Լրահոս

14.04.2014 21:01


Մարզային երիտասարդ ակտիվիստների հավաք մայրաքաղաքում

Մարզային երիտասարդ ակտիվիստների հավաք մայրաքաղաքում

Ապրիլի 15-ին, ժամը 1300-ին Հայաստանի հարավային գյուղական համայնքների ավելի քան երկու տասնյակ ակտիվիստներ կհավաքվեն Անի Պլազա հյուրանոցի Անի դահլիճում` քննարկելու իրենց համայնքներում առկա հրատապ խնդիրները: Միջոցառումը կանցկացվի «Ակտիվ քաղաքացիության 23 տարին» խորագրի ներքո` Հայաստանում Օքսֆամի գրասենյակի և «Ընդդեմ իրավական կամայականության» /ԸԻԿ/ ՀԿ-ի աջակցությամբ:

Հանդիպմանը կմասնակցեն ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի երիտասարդ ակտիվիստներ և ուսանողներ, որոնք կներկայացնեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի իրենց մշտադիտարկման արդյունքները:

Հանդիպմանը կմասնակցի նաև Մարդու իրավունքների առաջին պաշտպան և ԸՒԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Միջոցառմանը ակնկալում ենք նաև հասարակական միջազգային և տեղական կազմակերպությունների, կառավարության անդամների և լրատվամիջոցների մասնակցությունը:

Հայաստանում վերջին տարիներին քաղաքացիական ակտիվիստները դառնում են էական դերակատարներ սոցիալական ոլորտում բարեփոխումների խթանման գործում: Այսպիսի զարգացումների հետևանքով առաջացող փոփոխությունները վկայում են երկրում նոր հզոր ուժի ձևավորման մասին: Սակայն, այս ակտիվ քաղաքացիների նոր սերունդի բողոքի աշխարհագրությունը չի սահմանափակվում միայն Երևան քաղաքով: ՕՔՍՖԱՄ-ի հետ միասին ԸԻԿ-ը Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում հիմնել է 5 Քաղաքացիական Կենտրոններ, որոնք նպաստում են մարզերում երիտասարդների քաղաքացիական ակտիվությանը: Կենտրոնները տեղերում տրամադրում են իրավաբանական խորհրդատվություն և իրականացնում են շահերի պաշտպանություն ավելի քան 40 գյուղական և քաղաքային համայնքներում:

«Մարդու իրավունքները հիմնարար սկզբունքներ են, որոնց պաշպանությունն ու իրականացումը կենսական նշանակություն ունեն ժողովրդավարական հասարակության ձևավորման գործում: Հետևաբար, Քաղաքացիական կենտրոնների դերակատարությունը մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում վճռորոշ են` հատկապես գյուղական համայնքներում… Կանայք և երիտասարդները պիտի համախմբվեն հանուն դրական փոփոխությունների և իրենց համայնքների կայուն զարգացման», նշում է Մարգարիտա Հակոբյանը:

«Երիտասարդները լուրջ ազդեցություն ունեն ոչ միայն Երևանում, այլ նաև ամբողջ երկրում» ասում է ԸԻԿ-ի նախագահ Միքայել Արամյանը: «Մարզերում ապրող կանայք և երիտասարդները հաճախ չեն արժանանում այն ուշադրությանը, ինչպիսին պահանջում են նրանց նախաձեռնություններն ու իրականացրած գործողությունները: Մենք ուրախ ենք աջակցելու նրանց ներկայացնելու իրենց ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները հանրության առաջ»:

Միջոցառումը կուղեկցվի տեղեկատվական շնորհանդեսով` նվիրված ԸԻԿ-ի գործունեությանը, որը արդեն 23 տարի գործում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Միջոցառմանը ներկայացվելու են պատմություններ Կենտրոնների երիտասարդ անդամների մասին, ինչպես նաև ակտիվ քաղաքացիության տեղեկատվական սեղաններ, երիտասարդ կամավորների աշխատանքների ցուցահանդես, հատուկ ներկայացումներ և տեսանյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը