Մեկնաբանություն

18.04.2014 09:35


«Սաղ աշխարհը» երես թեքեց

«Սաղ աշխարհը» երես թեքեց

Ընդամենը մեկ ամիս առաջ Գալուստ Սահակյանը վստահ հայտարարում էր, թե «Սաղ աշխարհը ուզում է մեզ հետ միանա…», իսկ այսօր պարզվում է, որ ՀՀԿ-ին ոչ միայն միացող չկա, այլ նաև այն քաղաքական ուժը, որ վեց տարի իր կողքին էր՝ անգամ այդ ուժը լքեց կոալիցիան:

Այսինքն՝ ակնհայտ դարձավ, որ «սաղ աշխարհը» փախչում է Սերժ Սարգսյանից: Ոչ մի քաղաքական ուժ չի ցանկանում համագործակցել իշխող ուժի եւ նրա առաջնորդի հետ:

Եվ այսպես, իշխող ուժը հայտնվել է քաղաքական մենության մեջ, ընդ որում՝ բոլոր կողմերից մերժված մենակի կարգավիճակում:

Անկախ նրանից, թե որքան կտեւի ՀՀԿ-ի «մենության» շրջանը, պետք է արձանագրել, որ սա աննախադեպ իրավիճակ է: Աննախադեպ այն առումով, որ 1998-ից մինչ օրս պահպանելով իշխանության կրողի կարգավիճակը՝ ՀՀԿ-ն երբեք միայնակ չի եղել, քաղաքական կոալիցիաների ձեւաչափը պահպանվել ու գործել է: Մինչդեռ հիմա ՀՀԿ-ն հայտնվել է լիակատար մենության մեջ:

Թերեւս, սպասելի էր, որ գալու է օրը, երբ իրեն «հզոր ու անխորտակելի» ուժ համարող ՀՀԿ-ից՝ ինչպես բորոտից, հեռու են փախչելու բոլորը:

ՀՀԿ առաջնորդի վերջին վեց տարիների գործունեության արդյունքը սա էր լինելու: Երբ մարդն իրեն դրսեւորում է որպես «միահեծան գոռոզ ցար», երբ անտեսում է այլ ուժերի կարծիքն ու դիրքորոշումը, երբ ներքին ու արտաքին քաղաքականություն իրականացնելիս արհամարհում ու չի ընդունում քաղաքական ուժերի ծրագրերն ու առաջարկությունները՝ ենթադրելի էր, որ գալու է այս օրը:

Ահաեւ այդ օրվա ականատեսն ենք: Այլեւս իրողություն է, որ իշխող ուժի եւ նրա առաջնորդի հետ ոչ ոք չի ցանկանում շարունակել ճանապարհը: Դե, եթե անցած տարիներին Սերժ Սարգսյանը չի ցանկացել իրական համագործակցություն ծավալել քաղաքական ուժերի հետ, փոխարենը փորձել է համագործակցության պատրանք ստեղծել՝ ապա վաղ թե ուշ «սաղ աշխարհը» երես էր թեքելու նրանից եւ թեքել է:

Հիմա, իհարկե, իշխանական ճամբարից կցկտուր ձայներ են լսվում, թե՝ մենք խնդիր չունենք, ինչ է եղել, մենք մեծամասնություն ենք եւ այլն: Այսինքն՝ խորհրդարանում հանգիստ կարող են դակել ու անցկացնել օրենքները: Սակայն, ակնհայտ է շփոթմունքն ու հողը ոտքի տակից գնալու վտանգի գիտակցումը, ինչը թեեւ փորձում են թաքցնել, բայց չի ստացվում:

Չնայած էլի շարունակում են խոսել իրենց «հզորությունից», բայց նաեւ բացահայտորեն կշտամբանքով են խոսում իրենց միանալ չցանկացող ուժերի մասին, վերջիններիս մեղադրելով պատասխանատվությունից խուսափելու մեջ:

Սա իսկապես զարմանալի, եթե չասենք՝ զավեշտալի մեղադրանք է:

Վեց տարի բոլոր ոլորտներում ձախողումներ են արձանագրել, համատարած տապալել են բոլոր հռչակած ծրագրերը եւ հիմա ցանկանում են, որ այդ ամենի պատասխանատվությունը իրենց հետ կիսեն այլ ուժե՞րը:

Եվ սա այն դեպքում, երբ չեն պատրաստվում փոխել սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, ինչի մասին խոսում են ոչիշխանական ուժերը, որոնք արդեն քանի տարի կոչ են անում, պահանջում են փոխել կուրսը եւ գնալ իրական փոփոխությունների ճանապարհով:

Ինչեւէ, կառավարության ձեւավորումից հետո առավել հստակ կդառնա, թե էլի որքա՞ն ժամանակ կարող են իրենց «կենսունակությունը» պահպանել իշխող ուժն ու նրա առաջնորդը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը