Լրահոս

17.04.2014 13:02


Նինա Մարգարյան. «Սերժ Սարգսյանն արդեն ստիպված է իրավիճակային քայլեր ձեռնարկել»

Նինա Մարգարյան. «Սերժ Սարգսյանն արդեն ստիպված է իրավիճակային քայլեր ձեռնարկել»

Երեկ ՕԵԿ-ի արած քայլը վերջին քաղաքական զարգացումների համապատկերին, անշուշտ, ևս մեկ նշանակալի իրադարձություն էր, որը, կարծում եմ, չպետք է աչքից բաց թողնել, որքան էլ ախք լինի մեզ համար Արթուր Բաղդասարյանը: Հիմա նստած նյութեր եմ կարդում, այդ թվում` ՕԵԿ-ի կայքերի իրավիճակի «վերլուծությունները», և ՕԵԿ-ի քայլի մի քանի բացատրության եմ հիմնականում հանդիպում.
1. Խեղճ, բազմաչարչար ՕԵԿ-ը դուրս է եկել կոալիցիայից, քանի որ այլևս ի վիճակի չէ դիմանալ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի կողմից կուսակցության նկատմամբ ցուցաբերվող ծաղրական վերաբերմունքին: Այդ իսկ պատճառով ՕԵԿ-ը, հանկարծ գտնելով կորցրած արժանապատվության զգացմունքը, որոշել է դուրս գալ կոալիցիայից, քանի որ կոալիցիան պետք է հիմնված լինի ուժերի հավասար հարաբերության վրա, իսկ ՕԵԿ-ՀՀԿ հարաբերություններում այդ հավասարությունը բացակայում է:
2. Արթուր Բաղդասարյանը մեծ պլաններ ուներ և անհամբեր սպասում էր վարչապետի պաշտոնին (ինչի մասին, ի դեպ, գրում է ՕԵԿ-ի կայքերից մեկը), բայց վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը: Արթուր Բաղդասարյանի սպասելիքները չեն արդարացել, նա նեղացել է Սերժից և դուրս է գալիս կոալիցիայից:
3. ՕԵԿ-ին դիտմամբ են հանել կոալիցիայից, որպեսզի նա ստանձնի նորաթուխ ընդդիմադիրի դերը և սկսի ակտիվորեն աշխատել Սերժ Սարգսյանի պլանների մեջ չտեղավորվող Հովիկ Աբրահամյանի դեմ (թեև, կներեք, բայց այս վարկածը եթե նույնիսկ իրականություն է (ինչն, այնուամենայնիվ, չի բացառվում՝ հաշվի առնելով որոշ կայքերի վերլուծությունները), ապա ուղղակի մարազմի ոլորտից է՝ հաշվի առնելով Արթուրի անցած ճանապարհը և քրտինքով վաստակած ախք-ի պիտակը):
4. Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո ՕԵԿ-ը կորցնում է մի շարք բավականին հյութալի պաշտոններ, ինչն անիմաստ է դարձնում ՕԵԿ-ի մնալը կոալիցիայի շրջանակներում:
5. ՕԵԿ-ում շատ լավ հասկանում են, որ «ուժային բալանսն» այլևս Սերժի կողմից չէ, և որ պետք է, քանի ուշ չէ, ազատվել ՀՀԿ-ի հետ այդ «արատավոր կապերից»:
Հիմա չգիտեմ, թե որ վարկածն է համապատասխանում իրականությանը, բայց, կարծում եմ, փաստը մնում է փաստ, որ Սերժ Սարգսյանի ռեժիմն արագ տեպմերով ճաքեր է տալիս, և դա հնարավոր չէ չնկատել: Սերժ Սարգսյանն արդեն ստիպված է իրավիճակային քայլեր ձեռնարկել, իսկ քաղաքականության մեջ իրավիճակային քայլերով երկար չես մնա «ձիու վրա», քանի որ վաղ թե ուշ քայլերից մեկը կլինի ճակատագրական, և կբերի աթոռի կորստին: Եվ պատմությունը բազմիցս ապացուցել է այդ թեզը:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը