Լրահոս

18.04.2014 13:08


Մերի Մովսիսյան. «Եթե... ապա...»

Մերի Մովսիսյան. «Եթե... ապա...»

Քաղաքական հետագա զարգացումները նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար զարգանալու են «Եթե... ապա...» մեխանիզմով։ Ինքնախաբեություն կլինի, եթե Հովիկ Աբրահամյանը ժխտի, որ չի երազել լինել վարչապետ։ Երազանքը երկար սպասեցնել չտվեց, սակայն երազանքը կիսատ կմնա, եթե նա չդառնա այդ երազանքի գլխավոր դերակատարը։

Հովիկ Աբրահամյանը պետք է հստակ հասկանա, որ բախտի բերմամբ ու պատահմամբ է ստացել այդ պաշտոնը, հետևապես, պետք է սկսի լուրջ մտածել հետագա անելիքների մասին։ Իսկ նրա անելիքները կախված են հետևյալ ընտրությունից, գրեթե ինչպես հեքիաթում։

Եթե գնաս կարճ ճանապարհով, ապա քեզ կբռնեն ու կկերպարանափոխեն՝ սարքելով Տիգրան: Դու կկորցնես քո ինքնությունն ու կդառնաս բոլորի կողմից հալածյալ։

Եթե գնաս երկար ճանապարհով, ապա կկարողանաս մաքսիմալ վայելել վարչապետի պաշտոնը, լինել ինքնուրույն ու, եթե խելքդ ու միտքդ հերիքեն, անգամ ՀՀ վարչապետերի աստղաբույլում ամենափայլունը։

Հովիկ Աբրահամյանը պետք է հստակեցնի իր համար, որ երկրորդ ուղին ընտրելով՝ վախ հասկացությունը պետք է վերանա, հակառակ դեպքում առաջին տարբերակը՝ սարսափներով լի, կա ու կա։

Հովիկ Աբրահամյանը պետք է հանդես գա նոր գործելաոճով, որը կբավարարի հասարակության լայն զանգվածների սոցիալ–տնտեսական պահանջմունքները, որն էլ նրան կշնորհի վարկանիշ՝ հասարակության լայն շերտերի աջակցությամբ։

Նորանշանակ վարչապետը պետք է հասկանա, որ, մեծ հաշվով, բացի պաշտոնից բխող լիազորություններից՝ այլ ռեսուրս չունի, սակայն դա էլ բավարար է նոր ռեսուրսներ ձեռք բերելու համար։ Ամբողջովին տարբերվող ու երկրի շահերից բխող ծրագիրը կարող է նրան ոչ միայն հասարակական լայն հենարան ապահովել, այլև քաղաքական։ Բացի այդ, «գեբելսյան ակտիվ քարոզչությունը» նրա դեմ բավականին լուրջ գործոն է սեփական անձի դեմ: Եթե նա դեռ չի հասկացել դա, ապա շատ վատ է հենց նրա համար։ Եթե հասկացել է, ապա պետք է համապատասխան մեխանիզմ մշակի սև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը սեփական անձի դեմ կասեցնելու նպատակով։

Հովիկ Աբրահամյանը պետք է օգտվի նաև իրեն շնորհած լիազորությունից՝ ինքնուրույն ձևավորել կառավարությունը՝ մաքսիմալ կերպով հեռու մնալով թիմ քրեածին տարրեր ընդգրկելուց։

Եթե նորանշանակ վարչապետը սկզբի համար կարողանա քիչ թե շատ նորմալ թիմ ձևավորել ու հանդես գալ որակապես տարբերվող նոր ծրագրով, ապա մոտ ապագայում կկարողանա ապահովել սեփական անձի ու պաշտոնի անվտանգությունը։ Եթե ոչ, ապա Տիգրան Սարգսյանի կողքին մի քանի քառակուսի ավել հաստատ կգտնվի։

Հ. Գ. Հովիկ Աբրահամյանը կարող է նաև դեմքերի դեմքը դառնալ ՀՀ բոլոր վարչապետերի մեջ, եթե իրեն մաքսիմալ կերպով տարանջատի Սերժ Սարգսյանի ազդեցությունից, որը կհանգեցնի Ս. Սարգսյանին անգլիական թագուհու կարգավիճակին։ Մեծ հաշվով, նրան կմնա արտաքին քաղաքականության դաշտը, որում նա վաղուց ամեն հնարավոր գործողություն վարի է տվել։

Հ. Գ. Կա՛մ Հովիկ Աբրահամյանը խելքով ու բանականությամբ է շարժվում՝ համագործակցելով քաղաքացիական ու քաղաքական ուժերի հետ, բարելավելով երկրում առկա ծանր իրավիճակը, կա՛մ պատրաստվում է հաղթանակի դափնիները դեռ չվայելած՝ հայտնվել «իզգոյների» կողքին։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը