Մեկնաբանություն

16.04.2014 12:15


ԲՀԿ–ի «ձեռքերն» ու «ոտքերը»

ԲՀԿ–ի «ձեռքերն» ու «ոտքերը»

Կա տեսակետ, թե, իբր, Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով՝ Սերժ Սարգսյանը կապել է ԲՀԿ–ի «ձեռքերն» ու «ոտքերը»։

Կան մարդիկ, ովքեր, հիմնվելով ստերեոտիպային ինչ–ինչ պատկերացումների վրա, անկեղծորեն կարծում են, թե ԲՀԿ–ում գիծ է փոխվելու Գագիկ Ծառուկյանի ու Հովիկ Աբրահամյանի խնամիական կապի պատճառով։

Խնամիությունը միջանձնային հարաբերություններում լուրջ կատեգորիա է, բայց քաղաքական կատեգորիա չէ։ Այդ թեզը հաստատվեց ԲՀԿ–ի պաշտոնական տեսակետով, ըստ որի՝ իրենք կոալիցիա մտնելու հարց չեն քննարկում։

Ավելին՝ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ եթե որոշ ԲՀԿ–ականներ այլ ձևաչափերով ներգրավվեն կառավարության գործունեության մեջ, ապա նույն պահից այդ մարդիկ կդադարեն լինել ԲՀԿ անդամ, կհեռացվեն կուսակցութունից, կդադարեն լինել իրենց թիմակիցը։

Զոհրաբյանը նաև նշել է, որ ԲՀԿ–ն, բնականաբար, կտա իր հստակ գնահատականը նման մարդկանց, սակայն, վստահաբար, ամենակոշտ գնահատականը նրանց կտա հանրությունը։

Այնպես որ, ԲՀԿ–ի մասով անկեղծ մտահոգություն հայտնողները կարող են հանգիստ լինել։ Նմանատիպ «մուտիլովկաներ» տարածվում էին նաև ԱԺ վերջին ընտրություններից առաջ, թե, իբր, ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակով է մասնակցելու ընտրություններին, թե, իբր, ընդդիմադիր դաշտից ձայներ է խլելու ու կրկին մաս կազմի իշխող կոալիցիային, թե, իբր, փոխվարչապետի պաշտոնի դիմաց պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը 2013թ. նախագահական ընտրություններում, թե, իբր, Ծառուկյանն առաջադրվելու է նախագահական ընտրություններում ու հետո Արթուր Բաղդասարյանի պես միանա Սերժ Սարգսյանին՝ մի քանի պաշտոնի դիմաց, թե, իբր ...

Բոլոր այս քարոզչական «փուչիկները» շատ արագ պայթել են, բայց Բաղրամյան 26–ում նոր բան չեն կարողանում հորինել ու դրա համար էլ շրջանառության մեջ են դրել «ԲՀԿ–ն կմտնի կոալիցիա» ապատեղեկատվությունը։ Բայց ԲՀԿ–ում բան չի փոխվել և չէր կարող փոխվել, քանզի բարձրաձայնված խնդիրները վերաբերում են ոչ թե անձերին, այլ վարվող կործանարար սոցիալ–տնտեսական քաղաքականությանը։

Եթե Հովիկ Աբրահամյանի կաբինետը շարունակի Տիգրան Սարգսյանի կուրսը, ապա ԲՀԿ–ից կարժանանա նույն բացասական վերաբերմունքին։

ԲՀԿ–ի «ոտքերի» և «ձեռքերի» կապվածության մասին թեզն, ի դեպ, ակտիվորեն տարածում է «Գեբելսյան» քարոզչամեքենան։

Նկատենք, սակայն, որ դա հնացած ու չաշխատող «մուտիտ» է, քանզի ԲՀԿ–ից շատ արագ կանխեցին դրա տարածման բոլոր հիմքերը։

Հիմա եթե կգտնվեն ախմախներ, ովքեր ԲՀԿ–ի՝ կոալիցիա մտնելու մասով կհավատան «փորձագետի», «քաղԾիխնոլոգի», «անկախ լրագրողի» կամ «ընդդիմադիր քաղաքական գործչի» կարգավիճակով հանդես եկող էժանագին «մուտիլովչիկների» ասածներին, ապա դա արդեն իրենց գործն է։

ԲՀԿ–ն, իր գործընկեր քաղաքական ուժերի հետ միասին, պահանջեց փոխել իրականացվող ներքին քաղաքականությունը՝ բնականաբար, խնդիր դնելով հեռացնել ձախողումների և հետընթացի խորհրդանիշ դարձած Տիգրան Սարգսյանին։

Սերժ Սարգսյանը, ոչիշխանական ուժերի ճնշման ուժգնացումից խուսափելու համար, բավարարեց Տիգրանին հեռացնելու պահանջը, սակայն դեռ դիմադրում է քաղաքականությունը փոխելու հարցում։ Իսկ դա նշանակում է, որ ոչիշխանական ուժերը, վերանայելով որոշ մարտավարական հարցեր, պետք է շարունակեն ռազմավարական գիծը, որն, ի վերջո, անպայման կբերի խոշոր փոփոխությունների, այդ թվում՝ իշխանափոխության։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը