայրը»

Միքայել Մելքումյան. «Հանրապետությունում խաթարված է գործարար և ներդրումային միջավայրը»

«ՆՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՉՈՐՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ) ԿՈՂՄԻՑ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՀՐԱՎԻՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ ՀՀ ԱԺ ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ (ՀԱՄԱՌՈՏ)

Վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան տնտեսական, սոցիալական, գոյապահպանական և հանրային կյանքին առնչվող այնպիսի անդառնալի գործընթացներ, որոնց հետևանքով շուրջ մեկ միլիոն ՀՀ քաղաքացիներ պաշտոնապես դարձան աղքատներ, շուրջ 120 հազ.` ծայրահեղ աղքատներ, գործազրկության մակարդակը կազմում է շուրջ 20%, օտարերկրյա ներդրումները կրճատվել են շուրջ 50%-ով, ահագնացող չափերի է հասել արտագաղթը: Հարյուր հազարավոր մեր համաքաղաքացիները, առավոտից երեկո քրտնաջան աշխատելով, չեն կարողանում վաստակել իրենց հանապազօրյա հացը, միայն 2012-2013թթ. ընթացքում մեր հանրապետությունում փակվել են 3000-ից ավելի մանրածախ առևտրի օբյեկտներ` խանութներ, կրպակներ, փոքր առևտրի շուկաներ և այլն: Այդ օբյեկտներում աշխատում էին առնվազն հազարավոր մարդիկ, իսկ դա նշանակում է, որ նրանք դարձան պոտենցիալ արտագաղթողներ: Նույն վիճակն է տիրում նաև տնտեսության մյուս ոլորտներում` արդյունաբերության, գյուղատնտեսության, ծառայությունների, շինարարության և այլ ոլորտներում: Բավական է նշել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում և, մասնավորապես, վերջին 2013թ. շինարարության անկումը շարունակվել է` կազմելով պաշտոնապես 9,1%: Արտադրության ոլորտի բազմաթիվ ճյուղերում և ապրանքային շուկաներում շարունակաբար դուրս են մղվում փոքր և միջին ձեռնարկությունները, նաև խոշորների մի մասը, քանի որ կտրուկ նվազում է արտադրության և ձեռնարկատիրության շահութաբերությունը: Ձեռնարկությունները չեն դիմանում կրած վնասներին և անհավասար ու ոչ արդար մրցակցային հարաբերությունների ճնշմանը:

Այս ամենն էլ ավելի են խորացնում բացասական սպասումները և սառեցնում ակնկալվող ներդրումների իրականացումը: Մարդիկ, ձեռնարկատերերը չեն հաշտվում ամենօրյա կորուստների, վնասների հետ, ինչի հետևանքով էլ չեն իրականացվում նախկինում ծրագրավորված ներդրումները:

Մարդիկ հրաժարվում են այդ մտքից:

Ավելին` ձեռնարկատերը չի կարող տեղափոխել սեփական բիզնեսը այլ երկրներ, կամ զբաղվել սեփական երկրում այլ բիզնեսով, քանի որ որևէ մի ձեռնարկություն հնարավոր չէ վաճառել, իսկ վաճառքի գները առնվազն մի քանի անգամ ցածր են իրական գներից: Ստացվում է, որ մարդու կամ տվյալ ընտանիքի ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում ստեղծածը, իր մտավոր, ֆինանսական և նյութական ներդրումներն ու ռիսկերը մեկ օրում, մեկ տարում ի չիք են դառնում: Ստեղծվում է անելանելի վիճակ:

Շարունակվում է ծանր մնալ մեր գյուղաբնակ համաքաղաքացիների տնտեսական և սոցիալական վիճակը: Նրանց մեծ մասը օրնիբուն աշխատելով կա'մ կրում է վնասներ, կա'մ էլ ստացված օգուտները այնքան փոքր են, որ հրաժարվում է զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով: Իսկ գյուղացիների մեծ մասը ի վիճակի չեն մարելու վերցրած մի քանի հարյուր հազար դրամ կազմող վարկերը:

Կառավարությունը, ըստ էության, չի կատարում իր իսկ կողմից ներկայացրած հնգամյա Ծրագիրը, համաձայն որի յուրաքանչյուր տարի տնտեսական աճը մեր երկրում պետք է կազմեր առնվազն 5-7%, ներդրումները յուրաքանչյուր տարի պետք է ավելանային 10%-ով, պետք է ապահովվեր աշխատավարձի առաջանցիկ աճ գնաճի նկատմամբ, մարզերում պետք է ստեղծվեին ոչ գյուղատնտեսական բնույթի շուրջ 100 հազ. աշխատատեղեր և այլն, իսկ կառավարության միջնաժամկետ ծախսերի 2011-2013թթ. ծրագրի համաձայն պետք է մինչև 2013 թվականի վերջը հանրապետությունում ստեղծվեին 50 հազ. փոքր ու միջին նոր ձեռնարկություններ և 75 հազ. նոր աշխատատեղեր այդ ձեռնարկություններում:

Այդ շարքին կարելի է ավելացնել արագաչափերի և կարմիր գծերի անընդունելի միջոցառումները, որոնք էլ իրենց հերթին են շարունակում աղքատացնել մեր ժողովրդին: Մարդիկ պարտք են վերցնում, որպեսզի փակեն այդ պարտքերը:

Այս ամենն առաջացնում են հանրային լուրջ դժգոհություններ:

Ակնհայտ է, որ եթե չլինեն աշխարհի տարբեր երկրներից և, հատկապես, Ռուսաստանի Դաշնությունից ուղարկվող դրամական միջոցները` տրանսֆերտները, ապա մեր ժողովրդի գերակշիռ մասի սոցիալական վիճակը էլ ավելի անտանելի կդառնա:

Դրան է նպաստում ՌԴ-ում տիրող տնտեսական վիճակը և ռուսական ռուբլու արժեզրկման արագացումը: Արդյո՞ք կառավարությունն իրավունք ունի հույսը դնելու այդ տրանսֆերտների վրա, արդյո՞ք իրավունք ունի կառավարությունը ապահովել 6,2%-ի փոխարեն 3,5% տնտեսական աճ, որը ոչ մի դրական արդյունք չունի մեր ժողովրդի և երկրի համար, արդյո՞ք իրավունք ունի կառավարությունը վարելու փոքր և միջին բիզնեսին «խեղդամահ» անելու, իսկ դա նշանակում է հարյուր հազարավոր ընտանիքների «օրվա հացից զրկելու» քաղաքականություն:

Ուստի, նախևառաջ, պետք է ընդունել այնպիսի օրենքներ և ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք շատ արագ դրականորեն կազդեն ժողովրդի և բիզնեսի, արտադրողների և գյուղացիական տնտեսությունների, մեր բոլոր համաքաղաքացիների վիճակի վրա:

Պետք է ընդունել այնպիսի օրենքներ և ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք շատ արագ դրականորեն կազդեն ժողովրդի և բիզնեսի, արտադրողների և գյուղացիական տնտեսությունների, բոլոր համաքաղաքացիների վիճակի վրա, միաժամանակ, հույս ու հավատ արթնացնելով ժողովրդի մոտ:

Տնտեսական բարեփոխումներ

Հանրապետությունում խաթարված է գործարար և ներդրումային միջավայրը: Վերջինս բացարձակ հավատ չի ներշնչում ոչ միայն խոշոր ու միջին, այլև նույնիսկ միկրո մակարդակի ներդրումների համար:

Ուստի, պետությունը նախ պետք է հստակ վերաբերմունք որդեգրի բոլոր մակարդակի ձեռնարկատերերի նկատմամբ` նրանց զերծ պահելով պետական տարբեր պատկան մարմինների բյուրոկրատական միջամտություններից և արհեստական քաշքշուկներից:

Փոքր և միջին ձեռնարկատիրությանն անհրաժեշտ են իրական ազատություններ և հարկային արտոնություններ:

Մինչև 58.35 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող սուբյեկտներին ընդհանրապես անհրաժեշտ է ազատել հարկերից (բացառությամբ` եկամտային հարկի): Նրանց գործունեության հիմքում պետք է դնել նոր աշխատատեղերի ստեղծման և եղած աշխատատեղերի պահպանման սկզբունքը:

Նշենք նաև, որ «2014թ. պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերոնշյալ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներից մուտքերը կազմում են ընդամենը 21 մլրդ դրամ` ընդհանուր 1 տրիլիոն 200 մլրդ հարկային մուտքերի կազմում, այսինքն 1.8%:

Այսպիսով, առաջարկվող արտոնությունը չի կարող բացասական առումով էականորեն ազդել բյուջետային մուտքերի վրա:

  • 58.35 մլն դրամից մինչև 100 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար պետք է սահմանել ցածր դրույքաչափի շրջանառության հարկ` 2%:
  • 100 մլն դրամից ավելի ծավալով ապրանքների ներկրման դեպքում (այդ թվում` մեքենասարքավորումների, նյութերի և բիզնեսին անհրաժեշտ այլ ապրանքների) ավելացված արժեքի հարկի հետաձգումը իրականացնել 5 տարով:
  • Խոշոր տնտեսվարող սուբյեկտների գործունեության նկատմամբ անհրաժեշտ է կիրառել հարկային արձակուրդների ինստիտուտը:

Արդիական է մնում սահմանի վրա ավելացված արժեքի հարկի առնվազն հետաձգումը սկզբնական ժամանակահատվածում 90 օրով, հետագայում՝ ընդհանրապես, որի արդյունքում տնտեսավարող սուբյեկտներն ամսական կխնայեն շուրջ 70 մլն ԱՄՆ դոլարին համարժեք շրջանառու միջոցներ:

Իսկ գործող կարգով, փաստորեն, տնտեսավարող սուբյեկտները «վարկավորում» են պետությանը՝ ետ չստանալով համապատասխան տոկոսները:

Սա արդար չէ:

Միաժամանակ, վերոնշյալ խնդրի լուծումը պետք է կարգավորվի Մաքսային միության տարածքում գործող խաղի կանոններով:

Կարևորում ենք նաև հանրապետությունում իրական արդյունաբերական քաղաքականության իրականացումը, ոչ թե այն, ինչ 2010թ.-ից հռչակված է այսպես կոչված «արտահանմանը միտված արդյունաբերական քաղաքականություն», սակայն տարբեր տիպի հայեցակարգերի մշակումից և հայտարարելուց զատ` գործը առաջ չի շարժվել:

Անհրաժեշտ է գործողության մեջ դնել արդյունաբերական քաղաքականության պետական Ծրագիր, որի համաձայն վարչապետից մինչև մարզպետներ և համայնքապետեր կունենան օրենքով հստակ սահմանված իրավասություններ և պարտականություններ` արդյունաբերական արտադրության կազմակերպման աջակցության վերաբերյալ:

Համաձայն վերոնշյալ Ծրագրի, մարզերում կձևավորվեն հարկային արտոնյալ ռեժիմներով գործող արդյունաբերական գոտիներ:

Մարզային արդյունաբերական գոտիներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները կապահովվեն պետական բյուջեի սուբսիդավորմամբ մատչելի վարկերով, մարքեթինգային, իրավական և այլ բնույթի խորհրդատվությամբ: Արդյունաբերական գոտիներում կգործեն արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները` գազ, էլեկտրաէներգիա, պահեստային, տրանսպորտային և այլ լոգիստիկ կառույցներ, գործիքաշինական, գալվանացման, և այլ սպասարկող տնտեսություններ:

Նշենք նաև, որ 2014 թ. ՀՀ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի բյուջեն ընդամենը 569 մլն դրամ է, որից արտահանմանը միտված արդյունաբերական քաղաքականության, այսինքն արտադրության կազմակերպման սուբսիդավորման ծավալը` 20 մլն դրամ:

Սա բացահայտ անընդունելի է:

Այդ առումով անհրաժեշտ է արտադրության կազմակերպման նպատակով ստացվող վարկերի համար էապես ավելացնել պետական սուբսիդավորման ծավալը և տոկոսային աստիճանը` 3-4%-ից մինչև 6-7%:

Ընդհանրապես, Կենտրոնական բանկի կողմից վարվող քաղաքականությունն անհրաժեշտ է արմատապես վերանայել` կապված վերաֆինանսավորման բարձր` 8-8.5% տոկոսադրույքի նպատակահարմարության առումով և ոչ միայն, որի հետևանքով առևտրային բանկերի վարկերի տոկոսադրույքները բավականին բարձր են (որոնք էապես բարձր են նաև տնտեսավարող սուբյեկտների շահութաբերության մակարդակից):

Բանկերի կողմից արտարժույթով վարկերի և ներգրավված փոխառու միջոցների մարժան կազմում է հաճախ 8-10%: Պետությունը պետք է միջամտի և թույլ չտա, որպեսզի հատկապես գյուղական համայնքներում մեր բազմահազար գյուղաբնակ համաքաղաքացիները նախկինում ստացված փոքր ծավալի վարկերի տույժ ու տուգանքների ահռելի ծավալի աճի արդյունքում կորցնեն իրենց օթևանները և հայտնվեն անելանելի վիճակում:

Պետության և մեր հասարակության համար կարևորագույն չլուծված հարց է մնում սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում բնակչության սոցիալական և տնտեսական վիճակը: Ակնհայտ է, որ պետության սահմանները պահում են այդ բնակավայրերում ապրող մեր հայրենակիցները: Սակայն նրանց վիճակը դուրս է բոլոր ողջամիտ սահմաններից:

Անհրաժեշտ է, որ պետությունը ձեռք մեկնի այդ բնակավայրերի մեր համաքաղաքացիներին:

Այստեղ պետք է գործեն հարկային արտոնություններ` հատուկ ռեժիմներ` ինչպես հողի և գույքահարկի գծով, այնպես էլ պետական դոտացիաների հասցեական համակարգեր:

Սահմանամերձ մեր գյուղերը պետք է դառնան անառիկ ամրոցներ, որի գրավականը այնտեղ ապրող մարդկանց սոցիալական, տնտեսական, իհա'րկե, նաև բարոյա-հոգեբանական վիճակն է:

Ընդհանրապես, հանրապետության գյուղացիական տնտեսություններում աշխատող մեր 436 հազ. համաքաղաքացիների և նրանց ընտանիքների առօրյա հոգսերը, աշխատանքի պայմաններ, թոշակառուների և դպրոցահասակ երեխաների ներկան ու ապագան պետք է պետության ամենօրյա ուշադրության կենտրոնում լինի:

Ընդհանուր առմամբ, ՀՀ պետական բյուջեով 2014թ. գյուղացիական վարկերի սուբսիդավորման համար նախատեսված է շուրջ 700 մլն դրամ, որը մեկ գյուղացիական տնտեսության հաշվով կազմում է ընդամենը 7-8 հազ. դրամ: Սա խայտառակություն է:

Չէ՞ որ գյուղը միայն գյուղատնտեսական աշխատանքները չեն, գյուղը նաև դպրոցն ու մանկապարտեզն է, մշակույթի տունը և բուժամբուլատորիան, գյուղամիջյան ճանապարհն ու հեռահաղորդակցությունը և այլն:

Ուստի, ընդհանրապես, բնակչության կենսամակարդակի բարձրացման հիմնական նախապայմանը նրանց եկամուտների առաջանցիկ աճն է գնաճի նկատմամբ:

Ցավոք, անցած 5-6 տարիների ընթացքում մշտապես գնաճը գերազանցել է բնակչության աշխատավարձերի մակարդակը, որի հետևանքով կտրուկ կրճատվել է վճարունակ պահանջարկի մակարդակը: Իսկ վերջինիս մակարդակով էլ պայմանավորված է առևտրի և ծառայությունների շրջանառության ծավալը, տեղական սպառման ապրանքների արտադրության աճը:

Առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների մանրածախ գները վերջին հինգ տարիներին տարեկան երկնիշ մակարդակի աճ են ունեցել:

Ուստի գտնում ենք, որ պետությունը պետք է խթանի պահանջարկը, բարձրացնի մարդկանց վճարունակությունը` էապես բարձրացնելով նվազագույն աշխատավարձը և պետական ոլորտի աշխատողների միջին աշխատավարձը: Այս պայմաններում, հենց կառավարության կառավարման արդյունավետության խնդիրն է` վերահսկելի տիրույթում պահել միջին տարեկան գնաճի մակարդակը:

Նույն ուղղվածությամբ անհրաժեշտ է էապես բարձրացնել կենսաթոշակառուների թոշակները` դրանք համապատասխանեցնելով նվազագույն կենսապահովման զամբյուղի մակարդակին, իսկ յուրաքանչյուր տարի պետք է պաշտոնապես հայտարարել այդ զամբյուղի արժեքային ծավալի մասին:

Պետության ուշադրության կենտրոնում պետք է լինեն նաև շուրջ 200 հազ. հաշմանդամները, միայնակ և բազմազավակ մայրերը, նպաստառու ընտանիքները: Մի կողմից առավել արդյունավետ դարձնելով այդ խավերի նկատմամբ հասցեական քաղաքականությունը, մյուս կողմից պետք է նրանց ապահովել համարժեք աշխատանքով`ձևավորելով նրանց համար արժանապատիվ սոցիալական պայմաններ:

Այսպիսով, կառավարությունը պետք է իրականացնի բնակչության կենսամակարդակի կտրուկ բարելավման, աղքատության հաղթահարման, նոր աշխատատեղերի ձևավորմանը նպաստելու և փոքր ու միջին ձեռնարկատիրությունը, արտահանումը խթանելու, արտագաղթը կասեցնելու, սահմանամերձ գյուղական բնակավայրերը «ամրացնելու» քաղաքականություն:

Դա հնարավոր է միայն ազատ և արդար մրցակցային հարաբերությունների և դատաիրավական համակարգի, ինչպես նաև քաղաքական կամքի առկայության պայմաններում:

Այս խորագրի վերջին նյութերը