Մեկնաբանություն

18.04.2014 10:50


Հայաստանը հայտնվել է սրտի ու խելքի արանքում

Հայաստանը հայտնվել է սրտի ու խելքի արանքում

Նրանք, ովքեր մտածում են, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը չի ուզենա լավացնել Հայաստանի տնտեսության վիճակը, սիրտ չունեն։ Իսկ նրանք, ովքեր կարծում են, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությանը կհաջողվի տնտեսական բեկում ապահովել, խելք չունեն։

Հովիկ Աբրահամյանը, ի տարբերություն Տիգրան Սարգսյանի, գաղափարախոս չէ։ Տվյալ դեպքում դա Աբրահամյանի հարաբերական առավելությունն է, քանզի Տիգրանը տնտեսությունը կենտրոնացնելու, «Մեկ պատուհանի թալանչիական համակարգ» ստեղծելու, «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու գաղափարախոս էր։ Կարճ ասած՝ նախկին վարչապետը հայկական «Դոկտոր Նազիմն» է, ով, ինչպես հայտնի է, հայերի ցեղասպանությունը կազմակերպելու գաղափարախոսն էր։ Հովիկը նման գաղափարախոսության կրող չէ։ Դրա համար էլ դա համարում եմ առավելություն իր նախորդի համեմատ։

Հովիկ Աբրահամյանը չի տեղավորվում «տեխնոկրատ վարչապետ» մոդելի մեջ (թեև դա էլ ընկալման խնդիր է)։ Նա կառավարչական հատկություններ ունի, տեղյակ է պրոբլեմներից և տիրապետում է իրավիճակին, բայց խնդիրն այն է, որ մեր երկրի թիվ մեկ պաշտոնյան՝ Սերժ Սարգսյանը, շահագրգռված չէ տնտեսության մեջ դրական տեղաշարժ ապահովելու հարցում։ Եթե շահագրգռված լիներ, ապա Հ. Աբրահամյանից չէր պահանջի շարունակել Տ. Սարգսյանի գործը։

Հայաստանի տնտեսության վիճակը, որքան էլ Հովիկը աջ ու ձախ «կռուտիտներ» լինի, օբյեկտիվորեն չի կարող լավանալ, քանի դեռ պահպանվում է Սերժ Սարգսյանի նեոբոլշևիկյան կուրսը։ Ճիշտ է, Հովիկը Տիգրանի ախմախությունները չի անի, նյուվասյուկիզմով չի զբաղվի ու դրանով իսկ արդեն ահագին օգուտ կտա տնտեսությանն ու բիզնեսին, բայց դա քիչ է։

Մեզ ճեղքում է պետք։ Հ. Աբրահամյանը ճեղքում ապահովող չէ։ Նա կարող է նպաստել ճեղքմանը կամ գոնե չխանգարել։ Կամ էլ՝ ամբողջությամբ տրվել Սերժ Սարգսյանին՝ վերածվելով «Տիկոշենկո-2»–ի։

Աբրահամյանը, որպես վարչապետ, երկու ճանապարհ ունի՝ կա՛մ հայտնվել Տիգրան Սարգսյանից էլ «բեթար» վիճակում, կա՛մ մասնակից դառնալ ճեղքմանը։

Երկրորդ տարբերակի համար սիրտ ու խելք է պետք։ Սիրտ՝ չվախենալու, իսկ խելք՝ Սերժ Սարգսյանից տարանջատվելու համար։

«Կուտակայինի» հետ կապված Հովիկ Աբրահամյանի այն որոշումը, ըստ որի՝ պետք է սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով, մինչեւ Սահմանադրական դատարանի 2014-ի ապրիլի 3-ի որոշմամբ նախատեսված` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը, Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը, որոշակի քայլ է Սերժ Սարգսյանից տարանջատվելու և Տիգրան Սարգսյանի կուրսը հետ պտտեցնելու առումով։

Հաջորդ քայլը պետք է լինի Տիգրան Սարգսյանի օրոք կառավարության կողմից ընդունված գաղտնի որոշումների հրապարակայնացումը։ Հետո՞ ինչ, որ Սերժ Սարգսյանը պահանջել է չքննադատել նախորդին ու նրա արածներին չանդրադառնալ։

Եթե Հովիկը չի ուզում քավության նոխազ դառնալ, ապա պետք է բացահայտի տեղի ունեցած թալանը, այլապես ինքն էլ կդառնա թալանի մասնակից ու պատասխանատու։

Մի խոսքով, Հայաստանի տնտեսությունը հայտնվել է սրտի ու խելքի արանքում։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը