Լրահոս

18.04.2014 15:41


«Քեսաբի» ցուցադրությունը Վանաձորում

«Քեսաբի» ցուցադրությունը Վանաձորում

Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը երեկ «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ տեղի ունեցավ վավերագրող ռեժիսոր Նանե Բագրատունու «Քեսաբ» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը պատմում է Միջերկրական ծովի ափին գտնվող հին հայկական բնակավայր Քեսաբի պատմության ու ավանդույթների մասին:
Ֆիլմը նկարվել էր 2009-2010 թ.-երին, սակայն, ինչպես ցուցադրմանը հաջորդած քննարկման ժամանակ նշեց ֆիլմի հեղինակը, այն արդիական է հիմա, հատկապես հաշվի առնելով մամուլում Քեսաբի շուրջ առկա մեծածավալ ապատեղեկատվությունը: Բագրատունին մատնանշեց, որ ճանաչողությունը մեզ կմղի առավել ադեկվատ արձագանքելու այժմ տեղի ունեցող իրադարձություններին:
«Երբ ես առաջին անգամ եղա Քեսաբում, տեսա պատմության, գրականության մեջ ինձ հանդիպած պատմական Հայաստանը»,- իր խոսքում ասաց ֆիլմի հեղինակը:
Ցուցադրության շուրջ հարյուր մասնակիցների մեջ էին նաև նախկինում Քեսաբից Հայաստան հայրենադարձածներ, ովքեր պատմեցին Քեսաբի իրենց հիշողությունների մասին` հիշելով նաև հայրենադարձությունից հետո Սովետական Հայաստանում կրած զրկանքները:
Ֆիլմի դիտմանը ներկա էր նաև ամիսներ առաջ Քեսաբից Հայաստան տեղափոխված Ռիթա Մանճիկյանը, ով կիսվեց Սիրիայից իր ունեցած թարմ տեղեկություններով.
«Քեսաբցիները հույսով են, որ իրենց տները պետք է վերադառնան, այնտեղ այն տխուր վիճակը չէ, ինչպես բոլորը տպավորված են այստեղ»,- ասաց Ռիթան:
Ֆիլմի դիտմանը պետք է մասնակցեին նաև «Եռագոյն» արևմտահայ լրատվականի ներկայացուցիչները, ովքեր Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ առաջինն էին արձագանքել, մեզ ուղղված նամակում նրանք ևս իրենց լավատեսությունն են հայտնում քեսաբահայերի ճակատագրի վերաբերյալ.
«Քաջածանօթ ըլլալով քեսապցիի նկարագրին՝ համոզուած ենք, որ Քեսապի եւ քեսապցիներու ապրած այս դժուարին օրերը անցողիկ են. Որովհետեւ Քեսապը ազատագրելն ու ապահով դարձնելը կը բխի նաեւ Սուրիոյ իշխանութեան շահերէն, Սուրիական բանակը Քեսապը կը վերադարձնէ, իսկ միահամուռ կերպով իր դարաւոր հողին կառչած Քեսապահայութիւնը դարձեալ պիտի շէնացնէ իր սիրելի օրրանը»,- վստահություն է հայտնում «Եռագոյն»-ի ներկայացուցիչը:
Հավելենք, որ Նանե Բագրատունու «Քեսաբ» ֆիլմը ցուցադրվել է նաև Երևանում ու Գյումրիում, ֆիլմի հեղինակը նշեց, որ սա միայն առաջին մասն էր, և ֆիլմի մյուս մասերը դեռ պետք է ներկայացնեն հայկական Քեսաբը ներսից:

Այս խորագրի վերջին նյութերը