Լրահոս

14.04.2014 13:32


Ստեփան Մարգարյան. «ԲՀԿ-ն նոր կառավարության մաս չի կազմի»

Ստեփան Մարգարյան. «ԲՀԿ-ն նոր կառավարության մաս չի կազմի»

«Zham. am»-ի հարցերին է պատասխանում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

-Դուք Գագիկ Ծառուկյանի և Վարդան Օսկանյանի հետ մասնակցել եք Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: Ի՞նչ հարցեր եք քննարկել:
-Հանդիպումից անմիջապես հետո Վարդան Օսկանյանը հեռուստատեսությամբ հանդես եկավ ելույթով, որտեղ ներկայացրեց մեր կողմից դրված հիմնական պահանջները՝
1. Անհրաժեշտ է երկրում արմատապես փոխել ներկայիս տնտեսական իրավիճակը՝ վերականգնելով արդար բիզնես միջավայրը, արտոնություններ տալ փոքր ու միջին բիզնեսին և հաշվի նստել քաղաքացիական հասարակության կողմից հնչող պահանջների հետ:
2. ԲՀԿ-ն կտրականապես դեմ է սահմանադրական հանրաքվեին, մինչև հաջորդ համապետական ընտրությունները, քանզի ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում մարդկանց հուզում է ոչ թե երկրի կառավարման մոդելը, այլ այն ճչացող անարդարությունները, որոնք կատարվում են մեր սոցիալական տնտեսական կյանքում: Նշենք նաև, որ երկրում այսօր չկա սահմանադրական ճգնաժամ, այլ կա խոր սոցիալ-տնտեսական ճգնաժամ, որը հավանականություն ունի աճելու քաղաքական ճգնաժամի:
3. ԲՀԿ-ն պնդում է, որ մինչև համապետական ընտրություններ անցկացնելը պետք է փոխել Ընտրական օրենսգիրքը, և մենք կողմ ենք անցում կատարել խորհրդարանական ընտրության 100 տոկոս համամասնական սկբունքին:
4. Արագ լուծում տալ լայն հնչեղություն ստացած և ժողովրդին հուզող հրատապ խնդիրներին, որոնք են՝ պարտադիր կուտակային վճարները, տխրահռչակ արագաչափերի և կարմիր գծերի հարցը, տրանսպորտային փոխադրամիջոցի խնդիրը, ԱՊՊԱ-ի սակագնի նվազեցման հարցը, գյուղացիների բանկային, տոկոսային դրույքաչափերի հարցը և այլն:
-Երեկ վերջապես նշանակվեց նոր վարչապետ, և հանրությանը հուզում է մեկ խնդիր` ԲՀԿ-ն կարո՞ղ է կառավարության մաս կազմել և դառնալ նոր կոալիցիայի անդամ:

-Ո՛չ, ԲՀԿ-ն իր սկզբունքային դիրքորոշումը հայտնել է և՛ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից առաջ, հանդիպման ընթացքում, և՛ դրանից հետո: Նորից եմ կրկնում՝ մեր օրակարգում նման խնդիր չկա:
-Հասկանալի է, որ ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնում, սակայն ինչպիսի՞ վերաբերմունք եք ունենալու նոր կառավարության ծրագրի վերաբերյալ:
-Ընդհանրապես, կառավարության ծրագրի վերաբերյալ մենք ունենք մեր պատկերացումները, դրանք ներկայացրինք շաբաթ օրը Ծաղկաձորում խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերի կողմից կազմակերպված նոր տնտեսական քաղաքականության թեմայով կոնֆերանսում, որին մասնկացում էին նաև բազմաթիվ հայտնի տնտեսագետներ Հայաստանից և արտերկրից:
Ինչ վերաբերում է կառավարության սպասվելիք ծրագրին, ապա, կարծում եմ, որ չարժե շտապել վերաբերմունքի հարցում: Ճիշտ կլինի՝ սպասենք, մինչեւ նոր կաբինետը նոր ծրագիր ներկայացնի: Հուսանք, որ սա չի լինելու Տիգրան Սարգսյանի տխրահռչակ ծրագրի շարունակությունը, որի ադյունքում վեց տարիների ընթացքում Հայաստանում ստեղծվեց այն իրավիճակը, ինչ այսօր ունենք: Ուզում եմ հիշեցնել այդ իրավիճակը մի քանի կետերով:
1. Առաջին անգամ 23 տարիների ընթացքում Տիգրան Սարգսյանի կառավարման ժամանակ խաղաղ պայմաններում արձանագրվեց 14,4 տոկոս անկում, ինչն աննախադեպ էր միջազգային չափանիշների տեսանկյունից, որովհետեւ նմանատիպ խայտառակ ցուցանիշ արձանագրվել էր միայն Ուկրաինայում և Լատվիայում:

2. Տիգրան Սարգսյանի կառավարությունն էր, որ 2009 թվականին մեկ գիշերվա ընթացքում արժեզրկեց ազգային դրամը մոտ 25 տոկոսով՝ հսկայական չափերի վնաս պատճառելով սեփական երկրի քաղաքացիներին:
3. Տիգրան Սարգսյանի կառավարման շրջանում երկրի արտաքին պարտքն ավելացավ ավելի քան 3 անգամ:
4. Նրա կառավարման շրջանում էր, որ ծայրահեղ աղքատների թիվն ավելացավ մոտ 50 տոկոսով:
5. Տիգրան Սարգսյանի կաբինետը պարզապես անտանելի պայմաններ ստեղծեց թե՛ տեղական, թե՛ դրսի ներդրումների համար, և արդյունքում սկսվեց աննախադեպ չափերի կապիտալի արտահոսք Հայաստանից:
6. Տիգրան Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում էր, որ էապես մեծացավ երկրում տնտեսության մենաշնորհային վիճակը: Իսկ ընդամենը մեկ տարվա ընթացքում առևտրի բնագավառում փակվեցին ավելի քան 3000 խանութներ:
7. Կարող ենք արձանագրել, որ այս խայտառակ թվերի հետևում կանգնած էին մարդկային ողբերգություններ, և ամենակարևորը՝ դրանցից աննախադեպ չափերի հասնող արտագաղթն էր, որի պատճառով այս վեց տարիների ընթացքում Հայաստանը կորցրեց իր բնակչության մոտ տաս տոկոսը:
Այս շարքը կարելի էր շարունակել բավականին երկար, և կարծում եմ, որ առանց այս ամենն իմաստավորելու և հետևություն անելու՝ նոր կառավարությունը լուրջ հաջողության չի կարող հասնել, բայց միաժամանակ ուզում եմ իմ մտահոգությունն արտահայտել այն խնդրի շուրջ, որ ՀՀԿ ԳՄ նիստում հանրապետության նախագահի ելույթում չկային այն դրույթները, որոնք, տեղ գրավելով կառավարության ապագա ծրագրում, կբացառեին այն իրավիճակը, ինչի մասին խոսում ենք: Իսկ որոշ դեպքերում էլ ճիշտ հակառակը. օրինակ` կենսաթոշակների պարտադիր կուտակայինի հարցում Սերժ Սարգսյանը հատուկ ընդգծեց, որ նոր կաբինետը պետք է շարունակի Տիգրան Սարգսյանի ուղին:

-Պարո՛ն Մարգարյան, շատերը կարծում են` ԲՀԿ-ն կաշկանդված է լինելու նոր կառավարության գործունեության վերաբերյալ, ի՞նչ կասեք դրա մասին:
-Մենք մի քանի անգամ կրկնել ենք, որ մեր համար կարևոր են ոչ թե անձերը, այլ ծրագրերը: Իսկ տվյալ կաբինետի հանդեպ մեր վերաբերմունքը կապված կլինի նոր կառավարության հռչակվող կուրսով և գործելաոճով:
-Պարո՛ն Մարգարյան, նոր կառավարության խնդրից անցնենք հասարակությանը ոչ պակաս հուզող հարցին` սահմանադրական փոփոխության նոր փաթեթին և հանրաքվեին, ի՞նչ կասեք այդ մասին:
-«Բարգավաճ Հայաստանի» համար սա շատ կարևոր և սկզբունքային հարց է: Մենք չենք մտնելու առաջարկվող Սահմանադրության փոփոխությունների բովանդակային քննարկումների մեջ: Մենք սկզբունքորեն դեմ ենք այս հանրաքվեի անցկացմանը մինչև հաջորդ համապետական ընտրությունները և այս խնդրի շուրջ ակտիվորեն համագործակցելու ենք քաղաքական, հասարակական մյուս ուժերի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը