Լրահոս

17.04.2014 11:41


Իտալիայի սենատի անդամներին ներկայացվել է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը

Իտալիայի սենատի անդամներին ներկայացվել է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը

Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանն Իտալիայի սենատում հանդիպում է ունեցել Իտալիայի խորհրդարանի` Հայաստանի հետ բարեկամության խմբի խորհրդի անդամների հետ եւ ներկայացրել հայ-իտալական հարաբերությունների անցած ուղին եւ զարգացման հեռանկարները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ նախկին գումարման պատգամավորների պալատում Հայաստանի հետ բարեկամության խմբի հիմնադիրներ Ալբերտինա Սոլիանին, Ֆրանկո Աշիուտին եւ Ռենատո Ֆարինան:

Հանդիպման ընթացքում դեսպան Ղազարյանը ներկայացրել է նաեւ Հայաստանի տնտեսական հնարավորությունները, արտաքին քաղաքական գերակայությունները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը: ՀՀ դեսպանն անդրադարձել է նաեւ Սիրիայի իրավիճակին եւ այդ ենթատեքստում՝ սիրիահայության անվտանգության եւ հումանիտար խնդիրներին, ինչպես նաեւ իտալական կողմից քեսաբահայությանն օգնություն ցուցաբերելու հնարավորություններին:

Խոսելով երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման հարցում խորհրդարանական դիվանագիտության դերի մասին` դեսպան Ղազարյանն ընդգծել է փոխայցելությունների ու ուղիղ կապերի հաստատման, ինչպես նաեւ խորհրդարանական վեհաժողովներում համագործակցության կարեւորությունը:

Իրենց խոսքում Իտալացի խորհրդարանականներն անդրադարձել են հայ-իտալական պատմական առնչություններին եւ Իտալիայում հայկական համայնքի ներկայությանը, այն քաղաքակրթական ընդհանրություններին, որ ունեն երկու բարեկամ ժողովուրդները: Նրանք կարեւորել են երկու երկրների խորհրդարանականների միջեւ կապերի զարգացումը եւ այդ նպատակով գործնական քայլերի նախաձեռնումն ու ծրագրերի իրականացումը՝ պատրաստակամություն հայտնելով իրենց ներդրումն ունենալ Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու գործում: Ելույթ ունեցողները խոսել են նաեւ Հայոց ցեղասպանության մասին` կարեւորելով Իտալիայի հասարակության շրջանում հարցի լայն ճանաչելիության ապահովումը: Պատգամավոր Ֆլավիա Նարդելլի Պիկկոլին կարեւորել է կրթամշակութային եւ գիտական կապերի զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը:

Հանդիպման ավարտին դեսպան Ղազարյանը դեսպանության հուշամեդալներ է հանձնել խմբի անդամներ Սանդրա Ձամպային, Ալբերտինա Սոլիանիին եւ Ֆրանկո Աշիուտիին:

Այս խորագրի վերջին նյութերը