Լրահոս

17.04.2014 11:48


Այսօր Հեմոֆիլիայի միջազգային օրն է

Այսօր Հեմոֆիլիայի միջազգային օրն է

1989 թվականից Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի և Առողջապահության միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ նշվում է Հեմոֆիլիայի միջազգային օրը:

Այսօր բազմաթիվ երկրներում կազմակերպվում են միջոցառումներ, որոնք ուղղված են հեմոֆիլիայով տառապող հիվանդների բուժման, դեղերով ապահովման և կյանքի որակի բարելավման խնդիրների լուսաբանմանը:

Հեմոֆիլիայով տառապող հիվանդների թիվն աշխարհում կազմում է մոտ 400 հազար մարդ:

Արյան մակարդման ժառանգական հիվանդություններից 92- 95% կազմում են հեմոֆիլիաները` A, B, և Վիլլեբրանդի գործոնի անբավարարությունը:

Հեմոֆիլիան արյան մակարդման համակարգի հիվանդություն է, որը պայմանավորված է մակարդման գործոնների պակասով և անցնում է ժառանգաբար` կապված X քրոմոսոմի հետ:

Հիվանդությունը կլինիկորեն դրսևորվում է տարաբնույթ արյունահոսություններով, արյունազեղումներով հոդերում, մկանային բունոցներում և օրգանիզմի այլ խոռոչներում: Կրկնվող ներհոդային արյունազեղումներն առաջացնում են հոդերի քրոնիկական բորբոքում, հետագայում հանգեցնում հաշմանդամության:

Ըստ էության, այս հիվանդության նույնիսկ ծանրագույն ձևերը բուժման ենթակա են: Բուժման միակ միջոցը պակաս գործոնի ներարկումն է: Վաղ տարիքից պակաս գործոնի կանխարգելիչ ներարկումները թույլ են տալիս բացառել արյունահոսությունները, ներհոդային և մկանային արյունազեղումները և կանխել հաշմանդամությունը:

Հեմոֆիլիայի կենտրոնում հսկվում է հեմոֆիլիայի բոլոր տեսակներով տառապող 236 հիվանդ, որոնցից 57-ը` երեխա:

2003թ. ՀՀ առողջապահության նախարարության և Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի միջև կնքված հուշագրի շրջանակներում Արյունաբանական կենտրոնը ստացել է հակահեմոֆիլային գործոններ` թե առողջապահության նախարարության, թե Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի կողմից: Այս տարիների ընթացքում բազում աշխատանքներ են կատարվել. Արյունաբանական կենտրոնում հիմնվել է հեմոֆիլիայի բաժանմունքը, մշակվել է Հեմոֆիլիայի ազգային ծրագիրը, կազմվել է հեմոֆիլիայով հիվանդների ռեգիստրը, արտերկրում մասնագետներ են վերապատրաստվել` արյունաբաններ և լաբորանտներ, մակարդելիության լաբորատորիայում ներդրվել են արյան մակարդելիության ժառանգական հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդներ, կիրառվում է հոդային բարդությունների ժամանակակից բուժման արդյունավետ եղանակ:

Այս խորագրի վերջին նյութերը