Մեկնաբանություն

14.04.2014 11:50


Փոխադարձ ատելության պայմաններում

Փոխադարձ ատելության պայմաններում

Սերժ Սարգսյանը որոշել էր վարչապետի պաշտոնում առաջարկել Հովիկ Աբրահամյանին՝ նախապես փորձելով «թանկ ծախել» նրան ԲՀԿ–ի վրա, սակայն չստացվեց։

Սերժը ոչ թե երեկ, այլ ավելի շուտ էր Աբրահամյանին վարչապետ նշանակելու որոշումը կայացրել, բայց լրիվ ուրիշ սցենարի շրջանակներում։ Սցենարն այդ կյանքի չկոչվեց, և Հովիկ Աբրահամյանը նշանակվեց ցայտնոտային իրավիճակում (Սահմանադրության համապատասխան դրույթը ժամանակային սահմանափակումներ է մտցրել վարչապետի առաջադրման հարցում)։

Կարելի է ասել, որ համաձայնելով վարչապետ դառնալ՝ Հովիկը, ինչ որ առումով, փրկել է Սերժին, քանզի վերջինս ապրիլի 10–ին ԲՀԿ–ի հետ հանդիպումից հետո «մանթրաժի» մեջ էր հայտնվել ու մնացել բացառապես Արթուր Բաղդասարյանի հույսին։

Ինչպես հայտնի է, ԲՀԿ–ն հայտարարել է, որ իշխող կոալիցիա մտնելու հարց իրենց օրակարգում չկա։ ԲՀԿ–ն սխալ է համարում սահմանադրական փոփոխությունների գնալը, քանզի դա չէ այսօր անհրաժեշտ Հայաստանին։ Ասել է թե՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորած թիմը մերժել է Սերժ Սարգսյանի բոլոր քաղաքական առաջարկները։ Մինչդեռ Սերժի հաշվարկներն այն էին, որ Ծառուկյանի ու Աբրահամյանի խնամիական կապերը ծառայեցվեին իր իշխանության ամրապնդմանն ու վերարտադրմանը։ Ծառուկյանը երեք մատի կոմբինացիա ցույց տվեց Սերժի այդ ծարգրին։

Դա էր պատճառը, որ հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ նիստը ֆորմալ միջոցառման վերածվեց, մինչդեռ նույն օրվա առավոտյան Սերժ Սարգսյանից մինչև Էդվարդ Շարմազանով համոզված էին, որ Հ. Աբրահամյանը նշանակվելու է վարչապետ։

Սերժի խաղաքարերը խառնվեցին ապրիլի 10–ի կեսօրին ԲՀԿ պատվիրակության հետ հանդիպման արդյունքում, ինչպես նաև հինգշաբթի երեկոյան սպասվող ոչիշխանական ուժերի առաջին դեմքերի հանդիպման մասին տեղեկատվության ֆոնին։

Երեք օրվա դեգերումներից հետո Սերժը ճարահատյալ վերադարձավ Աբրահամյանի թեկնածությանը։ Իր ուզածին հասնելու վերջին ճիգը նա գործադրեց ապրիլի 12–ին, երբ կրկին հանդիպման հրավիրեց Գագիկ Ծառուկյանին ու կրկին նույն կետերն (կոալիցիա մտնել և աջակցել սահմանադրական հանրաքվեին) առաջարկեց՝ Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու դիմաց։ Ծառուկյանի դիրքորոշումն անփոփոխ էր, և այդ մասին ևս մեկ անգամ հաղորդագրություն տարածվեց։

Այժմ բոլորի համար էլ պարզ է, որ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել առանց Սերժի գլխավոր խնդրի (ԲՀԿ–ին պարտավորությունների դաշտ բերելու) լուծման: Աբրահամյանի նշանակումը որևէ պարտավորություն տակ չի մտցնում ԲՀԿ–ին՝ անգամ հաշվի առնելով Ծառուկյանի ու Աբրահամյանի խնամիական կապերը։ ԲՀԿ–ում բան չի փոխվել Աբրահամյանի նշանակումից հետո։

Սերժը գիտի, որ ինքը ժամանակի ու հանգամանքների ճնշման տակ է գնացել Աբրահամյանի նշանակմանը։

Աբրահամյանն էլ իր հերթին գիտի, որ Սերժ Սարգսյանը ստիպված է եղել իրեն առաջարկել վարչապետի պաշտոնում և եթե ձեռքին ճար լիներ, ապա Տիգրան Սարգսյանին չէր հեռացնի ու վարչապետի աթոռը չէր հանձնի։

Սրանից հետո ամեն ինչ ընթանալու է փոխադարձ ատելության պայմաններում։ Սերժ Սարգսյանը փորձելու է խանգարել Հովիկ Աբրահամյանին, իսկ վերջինս փորձելու է սեփական դիրքերն ամրապնդել ու կամաց–կամաց տարանջատվել ՀՀԿ ղեկավարից (եթե, իհարկե, հասկանա, որ քաղաքականության մեջ խելք է պետք ու նաև արժանապատվություն)։ Բայց դա ներիշխանական խնդիր է և անձամբ Հ. Աբրահամյանի գործը։

Եթե Հովիկ Աբրահամյանը, ինչպես որ Սերժ Սարգսյանը ցանկություն հայտնեց ու հատուկ շեշտեց իր պահանջները, շարունակի Տիգրան Սարգսյանի տնտեսական քաղաքականությունը, ապա «կխուրդվի» դեռ վարչապետի կաբինետի կահույքը չփոխած։

Ոչիշխանական ուժերի և հանրության խնդիրը պետք է լինի իշխանության վրա ճնշումն ավելացնելն ու փոփոխությունների հասնելը։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Տիգրան Սարգսյանին ու նշել, որ նրան ուղարկելու է դիվանագիտական աշխատանքի։

Փաստորեն, պետբյուջեն ու դրսից բերված վարկերը մսխելու գործը գլուխ բերած «Օֆշորի Տիկոյին» փախցնում են ապահով մի վայր։

Լկտիությունն այնքան տարածված երևույթ է իշխանական կաբինետներում, որ չի բացառվում Տիգրանի՝ Կիպրոսում դեսպան նշանակվելը՝ օֆշորային հոսքերը տեղում կարգավորելու նպատակով։

Չի բացառվում նաև «արևմտամետ» Տիգրանին Մաքսային միության տարածք ուղարկելը։

Ահա այսպես է վարձահատույց լինում Սերժ Սարգսյանն իր եկամուտներն ապահովող գործիքին ու գաղափարական ընկերոջը։

Բայց միևնույն է, վաղ թե ուշ, Տիգրանը պետք է կանգնի դատարանի առաջ։ Վեց տարի երկրի հերն անիծելն ու հետագայում դիվանագիտական անձնագրով թալանածը վայելելը որևէ պարագայում չպետք է թույլ տալ։

Ես հասկանում եմ, որ նա մենակ չի լափել, բայց նա լափելու խորհրդանիշն է եղել։ Ահա այդ խորհրդանիշն է պետք խորտակել, որպեսզի բոլորի համար դաս լինի։

Այս խորագրի վերջին նյութերը