Մեկնաբանություն

14.04.2014 14:00


Սերժ Սարգսյանի չարտասանած մտքերը և հոգու խորքը

Սերժ Սարգսյանի չարտասանած մտքերը և հոգու խորքը

Ես գիտեմ, որ ՀՀ քաղաքացիների առնվազն 80 տոկոսն ինձ, մեղմ ասած, չի ընդունում։ Բայց ես ուզում եմ հավերժ իշխել՝ ոչ մի պատասխանատվություն չկրելով երկրում տեղի ունեցողի համար։ Իմ այդ ցանկությունն իրականություն դարձնելու համար Գագիկ Հարությունյանին հանձնարարել եմ սովետական մոդելով սահմանադրական փոփոխություններ պատրաստել։ Ու որպեսզի այդ լղոզված կերպարն էնտուզիազմով աշխատի, հանձնարարել եմ անգլիական թագուհու կարգավիճակով նախագահի ինստիտուտ մտցնել Սահմանադրության մեջ։ Այդ նախագահին պետք է նշանակի Ազգային ժողովը, և նա պետք է անկուսակցական լինի։

Այդպիսով, Գ. Հարությունյանին խոստացել եմ, որ ՍԴ նախագահ աշխատելուց հետո յոթ տարով կնշանակեմ արարողակարգային նախագահ, ինչը հնարավորություն կտա նրան շարունակել «դառմայեդի» պես սնվել պետության հաշվին, իսկ ես դրա դիմաց կստանամ «մուտիլովկայական» Սահմանադրության պատրաստում։

Ես, բնականաբար, ձևեր եմ թափում, որ, այսպես կոչված, խորհրդարանական մոդելն իմ սրտով չէ, բայց իրականում կռիվ եմ տալու դրա համար, քանզի միայն այդպիսի նեոբոլշևիկյան Սահմանադրությամբ կարող եմ պահել աթոռս։

Ես գիտեմ, որ հայ ժողովրդի մեծ մասը, մեղմ ասած, զզվում է ինձանից։ Բայց ես ուզում եմ «գենսեկ» դառնալ՝ Ստալինի, Բրեժնևի, Անդրոպովի և Չեռնենկոյի պես մինչև մահ իշխանությունից չբաժանվելու նպատակով։

Իմ իրական նպատակները թաքցնելու համար ձեզ «կուտ» եմ տալիս, թե, իբր, հեռանում եմ իշխանության ղեկից։ Բայց որպեսզի այդ «կուտը» համոզիչ լինի, մի հատ «տրյուկ» եմ մտածել։

Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին:

Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ, ի վերջո, կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում:

Ի՞նչ է, պարտադիր մեկն անպայման պետք է մի քսան անգամ նախագա՞հ լինի: Կարող է՝ ուրիշի մոտ ավելի հաջող է ստացվում, թող մեկ ուրիշը գա փորձի, ի՞նչ խնդիր կա: Իսկ ո՞վ է ասել, որ ես ամենալավն եմ, եւ ինչո՞ւ անպայման ես պետք է լինեմ: Դուք գիտեք շատերին, ովքեր համարում էին, որ իրենք ամենալավն են, բայց իրենց կարծիքը քիչ է: Սա է պատճառը սա է, ուրիշ որեւէ բան չկա: Բայց ես նաեւ ասել եմ, որ ՀՀԿ-ն շարունակելու է իր վճռական դերակատարությունը: Իսկ ի՞նչ է եղել. շատ լավ կուսակցական գրասենյակ ունենք, որ նախագահականին քիչ է զիջում: Կգնամ այդ գրասենյակում էլ կնստեմ, կաշխատեմ։

Ես այս անգամ չեմ խաբում։ Իրոք, չեմ ուզում նախագահ ու վարչապետ լինել հետագայում։ Ինչի՞ս է պետք, եթե այնպիսի մոդել եմ առաջարկում, որ երկրի ղեկավարը դառնում է ԱԺ նախագահը, իսկ ժողովրդի քննադատության թիրախը՝ նշանակովի նախագահն ու նշանակովի վարչապետը։

Ի դեպ, իմ հեռանալու կեղծ հայտարարություններով ես ոչ միայն հայ ժողովրդին եմ «կուտ» տալիս, այլ նաև իմ սիրելի Ստալինի մեթոդն եմ կիրառում՝ տեսնելու համար, թե ով է ողջունելու հեռանալուս որոշումը, իսկ ով՝ ծնկաչոք խնդրելու՝ չհեռանալ։ Այդ քայլով ես կմաքրեմ շարքերս ու կպահեմ միայն պնակալեզներին։

Ցավոք, դեռ «աշխատավորական կոլեկտիվներից» մնալու և չհեռանալու խնդրագրեր չկան, բայց շուտով կկազմակերպեմ դրանք։ Ահագին «չեբուռաշկաներ» կան իմ շրջապատում։ Նրանք շուտով կսկսեն քծնանքի հուշ–երեկոներ կազմակերպել։ Ես ցույց կտամ, թե, իբր, դուրս չի գալիս, բայց դե, ինքներդ էլ հասկանում եք...

ՀՀԿ–ի կուսակցական բջիջները քծնանքի կազմակերպման ինստիտուցիոնալ գործիքներ են և փայլուն կկատարեն իրենց գործը։

Ես ուզում եմ «ժողովուրդների հոր» պես հավերժ իշխեմ, բայց որպեսզի թաքցնեմ իմ այդ մտադրությունները, առաջարկում եմ այնպիսի սահմանադրական փոփոփոխություններ, ըստ որոնց՝ երկրի ղեկավարը փաստացի կլինի ԱԺ նախագահը, իսկ նախագահն ու վարչապետը կլինեն քննադատության թիրախներ, բայց ձեզ կթվա, թե վերջապես ինձանից պրծել եք, իսկ երբ գլխի ընկնեք, արդեն ուշ կլինի։

ԱԺ նախագահի կարգավիճակով ես կհաշվեմ «ատկատները», իսկ նախագահի ու վարչապետի աթոռին հայտնվածներն իներցիայով կուտեն ժողովրդի թուք ու մուրը։

Ավելորդ դժվարություններից խուսափելու համար խորհրդարանի ընտրությունը կանցկացնեմ մեծամասնական ընտրակարգով այնպես, ինչպես սովետական հին ու բարի ժամանակներում։ Պարզապես սովետական կթվորուհիներին ու կոմբայնավարներին փոխարինելու կգան լիսկաներն ու բուռնաշները, որոնց նախնական ցուցակին դուք կարող եք ծանոթանալ ԵԿՄ վարչության նոր կազմն ընթերցելով։

Եվ այսպես, սահմանադրական փոփոխություններով ես ուզում եմ Գագիկ Հարությունյանին խամաճիկային նախագահ նշանակել, Տիգրան Սարգսյանին հետ բերել «ատկատային» վարչապետի պաշտոնին, իսկ ինքս գնալ ու ցմահ բազմել ԱԺ նախագահի աթոռին։

Ես գիտեմ, որ ինձ չեք սիրում, բայց դա փոխադարձ է, և ես ամեն կերպ վրեժ եմ լուծելու մերժված լինելու համար։

Ես ԱԺ նախագահ կդառնամ, որպեսզի այլևս իմ հրաժարականը պահանջելու տարբերակ չունենաք։ Դուք միայն նախագահ ու վարչապետ կտեսնեք։ Պահանջե՛ք դրանց հրաժարականները՝ որքան սրտներդ կամենա։ Իսկ եթե մի օր գլխի ընկնեք, որ ես եմ երկրի փաստացի ղեկավարը, ապա ստիպված եք լինելու պահանջել ԱԺ լուծարումը, իսկ այդ դեպքում գործ կունենաք իմ 130 հանցակից ընկերների հետ, ովքեր ատամներով կպահեն իրենց պատգամավորական մանդատը՝ պահելով նաև ինձ։

Ես իշխանությունից կհեռանամ միայն մեծ ճնշման տակ կամ ոտքերով դեպի առաջ տարբերակով։ Բնականաբար, ամեն ինչ անելու եմ, որ մնամ աթոռին։

Քադաֆիի ու Յանուկովիչի ճակատագիրն աչքիս առաջ է, բայց դե, ամեն մարդ մտածում է, որ իր հետ դա չի պատահի։

Ինձ Հայաստանի ճակատագիրը բացարձակապես չի հետաքրքրում։ Ինձ իմ ճակատագիրն ու հարստանալու հարցն է հետաքրքրում։

Հայաստանով դուք զբաղվեք։ Ես այդքան նյարդեր ու ժամանակ չունեմ։

Անկեղծորեն՝ ոչ ձեր Սերժ Սարգսյան

«7 օրի»՝ «Վերջի բոլշևիկի» հոգու խորքի ուսումնասիրման բաժին

Այս խորագրի վերջին նյութերը