Մեկնաբանություն

15.04.2014 14:35


Տիգրան Սարգսյանի տե՞ղը, թե՞ կողքը

Տիգրան Սարգսյանի տե՞ղը, թե՞ կողքը

Սոցիալ–տնտեսական իրավիճակով պայմանավորված՝ հանրային դժգոհությունը ոչ թե Տիգրան Սարգսյանի անձով էր պայմանավորված, այլ վարվող քաղաքականությամբ։ Տիգրանը պարզապես ձախողումների խորհրդանիշն էր և դարձել էր համընդհանուր ատելության առարկա։

Հիմա եթե նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ինչպես ՀՀԿ խորհրդի նիստում հրահանգվեց, շարունակի այն տնտեսական քաղաքականությունը, որը երկրի թուլացման, ՀՀ քաղաքացիների աղքատացման, ներդրումների կրճատման, արտաքին պարտքի ավելացման, կապիտալի արտահոսքի, արտագաղթի և այլ բացասական երևույթների պատճառ է դարձել, ապա կարժանանա շատ ավելի վատ գնահատականի, քան իր նախորդը։

Եթե նախորդի գիծը պահպանվելու է, ապա կարող ենք արձանագրել, որ Աբրահամյանին նշանակել են ոչ թե Տիգրան Սարգսյանի տեղը, այլ կողքը՝ ձախողված պաշտոնյաների «գերեզմանոցում»։

Սերժ Սարգսյանի խոսքերից պարզ դարձավ, որ Աբրահամյանին տրվում են կադրային հարցերում լայն լիազորություններ, իսկ ահա քաղաքականության իրականացման հարցում՝ զրո լիազորություն՝ փչացման հեռանկարով։

Եթե Հովիկ Աբրահամյանը քաղաքականությունից բան հասկանար, ապա պետք է համաձայնվեր վարչապետի պաշտոնին միայն այն դեպքում, եթե իրեն թույլ տրվեր վարվող քաղաքականության փոփոխություն իրականացնել։ Այդ դեպքում կադրային հարցերը կդառնային երկրորդական։ Բայց Հովիկը հակառակին է համաձայնել՝ «կադրերը ինձ, քաղաքականությունը՝ ձեր ուզածը» տարբերակով։ Իսկ դա նշանակում է, որ նա, իրոք, հայտնվելու է «հանգուցյալ» վարչապետ Տիգրան Սարգսյանի կողքը։ Եվ դա լավագույն դեպքում։ Քանզի Տիգրանին շնորհակալություն հայտնեցին երկրի հերն անիծելու համար և գործուղում են «կայֆերի»՝ դեսպանի կարգավիճակով։

Տիգրանին չէր ընդունում հանրությունը և բիզնես դաշտը։ Սակայն նա վայելում էր Սերժ Սարգսյանի անվերապահ աջակցությունը, ինչի արդյունքում ուղղիչ աշխատանքայինի փոխարեն աշխատանքի է անցնում դիվանագիտական կորպուսում։

Հովիկ Աբրահամյանի պարագան այլ է։ Հովիկի ձախողվելուց հետո ՀՀԿ ղեկավարը նրան շնորհակալություն չի հայտնի։ Ավելին՝ մեծ հաճույքով կկալանավորի, և որպես քավության նոխազ՝ կմատուցի հանրությանը։

Այնպես որ, Հովիկ Աբրահամյանը մեծ ընտրության հնարավորություն չունի։ Նա կա՛մ պետք է գնա Տիգրան Սարգսյանի տեղը, իսկ դա նշանակում է սոցիալ–տնտեսական քաղաքականության փոփոխություն, մասնավորապես՝ կուտակայինի պարտադիր բաղադրիչի չկիրառում և տնտեսության այլ ոլորտներում իր նախորդի կիրառած մոտեցումներից հրաժարում, կա՛մ պետք է գնա Տիգրան Սարգսյանի կողքը՝ անշեղորեն կատարելով Բաղրամյան 26–ից եկող հրահանգները։

Թե ո՞ր տարբերակը կընտրի Աբրահամյանը, կպարզվի շատ շուտով։ Առայժմ նա «և, և» է փորձում խաղալ, բայց դա երկար տևել չի կարող։ Հիմա «կամ, կամ»–ի հարց է։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը