Մեկնաբանություն

18.04.2014 11:45


Սերժ Սարգսյանի իշխանության խորհրդանիշները

Սերժ Սարգսյանի իշխանության խորհրդանիշները

Սերժ Սարգսյանի իշխանությունը քայլող խորհրդանիշներ ուներ։ Դրանք երկուսն էին՝ Արթուր Բաղդասարյանը և Տիգրան Սարգսյանը։

ՕԵԿ նախագահի առկայությունն իշխանության մեջ մշտապես հիշեցնում էր, որ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում է հայտնվել «Մարտի 1»–ի շնորհիվ։

Ա. Բաղդասարյանը ողբերգական դեպքերից մեկ օր առաջ կտրուկ շրջադարձ էր կատարել ու հայտնվել Սերժ Սարգսյանի թիմում՝ մինչև այդ հասցնելով կատաղի քննադատության ենթարկել վերջինիս։

Բաղդասարյանի փոխակերպումն իշխանություններին պետք էր, որպեսզի ուժային գործողություններին «լեգիտիմ» տեսք տրվի։ Անձամբ Արթուրի ձեռքերն արյունոտ չեն, բայց նա արյուն թափելուն նպաստել է։ Ճիշտ է, նա ասում էր, որ եթե Սարգսյանին չմիանար, ապա ավելի շատ արյուն կթափվեր, բայց դա արդարացնող փաստարկ չէ, քանզի նա կարող էր, Լևոն Տեր–Պետրոսյանին չմիանալով հանդերձ, չմիանալ նաև Սերժ Սարգսյանին։

Իսկ եթե ինչ–ինչ պատճառներով ընտրության հնարավորություն չի ունեցել, ապա պետք է ազնվորեն խոսի այդ մասին՝ բոլոր մանրամասները ներկայացնելով հանրությանը։

Եվ այսպես, Արթուրը խորհրդանշում էր ներկայիս իշխանությունը, որը հիմնված է դավաճանության ու արյան վրա։

Անցած վեց տարիների ընթացքում սերժսարգսյանական իշխանությունն ունեցավ նաև մյուս քայլող խորհրդանիշը։ Դրա դերը կատարում էր տխրահռչակ Տիգրան Սարգսյանը։ Նա մարմնավորում էր տնտեսական ձախողումները, աղքատության աճը, արտագաղթը, կապիտալի արտահոսքը, գաղջը, համատարած ու համակարգված կոռուպցիան, ստի ու կեղծիքի վրա հիմնված իշխանական մեքենան, ցինիզմը, դեմագոգիան, փարիսեցիությունը և կեղծ բարեպաշտությունը։

Այժմ այդ երկու խորհրդանիշներից Սերժ Սարգսյանը զրկվել է։ Տիգրան Սարգսյանին նա զոհաբերեց՝ վախենալով սեփական անկումից։ Իսկ Արթուր Բաղդասարյանը հեռացավ՝ լքելով փլուզվող բուրգը։

Արթուրի հեռանալը նույնպես խորհրդանշական է ստացվում։ Նա 2008ին միացավ Սերժին, ու Սերժը կարողացավ իշխանություն պահել, իսկ հիմա ՕԵԿ նախագահը լքում է նրան ճիշտ այն պահին, երբ նավակը ճոճվում է։

Քաղաքականության մեջ, ինչպես պատերազմում, երբ վայր են ընկնում դրոշը կամ կողմերից մեկի այլ խորհրդանիշները, ապա դա ցույց է տալիս, թե ինչով է ավարտվել պայքարի ելքը։

Սերժն այժմ մնացել է առանց խորհրդանիշների՝ «մերկ» վիճակում։ Հետագա զարգացումները դառնում են շատ կանխատեսելի։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը