Մեկնաբանություն

14.04.2014 11:05


Ինչո՞ւ է շնորհակալ Սերժ Սարգսյանը

Ինչո՞ւ է շնորհակալ Սերժ Սարգսյանը

«Ես ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել Տիգրան Սարգսյանին՝ տարիների հավատարիմ ու նվիրված աշխատանքի համար, բոլոր այն էական ձեռքբերումների համար, որոնք արձանագրվել են այս տարիներին նրա գլխավորած կառավարության կողմից, և նորանոր հաջողություններ եմ մաղթում նրան մեր հայրենիքին ծառայելու նրա ապագա բոլոր նախաձեռնություններում: Տիգրա՛ն ջան, շատ-շատ շնորհակալ եմ»։

Սրանք Սերժ Սարգսյանի խոսքերն են՝ ուղղված «հանգուցյալ» վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Սա ՀՀԿ ղեկավարի գնահատականն է։

Սերժը շնորհակալություն է հայտնում Տիգրանին հավատարիմ ու նվիրված աշխատանքի համար։ Նա շնորհակալություն է հայտնում նաև էական ձեռքբերումների համար։

Հետաքրքիր է՝ ի՞նչ էական ձեռքբերումների մասին է խոսքը, և ո՞ւ՞մ է հավատարիմ ու նվիրված ծառայել նախկին վարչապետը։

Տիգրան Սարգսյանը վարչապետ նշանակվեց 2008–ին։ Դրանից հետո Հայաստանի տնտեսությունն անկում է ապրել և մինչև հիմա չի կարողանում վերադառնալ ելման դիրք։

ՀՀ ՀՆԱ–ն այժմ ավելի քիչ է, քան 2008–ին, եթե հաշվարկներն անենք դոլարով, և եթե հաշվի առնենք դեֆլյատորը։

Խոստացվել էր, որ ՀՆԱ տարեկան իրական աճը կկազմի 8-10 տոկոս, բայց 2009–ին դոլարային հաշվարկով ունեցանք ռեկորդային 40 տոկոսի կարգի գահավիժում, իսկ դրանից հետո տեղում դոփել ենք։

Աղքատության մակարդակը 26,5 տոկոսից աճել է՝ հասնելով 37 տոկոսի, թեև խոստոցվել էր այն կրճատել և հասցնել 11,2 տոկոսի։

Ներդրումների տարեկան ծավալների առնվազն 10 տոկոս աճի խոստման դիմաց ստացանք ներդրումների շեշտակի կրճատում և 6 միլիարդ դոլարի կապիտալի արտահոսք։

Արտագաղթի ծավալները հասել են սարսափելի չափերի։ 20082013թթ. Հայաստանը լքել է շուրջ 300 հազար քաղաքացի։ Դա մեր բնակչության 10 տոկոսն է։

Հայաստանի արտաքին պարտքը Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում եռապատկվել է՝ 1,4 միլիարդից դառնալով 4 միլիարդի կարգի։ Եվ այս պայմաններում կառավարությունը հաջողացրել է աշխարհում ամենաբարձր տնտեսական անկումը գրանցել։

Գնաճի շարունակական աճի պայմաններում ընկել է բնակչության վճարունակ պահանջարկի մակարդակը։ Եթե սրան գումարենք նաև գործազրկության աճը, ապա ակնհայտ է, որ գործ ունենք ստագֆլյացիա երևույթի հետ, երբ աշխատատեղերի կրճատմանն ու կենսամակարդակի անկմանը զուգահեռ՝ արձանագրվում է լայն սպառման ապրանքների ու ծառայությունների գների աճ։

Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանն աչքի ընկավ կոռուպցիոն սկանդալներով ու պետական ունեցվածքի թալանի աննախադեպ ծավալներով։ Օֆշորային ու բիոզուգարանային պատմությունները մանր չարաճճիություններ են պետական բյուջետային միջոցների «ատկատահանման», վարկային ռեսուրսների փոշիացման և պետական գույքի մսխման համեմատ։

Կառավարությունը բազմաթիվ գաղտնի որոշումներ է կայացրել, որոնք վերաբերում են պետական միջոցներին։ Հանրության աչքից հեռու տոտալ թալան է կազմակերպվել։

Միայն Որոտանի ՀԷԿ–ի գործարքը կամ Վերահսկիչ պալատի հայտնաբերած բյուջետային ծախսերի չարաշահումները բավական են, որպեսզի Տիգրան Սարգսյանին ոչ թե դիվանագիտական աշխատանքի ուղարկեն, այլ ուղղիչ աշխատանքային գաղութ։

Սերժ Սարգսյանը գոհ ու շատ–շատ շնորհակալ է Տիգրան Սարգսյանից, քանզի նա նվիրված ու հավատարիմ է եղել անձամբ իրեն՝ նպաստելով «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանը։

Երկրի թուլացման ու բնակչության աղքատացման ֆոնին Տիգրան Սարգսյանն իր, Սերժ Սարգսյանի և իշխանական նեղ թիմի անձնական եկամուտների աճն է ապահովել։ Դա է պատճառը, որ Սերժ Սարգսյանը շատ–շատ գոհ է նրանից, և ուզում է պահպանել այն էական ձեռքբերումները, որոնք արձանագրվել են Տիգրանի կառավարության շնորհիվ։

Սերժի գովեստն առ Տիգրան ևս մեկ ապացույցն է այն բանի, որ նա իր «տիրացուից» բաժանվել է ոչիշխանական ուժերի ճնշման տակ և սրտի խոր կսկիծով։ Նման գնահատականներից հետո «Օֆշորի Տիկոյին» աշխատանքից հեռացնելը ցույց է տալիս, որ Սերժը ստիպված է եղել գնալ այդ քայլին։

Ճնշումը, հետևաբար, պետք է ավելացնել և հասնել այն բանին, որ Սերժ Սարգսյանը նույնպես զբաղվի դիվանագիտական աշխատանքով, այն է՝ տանը, դիվանի վրա նստած, վայելի ցողունային բջիջների պատվաստման հետևանքները։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը